Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա ներդրումները նվազել են (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2013 15:17

2012 թվականին օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է, իսկ այս տարվա տվյալները «Զարգացման հայկական գործակալությունը» չունի:

Այսօր պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե որքանո՞վ են նվազել օտարերկրյա ներդրումները եւ ի՞նչ պատճառներով, գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն ասաց` «Այո, նվազել են, 2012 թվականի տվյալներով, մոտ 500 միլիոն դոլարի կարգի, 2011-ի 600 միլիոնի փոխարեն: Մենք դա բացատրում ենք նրանով, որ ծրագրերը մոտենում են ավարտին, կամ ավարտվել են: Այս պահի դրությամբ կառավարությունում քննարկվում է ներդրումային քաղաքականությունը, որով մշակվում է գործիքակազմը նոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ»:

Մեր այն ճշտող հարցին, թե բոլոր ծրագրերի ժամանակն է ավարտվել, թե՞ եղել են այնպիսի օտարերկրյա ներդրումային ծրագրեր, որոնք հարկային կամ այլ խնդիրների պատճառով պարզապես կիսատ են թողել, պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ որեւէ խոշոր ներդրումային ծրագիր կիսատ չի մնացել:

Այսօր «Նոյյան տապան» ակումբում պարոն Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց Ստրասբուրգում հոկտեմբերի 29-30-ին հայկական գինու եւ կոնյակին նվիրված միջոցառման արդյունքները, որոնք գործակալության ղեկավարի գնահատմամբ, բավականին հաջողված էին եւ նույնիսկ շատ ֆրանսիացիներ հայկական կոնյակը լավ ճանաչում էին ու նշում, որ այն ֆրանսիական որոշ կոնյակներից էլ լավն է: Իսկ գինիների մասով էլ, պարոն Հարությունյանն ասաց, որ 11 ընկերությունների արտադրություն է ներկայացվել, որոնց մեջ եղել են տարբեր տեսակի գինիներ:

Գործակալության պետի ներկայացմամբ` այս տարի Շանհայում եւ Ռուսաստանում եւս կազմակերպվելու են հայկական գինու եւ կոնյակի համտեսներ:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք չինական շուկան կարո՞ղ է ռուսականին այլընտրանք լինել, որպեսզի հայկական գինիներն էլ չընկնեն վրացական գինիների օրը, որոնք քաղաքական պատճառներով որոշակի ժամանակ արգելվել էին Ռուսաստան ներմուծել: Այս առնչությամբ պարոն Հարությունյանն ասաց. «Չինական շուկան շատ կարեւոր է մեզ համար եւ շատ կարեւոր է դիվերսիֆիկացնել արտահանման երկրները: Այո, արտահանման նոր շուկաներ ունենալով, մենք ապահովագրում ենք ռիսկերն այլ շուկաներում»: Բացի այս, ըստ գործակալության տնօրենի, նոր շուկաները ենթադրում են նաեւ արտադրության ընդլայնում, որն էլ նոր ներդրումներ է պահանջում, իսկ հայկական շուկան փոքր է. «Եվ եթե դու խոշոր արտադրություն ես ուզում հիմնել հայկական շուկայի վրա հիմնվելով, անիմաստ է»:

Պարոն Հարությունյանի պատասխանի մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930