Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA կրթական-խորհրդատվական կենտրոնը սույն թվականի նոյեմբերի 4-ին իրականացրեց EducationUSA կրթական ցուցահանդեսը, որը Հայաստանում լայն հետաքրքրության է արժանացել ուսանողների և հետազոտողների շրջանում: Ցուցահանդեսի նպատակն էր լայն հասարակությանը իրազեկել EducationUSA կրթական-խորհրդատվական կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև, Միացյալ Նահանգներում ուսման, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություններին, տեղեկացնել ԱՊՀ երկրների ուսանողների և գիտնականների համար նախատեսված փոխանակման ծրագրերին ու կրթաթոշակներին:
Ցուցահանդեսից զատ մենք իրականացրեցինք աշխատաժողով հատուկ ընտրված լսարանի համար ԱՄՆ կրթական համակարգի վերաբերյալ: Աշխատաժողովի բացումն ազդարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Նենսի Տ. ՎանՀորնը, իսկ աշխատաժողովը վարեցին ԱՄՆ համալսարաններից Հայաստան ժամանած ներկայացուցիչները:
EducationUSA կրթական ցուցահանդեսին ԱՄՆ-ում գործող ներքոհիշյալ ԲՈւՀ-երից ժամանած ներկայացուցիչներն անձամբ իրականացրեցին խորհրդատվություն հայաստանաբնակ այցելուների հետ: Կրթական ցուցահանդեսի ընթացքում ստացած տեղեկատվությունը և ԱՄՆ-ի համալսարանների ներկայացուցիչների անմիջական խորհրդատվությունը հետայսու օգտակար կլինի ԱՄՆ-ում կրթությունը շարունակել ցանկացող մրցունակ ուսանողների և երիտասարդ գիտնականների համար:
EducationUSA կրթական ցուցահանդեսին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին ավելի քան 1200 այցելուներ, այս ցուցանիշը սպասելի էր, քանի որ կրթական ցուցահանդեսին մասնակցելու համար ներկայացված առցանց հայտերի քանակը ևս աննախադեպ էր: Հայտեր ներկայացվել են ոչ միայն մայրաքաղաքից, այլ նաև ՀՀ մարզերից:
Ինչպես նաև, միջոցառման ավարտին, ամերիկյան համալսարանների և Ամերիկյան Խորհուրդների ներկայացուցիչներն ընդունելության արժանացան ԱՄՆ դեսպանի առանձնատանը, որտեղ դեսպան Հեֆերնը ընդգծեց ՀՀ և ԱՄՆ կրթական ոլորտում մեծ ներդրում ունեցած այս ցուցահանդեսի կարևորությունը և իր ողջույնի խոսքը հղեց միջոցառման կազմակերպիչներին՝ միջազգային կրթության Ամերիկյան Խորհուրդների հայաստանյան ներկայացուցչությանը:
EducationUSA կրթական ցուցահանդեսին մասնակցած ԱՄՆ-ում գործող համալսարանների ցանկը.
American University of Armenia Foundation
Fairleigh Dickinson University
Florida Institute of Technology
Spring International Language Center
Stephen F. Austin State University
University at Buffalo, The State University of New York