«Հայկական շուկան շատ փոքր է եւ 3 խոշորագույն միջազգային օպերատորներ, որոնք ներկայացված են հայաստանյան շուկայում, դա մեր կարծիքով, օպտիմալ քանակությունն է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ucom» ընկերությանը 2015 թվականին բջջային կապի ծառայություն մատուցելու որոշմանն, ասաց «Արմենտել» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Մեր այն հարցին, թե հայկական փոքր շուկայում եւս մեկ օպերատոր ունենալն ու որպես մրցակից ինչ տեսակետ ունի «Արմենտելը», ընկերության մամուլի ծառայության ղեկավարն ասաց․ «Ելնելով միջազգային փորձից եւ ելնելով միջազգային չափանիշներից, մեզ համար զարմանալի էր, որ 4-րդ օպերատորն էլ ցանկություն հայտնեց աշխատել այս շուկայում: Բայց դա իր որոշումն է, մենք ուշադրությամբ եւ հետաքրքրությամբ կհետեւենք 4-րդ օպերատորի քաղաքականությանը եւ ներդրումներին: Հիմա դեռ որեւէ մեկնաբանություն անել կոմերցիոն եւ բիզնես ռազմավարության վերաբերյալ ճիշտ չենք համարում, քանի որ դեռեւս դա միայն հայտարարության փուլում է: Կսպասենք մինչեւ կառուցվի ցանց, մինչեւ պաշտոնական մուտքը տեղի ունենա, այնուհետ մենք կկարողանանք գնահատել բիզնես ռազմավարությունը, տեխնիկական պատրաստվածությունը եւ այլն»:
Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց` «Ucom»-ը նաեւ ֆիքսված կապի ծառայություն է մատուցում եւ դա որքանո՞վ է վտանգավոր «Արմենտելի» համար բաժանորդներ կորցնելու առումով, Անուշ Բեղլոյանն ասաց, որ ֆիքսված կապի ոլորտում վաղուց մենաշնորհ չկա եւ մեկ տասնյակի չափ ընկերություններ այդ ծառայությունը մատուցելու լիցենզիա ունեն, իսկ շուկան մրցակցային է եւ բնական է, որ ընկերությունները պետք է ունենան ինչ-որ քանակի բաժանորդներ. «Ֆիքսված կապի մեր բաժանորդների բազան այս պահին կայուն է, եւ փոփոխությունները ավելի քիչ են, քան համաշխարհային չափանիշներն այս ոլորտում: Ֆիքսված հեռախոսակապի ոլորտում համաշխարհային անկման չափանիշը կազմում է տարեկան 5%, այսինքն՝ աշխարհում ամեն տարի 5%-ով պակասում են բաժանորդները: Հայաստանում շատ փոքր է թիվը. որեւէ տարակուսանքի կամ արտասովոր երեւույթի հետ մենք չենք առերեսվում, այս պահին մտահոգություն չունենք, սա մրցակցային դաշտ է, նորմալ բիզնես մթնոլորտ է»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ