Առանց Թուրքիային և Իրանին Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների մեջ ընդգրկելու Ղարաբաղի հարցը չի լուծվի, կարծում է ռուս լրագրող, ՌԴ հանրային պալատի անդամ Մաքսիմ Շևչենկոն:
«Նովոստի-Ազերբայջան»-ի հետ հարցազրույցում, հայտնելով իր տեսակետը Հարավային Կովկասի խաղաղ ապագայի մասին, Շևչենկոն ասել է, որ այն կապված է բոլոր վեճերը ռազմական եղանակով բացառելու հետ. «Մենք ականատես եղանք, թե ինչպես այդ հարցում սխալվեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը ենթադրում էր, որ իր երկու բրիգադները կօգնեն լուծելու այն հարցը, որի բոլոր խաղաքարտերը այնպես էլ իր ձեռքում էր: Հարավային Կովկասի համար ոչ մի ռազմական սցենար գոյություն չունի:
Սակայն պարադոքսն այն է, որ առանց ռազմական միջամտության որոշ հարցեր հնարավոր չէ լուծել: Այնպես որ, ինձ թվում է, որ պարզապես պետք է ստեղծել համապատասխան դաշնակիցների խումբ, որոնք շահագրգռված են հարցի կարգավորմամբ:
Կարծում եմ, որ առանց Իրանի ներգրավվածության և իրանա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման, Ղարաբաղի հարցը լուծելը բարդ է: ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությունները միայն ձգձգում են Ղարաբաղյան հարցի կարգավորումը: Այս հակամարտությունն ավելի հեշտ կլիներ լուծել տարածաշրջանային մակարդակում, սակայն ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Իսրայելը նման բան թույլ չեն տա, քանի որ նրանք այդքան էլ հետաքրքրված չեն դրանում:
Կարդացեք նաև
Տարածաշրջանային մակարդակն է՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը: Առանց Թուրքիային և Իրանին Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների մեջ ընդգրկելու Ղարաբաղի հարցը չի լուծվի:
Մեծ տերությունները կարող են կողքից հետևել, բայց վերջին 20 տարիները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն հետաքրքրված չեն այս հարցի կարգավորմամբ այնպես, որ այն հավասարապես բավարարեր և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի բնակչությանը:
Նույնիսկ ադրբեջանցիներին իրենց տարածքներ վերադարձնելու հարցը չկարողացան լուծել, նույնիսկ հինգ գրավյալ տարածքները վերադարձնելը չկարողացան ապահովել, նշանակում է, որ նոր հիմնարար ձևաչափեր է պետք», – ասել է ռուս հեռուստահաղորդավարը՝ կարծելով, որ Մաքսային միության անդամակցությունը կնպաստի Ղարաբաղյան հարցի կարգավորմանը:
Հավելենք, որ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան չի կարող ներգրավվել այս գործընթացում, քանի որ միշտ հանդես է եկել որպես կողմ՝ Ադրբեջանի հետ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ