Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկապատը

Նոյեմբեր 05,2013 14:08

Ազգային ժողովի ցանկապատը կոմունիստներն են կառուցել: Մի հազար անգամ անցած կլինեք այդ խրոխտ ցանկապատի կողքով ու հաստատ ուշադրություն չեք դարձրել դրան: Ու ճիշտ էլ արել եք, որովհետեւ հասկանալի է, որ ժամանակին այդ ցանկապատի մոտով շտապում էիք դեպի Պուշկինի այգի՝ համբուրվելու: Իսկ համբուրվելու գնալիս միայն ուսանողական խորհրդի հանրապետական նախագահը կարող է ուշադրություն դարձնել ցանկապատին: Հիմա էլ մեր երեխաներն են նույն ցանկապատի կողքով շտապում Սիրահարների այգում նոթբուքով վիրտուալ շփվելու, միգուցե նույնիսկ համբուրվելու եւ նույնպես չեն նկատում այն խորհրդանշանները, որոնք պատկերված են պառլամենտական ցանկապատին:

Այնտեղ կան գրքեր՝ դա մտավորականության խորհրդանիշն է, հետո կտեսնեք ցորենի հասկեր՝ այսինքն հողի մշակ, եւ վերջապես էլեկտրական կայծակներ, ինչը, ամենայն հավանականությամբ, արդյունաբերության կամ բանվորության խորհրդանիշն է…

Այս գեղեցիկ ցանկապատը միշտ եղել է եւ հիմա էլ մնում է գեղեցիկ ստի խորհրդանիշ: Թող քարկոծեն ինձ կոմունիստները, բայց իրենց օրոք, երբ այս ցանկապատի այն կողմում պարբերաբար գումարվում էին կուսակցության հերթական համագումարները, պատվիրակների մեծ մասը, այո, բանվորներ ու գյուղացիներ էին, բայց նրանք բացարձակ ոչինչ չէին որոշում՝ ձեռք բարձրացնող էին: Որոշողները՝ կուսակցական կարիերիստներն էին:

Այդ ցանկապատի հետեւում  հիմա այլեւս ոչ մի բանվոր ու գյուղացի չկա: Ենթադրվում է, որ բոլորը մտավորական են: Եթե կոճակ սեղմողների մեծ մասը ոչ բանվոր է, ոչ էլ գյուղացի, ուրեմն երեւի մտավորական է: Պարզապես այդ մտավորականները մեզ մոտ հիմա  կուսակցության ոչ թե կարիերիստներն են, այլ կուսակցական կարիերիստներին ֆինանսավորողները:

Անցորդները հետաքրքրվում են, թե ինչ կա այդ ցանկապատից անդին: Համաձայնեք՝ միշտ թվում է, թե ինչ-որ շատ հետաքրքիր բան կա ցանկացած  ցանկապատի այն կողմում: Մինչդեռ իրականում գրեթե միշտ պարզվում է, որ ցանկապատի այն կողմում օլիգարխների կողմից ֆինանսավորվող կուսակցական կարիերիստներն են ու նրանցից բացի, ոչ մի հետաքրքիր բան չկա: 1996 թվականի աշնանային օրերին մարդիկ այնքան էին այդ հարցով հետաքրքրված, որ պարզապես ջարդեցին այս գեղեցիկ ցանկապատը եւ մտան խորհրդարան: Ու պարզվեց, որ բացի Արա Սահակյանից եւ Բաբկեն Արարքցյանից, այնտեղ գրեթե ուրիշ ոչ մի հետաքրքիր բան չկար:

Բայց հետաքրքրվողները պատժվեցին: Ու դա երեւի ճիշտ էր, որովհետեւ դու իրավունք չունես ջարդել ցանկապատը՝ ոչ մի դեպքում: Գիտեմ, որ կվիճեք, բայց երբ ես գնում եմ աշխատանքի, Աջափնյակում՝ իմ ճանապարհին մի ցանկապատ կա: Ու միշտ մտածում եմ, որ եթե անցնեմ այդ ցանկապատից այն կողմ, կհայտնվեմ ինչ-որ հրաշք աշխարհում, որտեղ Եվրամիությունն է իր բարձր աշխատավարձով ու նաեւ Մաքսային միությունն է՝ իր «Իսկանդերով»… Այսինքն՝ հայերիս երազած աշխարհը՝ ժողովրդավարական «Իսկանդեր» բարձր աշխատավարձով…

Բայց ես երբեք չեմ անցնում այդ ցանկապատից այն կողմ: Որովհետեւ եթե ինչ-որ մեկը կառուցել է ցանկապատը, նա ցանկացել է քեզնից ցանկապատվել:

Ես, իհարկե, կարող եմ ձեզ պատմել, թե ինչ կա պառլամենտական այդ բանվորագյուղացիամտավորական ցանկապատի հետեւում, որովհետեւ եղել եմ այնտեղ: Շատ եմ եղել: Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի ունեցող յուրաքանչյուր համագումարից առաջ ինձ հրավիրում էին ցանկապատի հետեւում գտնվող այդ շենքը՝ հայաստանցի կոմունիստների բողոքները թարգմանելու:

Կարգ կար: Ասենք, քեզ կուսակցական տույժ են տվել՝ նկատողություն՝ անձնական գործում գրանցելով: Կամ առանց գրանցելու: Բոլոր դեպքերում բրեժնեւյան յուրաքանչյուր համագումարից առաջ իրավունք ունեիր դիմելու այդ համագումարին: Ու հայաստանցի տուժած կուսակցականները զանգվածաբար դիմում էին: Ես էլ մեծ հաճույքով հայերենից ռուսերեն էի թարգմանում հայաստանցի կուսակցականների բազմաբովանդակ բողոքները: «Նոր տարվա հրավառություն էի սարքել, անկուսակցական Կարապետի տան կտուրը վառվեց. բա դրա համար կուսակցությունից հանո՞ւմ են, հարգելի Լեոնիդ Իլյիչ»:

Այնտեղ, պառլամենտական այդ ցանկապատի հետեւում միշտ էլ լավ էր: Էկոհամակարգի մասին չեմ ասում՝ նույնիսկ կոմունիստների օրոք ինչ-որ տարօրինակ ու գեղեցիկ ծտեր էին ծլվլում այդ այգում: Ծտեր ասում եմ՝ թռչուններ իմաստով:

Անկեղծանամ՝ կոմունիստների ժամանակ գիտե՞ք ինչու էր ձեռնտու ցանկապատի այն կողմում գտնվող շենքում աշխատելը: Նոր տարուն կտրոն էին տալիս, որով իրենց խանութից կարող էիր Ամանորի համար լիքը բան գնել, որը ցանկապատից այս կողմ չկար: «Մարլբորո», զեյթուն, բաստուրմա, նույնիսկ մի փոքր բանկա ձկնկիթ… Դա գիտե՞ք ինչ տոն էր… Ու երեւի շատ տրամաբանական է, որ հիմա ցանկապատից այն կողմ հենց այդ արտադրատեսակները բերող կամ արտադրող ընկերությունների տերերն են:

Էնքան բան կարող էի պատմել: Թե ինչպես Բաղրամյան 26-ից, որտեղ հիմա նստում է հանրապետության նախագահը, իսկ մի ժամանակ խորհրդարանն էր, տեղափոխվեցինք կոմունիստների այդ շենքը, ու խեղճ կոմունիստ  աշխատողներին ժամանակ էլ չէին տվել հավաքելու իրենց անձնական իրերը՝ չուստերը թողել էին պահարաններում:

Հետո Կառավարության տանն էինք նիստեր անում, ու չնայած շատ պատգամավորների մոտ ատրճանակներ կային, մի անկապ մարդ նռնակը ձեռքին մտավ  նիստերի դահլիճ, բարձրացավ ամբիոն ու երկար ճառ արտասանեց այն մասին, որ ողջ հանրապետությունը «զոն» են դարձրել…

Հիմա էլ շատ են խոսում այն մասին, որ եվրոպական եւ ոչ միայն եվրոպական երկրներում խորհրդարանների շենքերը չեն ցանկապատում՝ այնտեղ նստում են ժողովրդի ընտրյալները եւ ուրեմն ժողովուրդը պետք է ազատ մուտք ունենա: Այդպես մեզ մոտ եղել է: Երբ 90-ականների սկզբներին եկան նորերը, նրանք բացեցին այս ցանկապատի դարպասները եւ բոլորը կարող էին զբոսնել այն այգում, որը հիմա ցանկապատի հետեւում է:

Շատ կարճ տեւեց: Հայրիկյանը իր հանրահավաքն անցկացրեց հենց խորհրդարանի տարածքում: Հայաստանի առաջնորդի թիկնապահների այժմ որոնվող շեֆ Բուդոն հենց խորհրդարանի շենքում իմ ու Կիմ Բալայանի ներկայությամբ ծեծեց ոստիկանին, որը  թույլ էր տվել Հայրիկյանի մեքենայի մուտքը, ու դարպասները փակվեցին:

Հետո ցանկապատեցին նաեւ նախագահի նստավայրը: Այնտեղ պուլպուլակ կար: Հիշո՞ւմ եք…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Valod says:

    Խորհրդային Միության Կոմունիստ Կուսակցությունը ամենա մեծ ծառայությունը մատուցեց կապիտալիզմին : Առերես լինելով դեմ դասակարգային հասարակայնությանը ամեն կերպ աշխատեց տարանջատել դրանք միմիանցից և կաստային խավեր ստեղծել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930