«Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 11-ին ռեժիսոր Լեւոն Իվանյանը հրավիրում է, իր խոսքերով՝ թատերականացված դասախոսության, ինքնակազմավորման թեմայով երեկոյի՝ «Գտեք եւ ստեղծեք ձեր աշխատանքը, ինքնուրույն կազմակերպեք ձեր կյանքը, հույսներդ ո՞ւմ վրա եք դրել» խորագրով:
«Առավոտի» հետ զրույցում Լեւոն Իվանյանն ասաց. «Եթե մարդ քաղցած է, ծարավ կամ, ասենք, պաշտպանվել է ուզում, ո՞վ պիտի իր փոխարեն դրանք բավարարի, ոչ մեկի սպասել հարկավոր չէ, վախենալ էլ խորհուրդ չեմ տալիս: Պարզապես պետք է միավորվել: Արդյունքում ամեն ինչ կունենան»: Խնդրեցինք փոքր-ինչ բացել փակագծերը: Մեր զրուցակիցը նշեց, որ այս միջոցառումը բուհերի նորավարտ մասնագետների համար է եւ իրենից ներկայացնում է բազմաժանր բեմարվեստանոց՝ դասախոսական թատրոն: «Նախատեսվում է հենց հանդիսականներից հավաքագրել գեղարվեստական, գիտական, տեխնիկական, իրավական եւ տնտեսական բուհերի բոլոր մասնագետներին, ովքեր նոր են մուտք գործում մասնագիտական կյանք, նրանց հետ ստեղծել գիտաստեղծագործական ժամանակակից բեմարվեստանոց, գումար հատկացնել փորձասենյակի վարձավճարի եւ բեմադրական ծախսերի համար, արդյունքում՝ ստեղծել մրցունակ նոր ծրագրեր, որոնք կաշխատեն ինչպես համատեղ մեծ խմբով, այնպես էլ առանձին-առանձին՝ մանր խմբերով»,- հայտնեց պարոն Իվանյանը:
Դիտարկմանը՝ թե ցանկացած ծրագրի իրականացում պահանջում է ֆինանսական միջոցներ, ռեժիսորն ասաց. «Գումարները հիմնականում հավաքագրվում են դասախոսական թատրոնի գործունեությունից, որն իր էությամբ թատերականացված դասախոսությունների ինքնակազմավորման թեմաների շարք է, որոնք ներկայացվում են հանդիսականին՝ «Ճանաչիր ինքդ քեզ» կամ «Բացահայտիր ինքդ քեզ» գործնական սկզբունքով: Օրինակ, կայանալիք առաջին երեկոյին մասնակցության 2000 դրամ տոմսային վճարներից որոշակի չափ հատկացվում է հիմնադրամի գործունեությանը: Ակնկալվում է, որ ինքնակարգավորվող եւ ինքնասնուցվող համակարգը կաթիլ-կաթիլ հավաքագրվող գումարներով հնարավորություն կստեղծի փոքր եւ միջին չափի ծրագրերի միակողմանի դրամաշնորհային ֆինանսավորման համար»: Լեւոն Իվանյանը շեշտեց, որ կայանալիք առաջին երեկոյին պարտադիր կլինի «Արամ Խաչատրյան» համերգասրահի ծրագրերին մեկ տոմսի չափով մասնակցելը եւ իրենց նոր ծրագրերը հանդիսականին ներկայացնելը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ