Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սահակյան. «Ինչո՞ւ ուրեմն հենց Սուրիկ Խաչատրյանն է կրակել և ոչ մեկ ուրիշ անձ»

Նոյեմբեր 05,2013 16:29
Ruben Sahakyan

Երեկ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հարց էր բարձրացրել, թե «Ավետիք Բուդաղյանի վրա վերեւից ներքեւ ուղղությամբ կրակողը, եթե Սուրիկ Խաչատրյանը չի եղել, բա ո՞վ եղել»:   Այնուհետև պարզաբանել էր, թե «Վնասվածքի ուղղությունը եղել է վերեւից ներքեւ: Դա դատաբժիշկն է ասել, ես չեմ ասել»:

Հակառակ կողմի փաստաբանների այն դիտարկմանը, թե դրանք ենթադրություններ են, Հայկ Ալումյանն այսպես էր արձագանքել. «Իմ ենթադրությունները, ի տարբերություն իմ կողմից շատ հարգված Մարտին Զիլֆուղարյանի եւ Ռուբեն Սահակյանի, հիմնված են գործի նյութերի վրա: Ես դեռ չեմ նկատել՝ գործի ո՞ր նյութերի վրա են իրենք իրենց համոզմունքները հիմնում, եթե իմը ենթադրություն է»:

Խաչատրյանների փաստաբան Ռուբեն Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հետևյալը. «Քրեական գործում չկա փորձագետի եզրակացություն, որ Ավետիք Բուդաղյանի վրա կրակել են վերևից: Հայկ Ալումյանը ճիշտ չի ասում: Ենթադրությունները իրավական կատեգորիա չեն, դրանք միշտ մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի` այդպես գրված է քրօրի 18-րդ հոդվածում, որը պարզաբանում է անմեղության կանխավարկածը: Ալումյան Հայկը` իմ հարգելի կոլեգան, մանիպուլյացիաներ է անում փաստերով: Ես վաղուց նկարագրել եմ, թե ինչը ինչոց է: Ալումյանը փաստերը մեկը մյուսից, համատեքստից կտրված է ներկայացնում: Եթե փորձագետի եզրակացության մեջ գրված է վերքային խողովակն ունի վերից վար ուղղություն, ապա նա ասում է, որ վերևից են կրակել, ուրեմն հենց Սուրիկ Խաչատրյանն է կրակել: Ինչո՞ւ ուրեմն Սուրիկ Խաչատրյանը և ոչ մեկ ուրիշ անձ, դրանք բոլորը ենթադրություններ են, չէ՞»:

Մեր այն դիտարկմանը, թե Հայկ Ալումյանը հղում է անում փորձագետի եզրակացությանը, պարոն Սահակյանն այսպես արձագանքեց. «Եթե Հայկ Ալումյանն ասում է, թե փորձագետն ասում է, որ Ավետիք Բուդաղյանի վրա կրակել են վերևից, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման եզրակացություն փորձագետները չեն տվել: Հայկ Ալումյանն ուզում է ցույց տալ, որ նախաքննական մարմինը սխալ է վարվել`կարճելով Տիգրան Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի մասով քրեական գործը,`դադարեցնելով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930