ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախաձեռնությամբ օրերս անցկացվեց նշանավոր պատմաբան-արեւելագետ Արամ Տեր-Ղեւոնդյանի 85-ամյակին նվիրված «Հայաստանը եւ արաբական աշխարհը. պատմություն եւ արդի խնդիրներ» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովը: Նիստին հաջորդեց Հայոց ցեղասպանությանն առնչվող աշխատությունների շարքում կարեւոր աղբյուր հանդիսացող, ինչպես նաեւ հայկական կենցաղի, բանահյուսության եւ հայ ժողովրդի պատմության ուսումնասիրության համար ուրույն դեր ունեցող գրքի՝ «Մարաշի տեր Ղեւոնդ քահանայի հուշերը» շնորհանդեսը: Գրքում ներկայացված են Արամ Տեր-Ղեւոնդյանի` տեր Ղեւոնդ քահանայի հուշերը 1850-ական թվականներից մինչեւ 1920-ականները, որտեղ մանրամասն նկարագրվում են Ցեղասպանության ողբերգական իրադարձությունները: Գիտաժողովի որոշ նիստեր տեղի ունեցան Ծաղկաձորում, որտեղ երիտասարդ գիտնականներն ու ուսանողները իրենց զեկուցումներով ներկայացրին Հայաստանի ու արաբական երկրների բազմադարյա կապերի պատմությունը եւ անդրադարձան արդի խնդիրներին: Զեկուցումները վերաբերում էին միջնադարում հայ-արաբական առնչություններին, արաբական երկրների հայ համայնքների պատմությանը, 19-րդ դարի արաբալեզու մամուլում Հայկական հարցի արծարծումներին:
«Առավոտ» օրաթերթ