Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրքիան կարևոր է մեզ համար»

Նոյեմբեր 05,2013 15:12

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Թուրքիայի Հանրապետության 90 տարին. Աթաթյուրքից` Էրդողան» խորագրով միջազգային գիտաժողովը:

Բացման խոսքով հանդես եկավ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանը, որն իր ուրախությունն արտահայտեց այն կապակցությամբ, որ գիտաժողովին մասնակցում են թուրքագետներ, պատմաբաններ, միջազգայնագետներ, բանասերներ, փիլիսոփաներ ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից և Թուրքիայից:

Խոսելով գիտաժողովի նպատակների մասին` Ռ. Սաֆրաստյանն ասաց. «Գիտաժողովը փորձել ենք կազմակերպել այնպես, որ հնարավոր լինի անդրադառնալ Թուրքիայի Հանրապետության 90-ամյա պատմությանը, ներքին և արտաքին քաղաքականության հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին և ներկա քաղաքական զարգացումներին վերաբերող հիմնախնդիրներին: Իհարկե, մի գիտաժողովը հնարավորություն չի տա խորությամբ անդրադառնալու մեր հարևան երկրի բոլոր այն խնդիրներին, որոնք առկա են, սակայն ես հույս ունեմ, որ այն գոնե ինչ-որ չափով լույս կսփռի որոշ հարցերի վրա: Թուրքիան կարևոր է մեզ համար ոչ միայն այն պատճառով, որ հարևան երկիր է, այլև մեր ժողովրդի և՛ պատմության, և՛ ներկայի խնդիրներն ավելի լավ հասկանալու առումով»:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, որը, կարևորելով գիտաժողովի անհրաժեշտությունը, իր համոզումը հայտնեց այն մասին, որ անկախ քաղաքական հարաբերություններից` հարևան երկրների հարցերը պետք է լուծվեն գիտականորեն:

ԵՊՀ դասախոս, պ.գ.թ. Ալեքսանդր Սաֆարյանի խոսքերով` 80-90-ական թվականներին Հայաստանում մատների վրա կարելի էր հաշվել այն մարդկանց, որոնք գիտական կոչում ունեին և քիչ թե շատ տիրապետում էին թուրքերենին: «Իսկ այսօր մենք ունենք մի պատկեր, որի մասին չէինք էլ կարող երազել երկու-երեք տասնամյակ առաջ: Մեզանում թե՛ օսմանագիտությունը, թե՛ թուրքագիտությունը ներկայացվում են պատշաճ մակարդակով»,- ասաց Ա. Սաֆարյանը:

Այնուհետև զեկուցումներով հանդես եկան Եվգենի Բախրևսկին (ՌՀՌԻ, Ռուսաստան), Էղեմեն Բ. Բեզջին (Սաքարիայի համալսարան, Թուրքիա), Ալեքսանդր Սաֆարյանը (ԵՊՀ, Հայաստան), Անուշ Հովհաննիսյանը (ԳԱԱ ԱԻ), Տիգրան Թումանյանը (Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, Ռուսաստան), Քըվամ Քադիրը (Էրջիյես համալսարան, Թուրքիա) և ուրիշներ:

Նշենք, որ գիտաժողովը կտևի մինչև նոյեմբերի 6-ը, իսկ գիտաժողովի նյութերը կհրատարակվեն առանձին ժողովածուով:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930