Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Բերբերյան. «Ես էլ լսել եմ, որ ցեցերը գյուղնախարարությունում են» (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2013 14:54

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե գյուղնախարարությունը մեղադրում է, որ կարտոֆիլի ցեցը դուք եք բերել, «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը հակադարձեց` ես էլ լսել եմ, որ ցեցերը գյուղնախարարությունում են: Այսօր «Արմատ» ակումբում կազմակերպված ասուլիսում, որին մասնակից էր նաեւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ասաց` «Փաստորեն, պետական մարմիններն արդեն բացահայտ ասում են, որ չեն աշխատում, եթե ցեցը եկել մտել է Հայաստան: Եթե անգամ պարոն Բերբերյանը ցեցը բերել է, ուրեմն սահմանի վրա ոչ մի հսկողություն չկա»:

Պարոն Բերբերյանը համոզմունք հայտնեց, որ Վրաստան արտահանվող հայկական կարտոֆիլի շուրջ օրերս ստեղծված աղմուկն «արհեստածին» է եւ ինչ-որ մի օլիգարխի ձեռքի գործը, որպեսզի գյուղացու կարտոֆիլի գներն իջնեն, բայց թե ում` Հրաչ Բերբերյանն անուններ չտվեց: Ըստ նրա, «Հնարավոր է արտադրվող կարտոֆիլի մեջ 3-5 տոկոս խոտան էլ լինի, բայց խոսքը գնում է այն կարտոֆիլի մասին, որը փորձել են էժան առնել արտահանել»:

Բաբկեն Պիպոյանի խոսքերով, եթե կարտոֆիլի մեջ վնասատու էին հայտնաբերել, ապա «պետական մարմինները պետք է պետական մոտեցում ցուցաբերեին եւ պարզեին՝ կարանտին վնասատուն իսկապես կա, թե՝ չկա եւ եթե կա, ապա հրատապ ծրագիր մշակեին ու գնային այդ վնասատուի դեմ պայքարելու»: Ըստ նրա, գյուղացին միայնակ չի կարող պայքարել ցեցի դեմ:

Հրաչ Բերբերյանը  կարտոֆիլի մշակմամբ զբաղվող գյուղացիներին կոչ արեց խուճապի չմատնվել եւ վստահեցրեց, որ կարտոֆիլի գները չեն իջել եւ դեռ մի բան էլ բարձրանալու են. «Ով փորձի խոչընդոտել գյուղացուն, մեր թշնամին է, կարտոֆիլի գինը կայուն է: Չի կարելի երկու թափթփուկի պրոպագանդայի տակ ընկնել: Քանի որ գյուղացին օրենքով պաշտպանված չէ, թալանում են նրան, խաղողն ընդունում են փողը չեն տալիս»:

Պարոն Պիպոյանը գտնում է, որ այն ինչ այսօր հայտարարեց Բերբերյանը, պետք է անեին պետական մարմինները, մինչդեռ նրանք հերքում են կարտոֆիլի ցեցի առկայությունը` ասելով, որ հայկական կարտոֆիլի հակագովազդը քաղաքական ենթատեքստ ունի. « Երբ հիվանդությունը հերքենք, նշանակում է չուզենալ պայքարել հիվանդության դեմ»,-ասաց Բ. Պիպոյանը:

Մասնագետի խոսքերով, պետության վարած սխալ քաղաքականության հետեւանքով այս էլ որերորդ անգամ այս կամ այն հայկական ապրանքատեսակի համար արտերկրում շուկա է փակվում` չնայած նրան, որ անվտանգության սերտիֆիկատ են ունեցել: «ԱՄՆ-ում արտահանվող հայկական պանիրի շուկան փակվեց, Վրաստանում կարտոֆիլինն են փակում, Ռուսաստանը ձկնամթերքի շուկան է փակում»:

Բաբկեն Պիպոյանի խոսքերով, երբ անցյալ տարի Վրաստանից հայկական կարտոֆիլի  հերթական խմբաքանակը հետ տվեցին, պետական մարմինները հայտարարություններով հանդես եկան ու «Վրաստանի վրա մատ թափ տվեցին», սակայն «ոչինչ էլ չարեցին»:

«Կարանտին վնասատուն առաջին հերթին տնտեսությանն է վնաս տալիս: Այսպես մանր մունր բաների վրա աչք ենք փակում, մեկ էլ, մի օր, որ այդ ապրանքով ինքնաբավ էինք, դառնում ենք ներկրող»,-նկատեց պարոն Պիպոյանը:

Նրա խոսքերով, ներկայումս հայկական պտուղ բանջարեղենի մասով ոչ մի մոնիթորինգ  չի իրականացվում, ասենք, օրինակ` դեղձի մեջ ծանր մետաղներ կա՞, թե՝ ոչ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930