Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը
Ծածկած շուկայի վերականգնման պայքարի առաջին իսկ օրերից պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և նրա շրջանակի անձինք պարբերաբար սպառնում և հետապնդում են «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության միջոցառումներին մասնակցող քաղաքացիներին:
Նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել Նախախորհրդարանի և «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանն ու նրա ընտանիքի անդամները:
Մասնավորապես՝ ս.թ. նոյեմբերի 2-ին, անձամբ Ս. Ալեքսանյանը մի խումբ անձանց հետ ոտքով և ավտոմեքենաներով Կ. Եղնուկյանին և նրա ընտանիքի անդամներին Մաշտոցի պողոտայից հետապնդել են մինչև Զաքյան փողոց, որտեղ գտնվում է Կ. Եղնուկյանի բնակարանը:
Կարդացեք նաև
Ս.թ. նոյեմբերի 4-ին Կ. Եղնուկյանին և նրա ընտանիքի անդամներին հետապնդել են Ս. Ալեքսանյանի շրջանակի 6-7 անձինք՝ L3101 և 29LO026 համարանիշներով տաքսի, 10UD100 համարանիշով «Ֆոլկսվագեն տուարեգ» մակնիշի, 10UD010 համարանիշի «Հյունդայի» և «Մերսեդես CLK» մակնիշի մոխրագույն (համարանիշը չի ֆիքսվել) ավտոմեքենաներով:
Հետապնդումը շարունակվել է նույնիսկ այն բանից հետո, երբ Կ. Եղնուկյանի կանչով ոստիկանությունը ժամանել է և ճշտելով հետապնդող ավտոմեքենաների համարանիշները՝ հեռացել:
Բոլոր հետապնդողներին Կ. Եղնուկյանը և նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության ակցիայի մասնակիցները և նրանց ուղեկցող ոստիկանները դեմքով ճանաչում են: Դրանք նույն անձինք են, որոնք մշտապես ուղեկցում են նախաձեռնության երթերի մասնակիցներին և պարբերաբար փորձում են բախումներ հրահրել:
Հետապնդողների սանձարձակ վարքը և ոստիկանության անտարբերությունն ու անգործությունը հիմնավոր կասկած են առաջացնում, որ ոստիկանությունը և մյուս իրավապահ մարմինները հովանավորում են Ս. Ալեքսանյանին և նրա շրջանակի անձանց: Այս մասին են վկայում, մասնավորապես, իր և իր ընտանիքի անդամների անվտանգության ապահովման վերաբերյալ Կ. Եղնուկյանի բազմաթիվ դիմումների անհիմն կերպով մերժումը, ինչպես նաև ոստիկանության պետի կանխակալ ու ոչ իրավաչափ հրապարակային դիրքորոշումը հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան Ծածկած շուկան հանցավոր գործողություններով վնասելու դեպքի վերաբերյալ:
Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է, որ մեր ժողովրդի կամքի վերահաստատումից հետո քրեական օլիգարխիայի ու նրան ծառայող իրավապահ համակարգի հանցավոր գործակցությունը դադարեցվելու է, իսկ մեր երկիրը կեղեքած և օրենք խախտած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: