Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց, թե իր պատկերացմամբ, նպաստային համակարգի վերացումից հետո ի՞ նչ վիճակ կստեղծվի Շիրակի մարզում, ի՞նչ մի աշխատատեղ է ստեղծել կառավարությունն այստեղ, որ շտապում է 18 հազար դրամ գումարը այլևս չվճարել` պատճառաբանելով, որ չի ուզում իր բնակիչները պորտաբուծությամբ զբաղվեն:
Մենք նաև շեշտեցինք այն փաստը, որ Գյումրու նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը գործ ձեռնարկելու համար յուրաքանչյուր ներդրողի առաջարկում է հողատարածք տրամադրել սիմվոլիկ գումարով` 1 քառ մետրը 1 դրամով, սակայն դրանով հանդերձ, գայթակղվող չկա:
Ի պատասխան մեր հարցի, ՀՀԿ-ականը հասկացրեց, թե այդ ինչպես է, որ հայ մարդը արտերկրում ինչ գործ ասես անում է, սակայն, հայրենիքում հրաժարվում է աշխատելուց: «Հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ մեր հայրենակիցները արտերկրում պատրաստ են ցանկացած պահի ձեռնամուխ լինել վերաորակավորման, պատրաստ են ցանկացած պահի ձեռնամուխ լինել նոր հմտությունների ձեռք բերման, պատրաստ են ձեռնամուխ լինել սեփական հոգեբանության վերաձևավորման, որպեսզի ունենան աշխատանք, իսկ մեր երկրում` անկախ կառավարության ձեռնարկներից, որոնք միտված են օրինակ…Մի կարճ օրինակ բերեմ, երբ 10 տարի առաջ սկսվեց օպտիմալացման ծրագիրը դպրոցներում, դուրս մնացած մանկավարժների համար զբաղվածության կենտրոնը կազմակերպեց վերաորակավորման դասընթացներ, որպեսզի, ասենք, մաթեմատիկայի մասնագետը վերաորակավորվեր որպես հաշվապահ և ունենար աշխատատեղ: Այսպիսի ծրագրերը բազմաթիվ են, իրականացվել են և իրականացվելու են, բայց կա հոգեբանական բարդույթ, որի հիմքում ես չեմ ասում, թե աշխատատեղից հրաժարվելն է ուղիղ իմաստով, այլ նախընտրելի թվացող կամ արդեն իսկ իրականացրած աշխատանքից մեկ այլ աշխատանքի անցնելու բարդույթը մեզ մոտ, չգիտես ինչու, վերածվում է լուրջ խոչընդոտի:
Ասածիս հիմքում այն է, որ մեր քաղաքացիներից շատերը գերադասում են մնալ նպաստառուի կարգավիճակում, քան անցնել վերաորակավորման կամ սեփական նախաձեռնությամբ, սեփական ուժերով ձեռք բերել հմտություններ և գտնել աշխատատեղ: Եվ ամենակարևորը` ոչ սոցիալական զամբյուղին բավարարող աշխատանքից հրաժարվել և ստանալ նպաստ: Առաջարկը, որ արվել է կառավարության կողմից, երկու երես ունի, մեկը` վերացնում ենք նպաստառու հասկացությունը առանձին հատվածներում և փոխարենը առաջարկում ենք աշխատանքի փնտրտուքի ակտիվացում, վերաորակավորում, սեփական ուժերի նկատմամբ հավատի կամ վստահության վերանայում: Նախարարը իր խոսքում հստակ նշեց, որ այն գումարը , որը ստանալու է նպաստառուն , առանձին հաշվով ծախսվելու է էն նպատակի վրա, որը միտված է ընդհանուր զբաղվածության բարձրացմանը, ծրագրերի զարգացմանը», -կառավարության որոշումը այսպես արդարացրեց Սահակ Մինասյանը:
Կարդացեք նաև
Իսկ համատարած աղքատության ֆոնի վրա ՀՀԿ կառույցի ղեկավարը ինչպե՞ս է վերաբերում պաշտոնյաների, պատգամավորների աշխատավարձերի բարձրացմանը. չէ՞ որ նրանցից շատերը օլիգարխներ են, թաղված են միլիոնների մեջ: «Որպես հակադրում ձեր հարցին, ասեմ, որ մենք ունենք պատգամավորներ, որոնք չունեն ընտանեկան բիզնես ու ունեն նվազագույն աշխատանքի պայման: Այսինքն, դիտարկել քաղաքական գործչի աշխատավարձը այս տեսակետից` մասնավորեցնելով առանձին անձանց հետ, ես սխալ եմ համարում: Բայց, ընդհանուր առմամբ, պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման առումով շատ կարճ մի օրինակ բերեմ. Շվեդիայում, որի տնտեսական նկարագիրը չեմ տալիս հիմա. քաջ հայտնի է բոլորիս, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման առաջին քայլերից մեկը տասնամյակներ առաջ էական նշանակություն է ունեցել և անմիջապես նախաձեռնվել է այն պարագայում, երբ ոստիկանապետերից մեկը ձերբակալվել է կաշառակերության համար: Այսինքն, եթե մենք ուզում ենք ցանկացած ստվերային դրսևորումների, կոռուպցիոն մոտեցումների դեմ էապես պայքարել, մարդուն, ով ուզում է պետականամետ մտածելակերպով հոգացավ աշխատանք տանել` ի շահ մեր երկիր բարօրության, առնվազն ապահովելու ենք նորմալ սոցիալական պայմաններով»:
Մեր դիտարկմանը, թե կան մարդիկ, որոնք դրա կարիքը չունեն, իրենք իրենց արդեն ապահովել են, Սահակ Մինասյանը նորից կրկնեց այն միտքը, թե առանձին անձանց սոցիալական վիճակը հիմք չի կարող հանդիսանալ համակարգային մոտեցումների համար: «Դուք համոզվա՞ծ եք, որ հաջորդ գումարման նստաշրջանում մենք կունենանք ավելի ապահովված սոցիալական պայմաններով պատգամավորներ: Ես համոզված չեմ և ես հակված եմ մտածելու` որպես քաղաքացի և մտավորական, որ մենք էապես երիտասարդացած և առավել առաջադեմ կազմ կունենանք հայոց նոր խորհրդարանում», -ասաց մեր զրուցակիցը` նշելով, որ արդեն իսկ սկսվել է սերնդափոխությունը, պետական պատասխանատու պաշտոնները վստահում են երիտասարդներին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Պարոն Սահակյան, Հայաստանում գործազրկության հետևանքները վերացնելու համար, ստեղծեք աշխատատեղեր, Բարեփոխեք հարկային և բանկ- վարկային դաշտը, գողությունն ու աղքատությունը վերացնելու համար, նորից աշխատատեղեր ստեղծեք և բարձր աշխատավարձ սահմանեք: Շվեցարիայում աշխատատեղեր կան, կա կայուն և բարձ աշխատավարձ, դրա համար էլ վերավորակավորումը դիտվում է որպես առաջընթացի հնարավորություն: Իսկ Հայաստանը շա~տ հեռու է Շվեցարիայի հետ համեմատվելուց: Լավ է աղքատության նպաստ ստանալ, քան թե 30-40 000 դրամով քոծություն անել ուրիշների համար:
Այ մարդ, նորից Սահակյան գրեցի, Մինասյանի փոխարեն, թե ի՞նչու է էսպես մեջս տպավորվել չգիտեմ