Նախկին 20%-ի փոխարեն՝ երկու եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողների վարձավճարները կզեղչվեն ընդամենը 10%
Վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին ԵՊՀ-ում ուսման վարձավճարների համար նախատեսված նախկին 20% զեղչի փոխարեն հատկացվելու է ընդամենը 10% զեղչ: Որոշումն ընդունվել եւ հաստատվել է ԵՊՀ Գիտական խորհրդի 2013թ. մայիսի 30-ի նիստում: Կիրառվելու է նոր ուսումնական տարում: ԵՊՀ Գիտական խորհրդի քարտուղարի խոսքով, բուհի ուսանողներին Երեւանի պետական համալսարանի ուսանողների նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի փոփոխությունների մասին (կանոնակարգը ընդունվել է 2010 թ. նոյեմբերի 18-ին, վերջին փոփոխությունը եղել է 2013թ. մայիսի 30-ին) տեղյակ են պահել սկսած մայիս ամսից, մինչդեռ շատ ուսանողներ բողոքում են՝ իրենք այս մասին իմացել են օրերս, սա նրանց համար մեծ հարված էր: «Հոկտեմբերին դիմում էի գրել, երեկ իմացա, որ ընդամենը 10 տոկոս են զեղչել, պարզապես ապշեցի… Ստացվում է, եթե նախկինում 300 000 դրամի փոխարեն ծնողներս վճարում էին 240 000 դրամ, ապա հիմա ստիպված կլինեն վճարել 270 000 դրամ: Ոնց որ ձեռ առնեն, 30 000 դրամի համար պիտի տանջվեմ, լավ սովորեմ, որ գնահատականներս բարձր լինեն, որ զեղչ անեն (տվյալ կարգավիճակն ունեցող ուսանողներին նախկինում 20, այժմ 10% զեղչ հասնում է միայն 13 եւ ավելի բարձր ՄՈԳ ունենալու դեպքում)»,-դժգոհում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Ադամյանը: Հավելում է. «Այս տարի մեր ֆակուլտետի վարձավճարները թանկացրին, բայց համաձայն մեր կնքած պայմանագրերի՝ մեզ վրա դա չազդեց, երեւի որոշել են այս ձեւով տեղը հանել»:
Այս ամենի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով զրուցեցինք ԵՊՀ ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյանի հետ: Նա հավաստիացրեց՝ Երեւանի պետական համալսարանի ուսանողների նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի փոփոխությունները ոչ մի կապ չունեն ուսման վարձերի թանկացման հետ: «Երկու եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողների կարգավիճակը դեռեւս սոցիալական չէ, այդ իսկ պատճառով ուսման վարձավճարների համար նախատեսված զեղչերի չափը նվազեցրել ենք մինչեւ 10%»,- ասում է նա: Մեր այն դիտարկմանը, որ նախկինում նման կարգավիճակի դեպքում 20% զեղչ է սահմանվել եւ եթե այդ պարագայում հաշվի չեն առել ուսանողի ընտանիքի սոցիալական կարգավիճակը, ապա ինչու են հիմա որոշել դա առաջնային համարել, պատասխանում է. «Կարող է նախկինում 100 % է եղել… Սա համալսարանի իրավունքն է, կառավարությունը սահմանել է, որ համալսարանը զեղչերի վերաբերյալ կանոնակարգը կիրառի, իսկ համալսարանը տոկոսի չափը սահմանելու հարցում կարող է տատանվել 0-ից մինչեւ 100-ի: Այս ամենը քննարկել է Գիտխորհուրդը, ես ընդամենը հաստատել եմ»: «Համալսարանը շատ կուզենար, որ ոչ թե 10, այլ 50, 60% զեղչեր սահմաներ տվյալ կարգավիճակն ունեցող ուսանողների համար, ով դիմեր, ասեր՝ խնդիր չկա ու զեղչեր: Բայց մեզ որտեղի՞ց այդքան բյուջե»,- ասում է ԵՊՀ Գիտական խորհրդի քարտուղար Մենուա Սողոմոնյանը: Պատասխանելով այն հարցին՝ ինչ չափանիշների հիման վրա են երկու եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողների վարձավճարների համար նախատեսված 20% զեղչը նվազեցրել 10-ի, նշում է՝ բանն այն է, որ կանոնակարգում ավելացվել են հետեւյալ դրույթները: Այսուհետ ուսանողական նպաստներ են հատկացվելու՝
10.10. Երեւանի պետական համալսարանում հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող-ուսանողներին եւ նրանց երեխա-ուսանողներին: 10.6. 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամ ազատամարտիկի երեխա կամ ընտանիքի անդամ ուսանողներին: «Սրանք նախկինում չկանոնակարգված զեղչերն են, որոնք տարիներ շարունակ արվել են, մենք տեսանք, որ տվյալ կարգավիճակով դիմողների թիվը շատ է, որոշեցինք այս տարի կանոնակարգել եւ ավելի շատ տեղ հատկացնել… Մեկից կրճատել ենք, որ մյուսն ավելանա»,- ասում է նա: Ինչ վերաբերում է կանոնակարգի փոփոխությունների վերաբերյալ ուսանողների իրազեկմանը, Մենուա Սողոմոնյանը նշում է՝ սրա վերաբերյալ տեղեկություն են զետեղել համալսարանի կայքում (www.ysu.am), հայտարարություններ տարածել բուհի բոլոր ֆակուլտետներում եւ այլն. «Լինում են դեպքեր, երբ ուսանողը դուրս է մնում համալսարանից, ասում է՝ ինձ չէին ասել, որ գամ քննության: Ինչպես ասում են՝ օրենքից տեղյակ չլինելը մարդուն չի ազատոմ պատասխանատվությունից: Եթե ուսանողը հետաքրքրվեր, ապա նա անպայման կիմանար իր իրավունքների մասին»: Մեր դիտարկմանը՝ երկու եւ ավելի ուսանող երեխա ունեցող շատ ընտանիքներ, որոնք նպաստ չեն ստանում, սակայն սոցիալապես բավարար ապահովված չեն, հնարավոր է տուժեն, պատասխանում է. «Մենք առանձնահատուկ վերաբերմունք ենք դրսեւորում նրանց նկատմամբ: Կուրատորները աշխատանքներ են կատարում ֆակուլտետներում կամ դեկանատներում, տեղեկանում, թե ուսանողներն ինչպես են սովորում, ինչ դժվարություններ ունեն: Եթե գտնվում են լավ սովորող, նպաստ չստացող, բայց սոցիալապես ոչ ապահով ուսանողներ, նման դեպքերում դեկանների երաշխավորությամբ դիմումներ ենք ստանում եւ ըստ այդմ՝ զեղչում ուսանողի ուսման վարձը»: Նշենք, որ ինչպես հայտնեցին ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժնից, այս տարի ուսման վարձավճարները զեղչելու նպատակով իրենց են դիմել 1000-ից ավելի ուսանողներ, որոնցից շատերի դիմումները դեռեւս քննության տակ են: Իսկ անցյալ կիսամյակի տվյալներով՝ ընդհանուր առմամբ զեղչվել են 2740 ուսանողների վարձավճարները, որոնցից 799-ը եղել են երկու եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներինը:
ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ