Երեկ երեկոյան ժամը 21:35-ի սահմաններում մոտ 20-30 րոպե Կապան ու Քաջարան քաղաքները մնացել էին առանց էլեկտրականության:
Հոսանքազրկման մասին բնակիչները նախապես տեղեկացված չէին եւ միմյանց զանգելով էին փորձում որեւէ տեղեկություն իմանալ: Ոչ մեկը չգիտեր թե ինչո՞ւ են բնակավայրերն առանց էլեկտրականության մնացել եւ ինչքա՞ն ժամանակով: Պարզվում է, որ հոսանքազրկման պատճառը չգիտեին նաեւ «Հայէլցանց» ՓԲԸ Տաթեւի մասնաճյուղում, համենայնդեպս, այս կառույցից մեզ վստահեցրին, որ իրենք նույնպես տեղյակ չեն, էլեկտրականությունը մասնաճյուղից չի անջատվել, իսկ վերադաս համակարգից էլ որեւէ տեղեկություն չեն տրամադրել իրենց: «Հայէլցանց» ՓԲԸ Տաթեւի մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Վարազդատ Պապյանը նշեց, որ երեկ երեկոյան հոսանքազրկվել էին ոչ միայն Կապան ու Քաջարան քաղաքները, այլեւ՝ ողջ Սյունիքի մարզը: Իսկ թե իրականում ի՞նչն է եղել հոսանքազրկման իրական պատճառն, այս պահին թերեւս անհայտ է մնում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ