Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղին գլխարկներով ավանակներն՝ ընդդեմ օլիգարխի (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2013 17:32

esher_2 esher_1 Այսօր հերթական զավեշտալի իրադարձությունը եղավ Մաշտոցի պուրակում: «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության հերթական ակցիայի ժամանակ՝ ակտիվիստների խորհրդանիշ դեղին գլխարկներով մի խումբ երիտասարդների ուղեկցությամբ ավանակները միացան ակցիային: Սա, իհարկե, առաջին դեպքը չէր, երբ կենդանիներն էլ էին պայքարում օլիգարխի դեմ: Օրեր առաջ դեղին գլխարկներով այծերն ու ոչխարներն էին միացել ակտիվիստներին:

Ավանակներին ուղեկցող երիտասարդներից մեկը, որը ներկայացավ Կարեն Գեւորգյան, լրագրողների հետ զրույցում ասաց. «Հեռուստացույցով տեսանք, որ դեղին գույնի գլխարկներով պայքարում են օլիգարխի դեմ՝ մենք էլ միացանք իրանց»:


Aravot.am-ի հարցին՝ ինչ են սպասում, ի վերջո իրենց պայքարից, արդյոք հույս ունե՞ն, որ Փակ շուկան կքանդվի և կվերադարձվի նախկին տեսքին, «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանն ասաց, որ դա հույս չի, այլ իրենց գործունեության արդյունքը դա կլինի: Եվ որ առաջիկայում դատական գործընթաց կսկսեն այս հարցով: Չուգասզյանի տպավորություններն իրենց միացած ակտիվիստների մասին՝տեսանյութում

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ, որը համակարգում է ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի ակցիաները, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ապշած է եղածից ու հայտարարեց, որ այն, որ պայքարում ներառում են արդեն կենդանիների` նախորդ անգամ ոչխարներ ու այծեր, այս անգամ ավանակներ, տպավորություն է թողնում, որ փորձում են ապահովել բազմամարդությունը:

«Գիտենք, որ կենդանիներին ակցիաների մասնակից դարձնելը պատժվում է ՀՀ օրենսդրությամբ և կարծում եմ, որ մեր ոստիկանությունը անհրաժեշտ հետևությունները կանի: Երևանի կենտրոնը, ի վերջո, կրկես չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանությանը հորդորում է ուշադրություն դարձնել օրենքի այդ խախտման վրա:

Հետաքրքիր էր, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները շատ արագ եւ բոլորի համար անսպասելի հեռացան պուրակից: Պուրակում մնացին կենդանիները՝ իրենց ուղեկցող երիտասարդների հետ, ոստիկաններն ու լրագրողները: Լրագրողները միմյանցից էին փորձում ճշտել՝ թե ի՞նչ է լինելու հետո:

Լրագրողները ավանակներին ուղեկցող երիտասարդներից փորձեցին հասկանալ՝ իրենք ինչ են պատրաստվում անել, տեղյա՞կ են, թե ուր գնացին ակցիայի կազմակերպիչները: Հարցին՝ իրենց հետ համաձայնեցրել ե՞ք ձեր այստեղ գալը, երիտասարդներից մեկը սրտնեղեց. «Ոչ: Ոնց թե՞ համաձայնեցրել: Իրենք կոչ էին անում միանալ, պայքարել, մենք էլ միացանք»: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ են մտադիր անել: «Պայքարեն՝ ինչքան որ պետքն ա»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ այն ակտիվիստները, որոնց իրենք պատրաստվում էին միանալ ու պայքարել, հեռացել են, իրենք ի՞նչ են մտադիր անել, երիտասարդն ասաց, որ իրենք շարունակելու են պայքարել ու սրտնեղեց. «Մեզ կոչ են անում միանալ իրանց, իրանք փախնո՞ւմ են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930