«Մաշտոցի պողոտայում այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով տասնյակ տուժած ոստիկաններ կան, տեղի է ունեցել քրեորեն պատժելի արարք: Դրսևորել է ագրեսիա, կհարուցվի քրեական գործ»,- այսօր Մաշտոցի պողոտայում կատարվածի մասին ասաց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ միջադեպի ժամանակ նաև դանակահարություն է տեղի ունեցել, կտրող-ծակող գործիքից ոստիկան է վնասվածք ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:
Պարոն Կարապետյանը դժվարացավ պատասխանել, թե բախման արդյունքում բացի ոստիկաններից կա՞ն նաեւ վիրավոր քաղաքացիներ․«Դեպքի վայրի զննություն է կատարվում, գիտեմ տուժածներ կան, ոստիկանների նկատմամբ ուժ են գործադրել, ոստիկանները ադեկվատ պատասխաններ չեն տվել»: Նա չբացառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելու հավանականությունը:
Երեւանի ոստիկանապետը նաեւ դժվարացավ նշել, թե քանիսին են բերման ենթարկել. «Թվաքանակ չեմ կարող ասել: Համենայնդեպս, օրենքը խստագույնս կլինի օրենքը խախտողների նկատմամբ և այսուհետեւ մենք բիրտ ուժ ենք կիրառելու, որովհետև սա արդեն իրավիճակ չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ