Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՄ անդամները որեւէ պարտավորություն չեն ստանձնել ՀՀ շահերին հակասող գործողություններից ձեռնպահ մնալու վերաբերյալ

Նոյեմբեր 05,2013 14:12

Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը կորցնելու է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը ԼՂ կարգավորման գործընթացում

– ՀՀ իշխանությունները՝ ի դեմս փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, նշում են, որ Ասոցացման համաձայնագիրը շարունակում է մնալ ԵՄ-Հայաստան բանակցությունների օրակարգում, եւ պաշտոնական Երեւանը աշխատում է փաստաթուղթը «իրավական առումով նորոգելու ուղղությամբ»: Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում ԵՄ-ի հետ Ասոցացման գործընթացը շարունակելու:

– Սեպտեմբերի 3-ից սկսած՝ տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացառում են Ասոցացման պայմանագիր ստորագրելու հնարավորությունը: Մինչ այդ Հայաստանն ուներ Վրաստանի եւ Մոլդովայի հետ միասին հարաբերությունների նույն մակարդակը ԵՄ-ի հետ: Այդպիսով, ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարող էին որակապես ավելի բարձր մակարդակի հասցվել, քան Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները, ինչը դրական կազդեր թե ԼՂ հակամարտության կարգավորման, թե Հայաստանում ժողովրդավարացման գործընթացների վրա: Այժմ առավելագույնը դեկլարատիվ բնույթի ինչ-որ հռչակագիր կարող է ստորագրվել:

– Հոկտեմբերի 24-ին Հայաստանը պարտավորվեց ձեռնպահ մնալ Մաքսային միության շահերին հակասող որեւէ հայտարարությունից եւ գործողությունից, այս մասին արձանագրվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների խորացման մասին Մինսկում ստորագրված հուշագրում: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ վերոնշյալ պարտավորությունը Հայաստանի համար՝ այլ երկրների հետ փոխհարաբերություններում:

– Այս հարցով մի տեսակ լրացրեցինք նախորդ հարցը. հոկտեմբերի 24-ին ստանձնած պարտավորությունը նաեւ բացառում է Ասոցացման պայմանագիր ստորագրելու հնարավորությունը: Նախեւառաջ, ՄՄ-ին միանալը բացառում է դրա անդամը չհանդիսացող որեւէ երկրի հետ ազատ առեւտրի պայմանագիր ունենալու հնարավորությունը: Բեռնափոխադրումների սակագների եւ այլ խնդիրների հետ կապված բարդություններ կարող են առաջանալ: Բացի այդ, Ռուսաստանում է որոշվելու, թե ինչ է նշանակում «Մաքսային միության շահերին հակասող  գործողություն», այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանությունն է՛լ ավելի է սահմանափակվում: Առավել վտանգավոր է այն, որ Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերություններում կարող են բացասական փոփոխություններ տեղի ունենալ: Եվ միաժամանակ` Մաքսային միության անդամները որեւէ պարտավորություն չեն ստանձնել Հայաստանի շահերին հակասող գործողություններից ձեռնպահ մնալու վերաբերյալ:

– Առհասարակ՝ Ռուսաստանի վերջին ինտենսիվ ինտեգրացիոն քաղաքականությունը ի՞նչ հեռանկարներ ու նպատակ է հետապնդում: Տարածաշրջանում Հայաստանում ռուսական ինտեգրացիոն պրոցեսները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ:

– Ռուսաստանը կայսերապաշտական, գաղութատիրական նպատակներ է հետապնդում, ու միաժամանակ Վ. Պուտինը փորձում է անձնական իշխանությունն ամրապնդել: Մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանի կառավարությունը որոշել է 5 տոկոսով կրճատել բյուջեի ծախսերը, ընդ որում՝ կրթության, առողջապահության եւ սոցիալական ոլորտներում է կտրուկ կրճատում նախատեսված, մինչդեռ ռազմական եւ քարոզչական ծախսերն ավելանալու են: Պետք է նաեւ հաշվի առնել, որ ԱՄՆ-ը կրճատում է նավթի ներկրումը եւ շուտով կսկսի գազ արտահանել դեպի Եվրոպա, իսկ մի քանի եվրոպական երկիր թերթաքարային գազի արդյունահանմանն են նախապատրաստվում: Հաշվի առնելով, որ էներգակիրների արտահանումն ապահովում է Ռուսաստանի բյուջեի կեսից ավելին՝ զգալի անկումը խիստ հավանական է, եւ Վ. Պուտինը փորձում է բոլոր միջոցներով ամրապնդել իր ռեժիմը՝ գրաքննություն, էլեկտրոնային հաղորդագրությունների վերահսկում, աննախադեպ ցինիկ քարոզչություն, ուղղափառության սեւհարյուրյակային տեսակի ամրապնդում եւ այլն, եւ իհարկե` «հողահավաք», ԽՍՀՄ-ի նորացված տարբերակի ստեղծում:

Հայաստանի համար ռուսաստանակենտրոն ինտեգրացիոն գործընթացն առավել վտանգավոր է, քանի որ Հայաստանը կորցնելու է արտաքին քաղաքականության վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում եւ առհասարակ միջազգային հարաբերությունների ոլորտում դադարելու է սուբյեկտ լինելուց եւ կարող է հերթական ռուս-թուրքական գործարքի առարկա դառնալ կամ ռուսական շահերից բխող այլ նպատակներով օգտագործվել: Առհասարակ Մաքսային միությանը միանալը Հայաստանի համար նշանակում է դե ֆակտո բռնակցում (անեքսիա):

– Եվրասիական միություն ստեղծելուն զուգահեռ ՌԴ-ն քայլեր է ձեռնարկում հետխորհրդային երկրների ռազմական կառույցների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ուղղությամբ՝ վերջերս հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՌԴ-ն ամրացնում է Գյումրիի ռազմաբազան: ԼՂ հարցում ռուս-ադրբեջանական համագործակցության համատեքստում վտանգներ կա՞ն հայկական կողմի համար:

– Իսկապես, հրապարակումներ են եղել, որ ՌԴ-ն ուղղաթիռային եւ դեսանտային ստորաբաժանումներ է պատրաստվում տեղակայել, հավանաբար դարձյալ հայ հարկատուների հաշվին: Դա, ըստ ռուս փորձագետների, թույլ կտա Ռուսաստանի հարավկովկասյան զորախմբին ոչ միայն պաշտպանական, այլեւ հարձակողական բնույթի գործողություններ վարել. հարց է առաջանում` ո՞ւմ դեմ: Ի դեպ, ես դեռեւս մոտ մեկուկես ամիս առաջ կանխատեսել եմ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունն ամրապնդելու ու այնուհետեւ Վրաստանի նկատմամբ ճնշումն ավելացնելու եւ նույնիսկ ագրեսիայի հնարավորությունը: Ի վերջո, Ռուսաստանը պետք է փորձի կանխել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի շարունակությունը, ինչը հետագայում թույլ կտա վերահսկել ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանը, բացի այդ՝ Ռուսաստանի համար կենսականորեն անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել խողովակաշարերի նկատմամբ` էներգակիրների գնի աճ ապահովելու եւ իր գոյությունը պահպանելու համար:

Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական համագործակցությանը, անշուշտ, մտահոգիչ է թեկուզ նորագույն զինատեսակների լայնածավալ մատակարարումը Հայաստանի «դաշնակցի» կողմից: Դա այն դեպքում, երբ Ադրբեջանը բացահայտ սպառնում է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգությանը. համեմատության համար: Հարավային Կորեան մերժել է Ադրբեջանին զենք վաճառել` թեկուզ խոսքը այնպիսի զինատեսակների մասին էր, որոնք ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի դեմ կիրառվել չէին կարող: Ռուս-ադրբեջանական, ինչպես նաեւ ռուս-թուրքական համագործակցության համատեքստում այլ վտանգներ էլ գոյություն ունեն` կապված ՀՀ-ի վասալային կարգավիճակի եւ գործարքի առարկա դառնալու հնարավորության հետ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930