Նոյեմբերի 5-ի նիստում «Տաթեւի» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատեց «Տաթեւի» վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման սխեմայի նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն ընդգծեց պետության կողմից իրականացվող բազմաֆունկցիոնալ քաղաքաշինական այս ծրագրի կարեւորությունը, որը հնարավորություն կստեղծի տեղացի եւ օտարերկրյա ներդրողներին` լայնածավալ եւ հեռանկարային շինարարական ծրագրերի համար: «Տաթեւի» զբոսաշրջային կենտրոնի նախագիծը լավագույն օրինակ կարող է դառնալ պետություն-մասնավոր հատվածի գործակցության համար, կկանոնակարգի մասնավոր ներդրումային ծրագրերը` համապատասխանեցնելով պատմամշակութային հուշարձանի չափանիշներին”,- նշեց պարոն Թադեւոսյանը:
Նախագծի հեղինակները ներկայացրեցին կարգավորման գոտու նախագիծը, որով առանձնացվել են հիմնական գործառնական գոտիները: Ազգային մրցունակության հիմնադրամի եւ <<Տաթեւ>> բարեգործական հիմնադրամին ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ առաջիկայում հանձնաժողովին կներկայացնեն միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը` կարգավորման այս գոտու զբոսաշրջային զարգացման միտումների վերաբերյալ:
Հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը հայտարարելով «Տաթեւի» զբոսաշրջային կենտրոնի մասին, միաժամանակ սահմանեց` այդ նպատակի համար ծրագրեր իրականացնել Տաթեւ վանական համալիրի պահպանական գոտում եւ հարակից տարածքներում: «Տաթեւի» զբոսաշրջային կենտրոնն ընդգրկում է «Տաթեւի» վանական համալիրը եւ հարակից` Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթեւի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի եւ Բարձրավանի գյուղական համայնքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ