Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում տեղեկացվեց վաղը «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում կայանալիք դաշնամուրային երեկոյի մասին: Հանդիսատեսին կներկայանան սպասված անուններ՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ Սոֆյա Մելիքյանը (ԱՄՆ) եւ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը:
Հաճախ չէ, որ մեզանում հնչում են ստեղծագործություններ՝ գրված 4 ձեռքի համար: Երեկոյի ընթացքում դաշնակահարները բացի սոլո համարներից կներկայացնեն Բախի, Դեբյուսիի եւ Ռախմանինովի դաշնամուրային ստեղծագործությունները 4 ձեռքի համար: Ոչ հաճախ նման ստեղծագործություններին անդրադարձը Հայկ Մելիքյանի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը «արդարացրեց» երեւանյան համերգասրահներում երկու բարձրորակ ռոյալների բացակայությամբ:
Մենեջերն ասաց նաեւ, որ այս համերգի իրականացման համար պահանջվել է մեկուկես տարի: Նրա խոսքերով՝ «Նույն ազգանունը կրող երաժիշտները ազգակցական կապ չունեն, սակայն նրանց երկուսին միավորում է դաշնամուրին վիրտուոզ տիրապետելը»: Ալեքսանդր Հակոբյանը հավաստիացրեց, որ համերգին ներկա հանդիսատեսը իսկապես կշփվի բարձր արվեստի հետ:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ