Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի և նույն կազմակերպության միջազգային կոմիտեի պատվիրակ Մաթիաս Վենրիխի հետ։
Հյուրերը քաղաքապետին են ներկայացրել Հայաստանում և մասնավորապես Երևանում իրենց գործունեության ուղղվածությունը, որը հակամարտությունների հետևանքով տուժած ընտանիքներին տարաբնույթ, այդ թվում նաև հոգեբանական աջակցությունն է։
Ողջունելով հյուրերի առաքելությունը տարածաշրջանում՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում, մասնավորապես՝ սահմանամերձ շրջաններում իրականացվող տարբեր միջոցառումների, մարդասիրական իրավունքի և մարդասիրական համընդհանուր սկզբունքների ամրապնդմանն ուղղված գործունեության համար։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով անհայտ կորածների ընտանիքների հետ համատեղ մշակված հուշարձան կառուցելու մտահղացումը և դիմել է քաղաքապետին՝ տարածքի տրամադրման հարցով։
Կարդացեք նաև
«Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել մարդասիրական համընդհանուր արժեքներին ուղղված ձեր գործունեությանը։ Երևանի գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ հարցը կքննարկվի, ինչից հետո լավագույն տարբերակները կքննարկենք համատեղ»,- նշել է Երևանի քաղաքապետը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն