Aravot.am-ի հետ զրույցում «Ucom»-ի կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը վստահեցրեց, որ ընկերությունն այս պահին մտադրություն չունի Հայաստանում դառնալ բջջային կապի 4-րդ օպերատոր, սակայն նման ձայնային ծառայության հնարավորություն ընկերությունը միշտ էլ ունեցել է:
Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ «Ucom»-ին լիցենզիա է տրամադրել հանրային շարժական ինտերնետ կապի ծառայությունների մատուցման համար, ընկերությունը թույլատրություն է ստացել օգտագործելու է 801-811ՄՀց/842-852ՄՀց, հաղորդման (ընդունման) ռադիոհաճախականությունների հատվածը, որի միջոցով ընկերությունը մեկ տարվա ընթացքում ապահովելու է Երեւան քաղաքում եւ հարակից հիմնական համայնքներում լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ, իսկ 2 տարվա ընթացքում ապահովելու է ՀՀ միջպետական մայրուղիների, ինչպես նաեւ ՀՀ բնակավայրերի առնվազն 80%-ում լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթը:
Այն տեխնոլոգիան, որով ընկերությունը պետք է աշխատի, այսինքն՝ 4G-ին, նաեւ թույլ է տալիս բջջային ծառայություն մատուցել եւ ըստ պարոն Բարսեղյանի, հավանաբար սա է պատճառը, որ արդեն լուրեր են շրջանառվում, թե «Ucom»-ն ուզում է 4-րդ օպերատոր դառնալ:
«Ֆիզիկապես այս հաճախականությունը ունի հնարավորություն, չասենք ձայնային ծառայություն տալու, որովհետեւ այդ դեպքում ձայնային ծառայությունը ոչ մի ձեւով չի տարբերվում զուտ տվյալների փոխանցման ծառայությունից: Իսկ թե մենք ուզո՞ւմ ենք որպես 4-րդ օպերատոր հանդես գալ, թե` ոչ, հավատացնում եմ, որ մոտակա ծրագրերում նման մտադրություն չունենք»,-Aravot.am-ին վստահեցրեց ընկերության կոմերցիոն տնօրենը:
Իսկ հնարավո՞ր է 1 տարի հետո ընկերությունը մտքափոխվի եւ որոշի բջջային կապ տրամադրել, եւ արդյոք պատրաստվում է ընկերությունը նոր հեռախոսհամարներ ձեռք բերել, մեր այս հարցին էլ պարոն Բարսեղյանն ասաց, որ լիցենզիայում համարայինների շարք ներառված չէ. «Այս պահին նման մտադրություն չունենք, ունենք շարժական ինտերնետ տրամադրելու պլաններ, համարային շարք, որպես այդպիսին չունենք, որի միջոցով կարողանանք ձայնային տվյալներ տրամադրել»:
Թեեւ ընկերության տեխնոլոգիայով հնարավոր է, այսպես ասած` բջջային կապ տրամադրել, սակայն ընկերությունը համարներ ունենալու համար կրկին պետք է դիմի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Aravot.am-ի այն հարցին, որ հնարավո՞ր է մինչեւ 2015 թվականը շուկան ուսումնասիրեն եւ որոշեն նաեւ ձայնային ծառայություն տրամադրել, թե «Ucom»-ն է, մյուս օպերատորների պես կարծում է, որ շուկան արդեն հագեցված է, պարոն Բարսեղյանն ասաց. «Եթե դուք 1 տարի առաջ մեզ հարցնեիք` մտադրություն ունենք շարժական ինտերնետի կապի ծառայություն մատուցել, ես կասեի` ոչ: Իսկ շուկայի հագեցվածության մասին էլ, այո, ճիշտ եք, հագեցված է, բայց չեմ կարծում, որ շուկան որակապես էլ է հագեցված: Կարծում եմ` որակի առումով միշտ նոր մրցակցությունը ինչ-որ բան է բերելու: Ի վերջո մյուս «մոբայլ» օպերատորների կողմից այդ աժիոտաժը կապված է նրա հետ, որ բավականին լուրջ ներդրումներ են արել եւ հաջողություններ չունեն եւ մտավախություն կա, որ, եթե 4-րդը հայտնվի, ինչպիսին կլինի շուկայի վիճակը: Ինչ վերաբերում է շարժական ինտերնետին, ապա չեմ կարծում, թե շուկան հագեցած է, չկա այսօրվա ամենաբարձր որակի շարժական ինտերնետ, եւ կարծում եմ մենք ասելիք, այդ ուղղությամբ, ունենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ