Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են ժողովրդին «տոկի տալիս»

Նոյեմբեր 05,2013 13:47

Վերջերս դիտեցի Վլադիմիր Պոզների հարցազրույցը Միխայիլ Լեոնտեւի հետ, որը ցուցադրվել էր 2012 թվականի փետրվարին: Լեոնտեւը, բնականաբար, իմ մեջ ոչ մի համակրանք չի առաջացնում՝ չնայած պետք է ընդունել, որ նրա բացատրությունները, թե ինչու Ռուսաստանը պետք է մնա այնպիսին, ինչպիսին կա, տեղավորվում էին ֆորմալ տրամաբանության շրջանակներում: Բայց առավել հետաքրքիրը ոչ թե զրուցակիցներն էին, այլ youtube-ի տակի մեկնաբանությունները, որոնց 90 տոկոսը վերաբերվում էր ոչ թե զրույցի բովանդակությանը, այլ Պոզների ազգությանը՝ համեմված հակասեմիտական, ռասիստական բառապաշարով:

Վիճակն այդպիսին է ոչ միայն համացանցում: Ռուսաստանում իսկապես նկատվում է ազգայնականության, այլատյացության բռնկում, որը, հավանաբար, որոշ չափով ուղղորդվում է Կրեմլից: Հակառակ դեպքում, եթե ՌԴ իշխանությունները դեմ լինեին անհանդուրժողականության այս ցույցերին, նրանք գիտեն, թե ինչպես կարելի է «ոչ քնքշաբար» վարվել ցուցարարների՝ տվյալ դեպքում «ռուսական երթերի» մասնակիցների, «հակակովկասյան», «հակամիգրանտական» ջարդարարների հետ: Հարկ չկա, երեւի, հիշեցնելու, թե այս կամ այն երկրի պատմության մեջ երբ, որ պահին է տարածվում այլատյացության համաճարակը՝  երբ պետական շինարարության եւ տնտեսական ոլորտում, մեղմ ասած, պարծենալու բան չկա:

Քաղաքական եւ տնտեսական դժվարությունների պահին տվյալ երկրի քաղաքացիները կարիք ունեն ինչ-որ հենակետի, եւ տնտեսական ծանր պայմաններում այդպիսի հենակետ չի կարող լինել սոցիալական համերաշխությունն ու փոխօգնությունը, որն, իհարկե, իդեալական տարբերակ է: Իսկ վատթարագույն տարբերակը մեղավորներին փնտրելն է, թշնամու կերպար ստեղծելը եւ նրա վրա ժողովրդին «քսի տալը»: Ռուսների համար այդպիսի թշնամիները ավանդաբար հրեաներն էին, սակայն վերջին երկու տասնամյակներում հրեաների հետ այս առումով «հաջողությամբ մրցակցում են» կովկասցիները, միջինասիացիները եւ ընդհանրապես միգրանտները:

Հայաստանում ազգայնականության լուրջ վտանգ չկա՝ այն պարզ պատճառով, որ ազգային փոքրամասնությունները մեզ մոտ չնչին տոկոս են կազմում եւ մեզ բացարձակապես ոչ մի իմաստով «չեն խանգարում»: Բայց քանի որ մեզանում տնտեսական, քաղաքական, մշակութային, հոգեւոր վիճակը նույնպես նախանձելի չէ, որոշ քաղաքական եւ հասարակական գործիչներ փորձում են ժողովրդին «տոկի տալ» ազգայնականության, այլատյացության միջոցով: Երբեմն այդ գործիչներն ազնիվ մղումեր ունեն՝ ակտիվացնել, համախմբել հասարակությանը: Եվ ահա, «տոկի տալու նպատակով» թիրախներ են ընտրվում կրոնական կամ սեռական փոքրամասնությունները, թուրքերը, եվրոպացիները կամ, ռուսներին կապկելով, հրեաները: Բայց դրանք իրականում կեղծ թիրախներ են, նրանց դեմ «պայքարը» շինծու է եւ ամենեւին չի նպաստում հասարակության համախմբմանը:

…Երբ Սերժ Թանկյանը կոչ էր անում արդար ընտրություններ անցկացնել, նա ճիշտ էր, չէ՞: Հիմա, երբ աշխարհահռչակ երաժիշտը խտրականության դեմ է խոսում, նա սխա՞լ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Ֆլորա says:

    Մոնոէթնիկ հասարակություններում համախմբումը կայանում է «մենք»-ի սահմանները հստակեցնելով: Այդ ընթացքում կատարվում են խմորումներ, «մենք»-ը հավաքագրելու նպատակով: Առաջ են գալիս ճշմարիտ և կեղծ տարբեր գաղափարախոսություններ: Սովորաբար հասարակությունը ունակ է կեղծն ու ճիշտը տարբերակել մեծամասնության առկայության պայմաններում: Ազգային կոնսոլիդացիան ցավագին պրոցես է: Երբ «մենք»-ի ձգտումները չեն արդարանում, ստեղծվում է ճահճային վիճակ: «Ոչ ձուկ, ոչ միս» վիճակ: «Ոչ ինձ, ոչ քեզ» վիճակ: «Կարապը, խեցգետինը, ձուկը» վիճակ:

  2. ani says:

    Հուսահատեցնելու աստիճան հիասթափեցնող էր լսել բանական և առողջ մարդկանց համարում ունեցող արվեստագետների տեսակետը սփյուռքահայ մտավորականների հնչեցրած կոչի վերաբերյալ: Հասկանում ես, որ առողջ միտքը րոպե առ րոպե նահանջում է: Ինչպես կարելի էր նման որակումներ տալ ընդամենը հանդուրժողականության վերաբերյալ կոչին: Նրանք կոչ չէին անում հանդուրժել կեղծ ընտրությունները, իշխանությունների կամայականություններն ու ապօրինությունները, այլ ընդամենը առաջարկում էին ավելի հանդուրժող լինել այլ կողմնորոշումների նկատմամբ: Նույնիսկ Վահան Արծրունու նման քաղաքացին չհասկացավ դա

  3. Ալեքսանդր says:

    Չեմ քննարկում խմբգրականի բովանդակությունը, քանի որ լիովին դրան համաձայն եմ;
    Ինչպես միշտ ստանձնում եմ լեզվի խմբագրի դերը և ուզում եմ մի քանի եզր քննարկել;

    Այլածյացը շատ գրական է և այս բառը միայն գրավոր խոսքում է լինում; ժողովուրդը չի օգտագործում, շատերը չեն էլ հասկանա, թե սա ինչ է;
    Ազգայնականը, իմ կարծիքով, շատ մեղմ է և երևի националист-ի հայերեն տարբերակն է, գուցե նույնիսկ սովետական եզր է, որով հայհոյում էին բոլոր անկախություն պահանջող ազգերին` հայերին, վրացիներին, ուկրայնացիներին ևն;
    Կարծում եմ, որ այն ինչ կատարվում է այսօրՌուսաստանում, ճիշտ կլինի կոչել ազգայնամոլություն: Այս եզրը ժամանակակից իմաստով ավելի սազում է ռուսերենի фашист-ին, որը ինչպես գիտենք իրականում նշանակում է нацист, այսինքն` խորհրդանշում է մարդու, որը ատում է բոլոր մնացած ազգերին և պատրաստ է ջարդել-փշրել; Ցարական Ռուսաստանում մի այլ նույնիմաս եզր էլ կար` черносотенцы. Սրանք հիմնականում ջարդում էին հրեաներին;

  4. Garry says:

    Բրավո Արամ!!!

  5. Hakob says:

    Ռուսաստանի ակընհայտ առաջընթացը բոլոր ոլորտներում չտեսնողը կամ կույր է, կամ իրեն կույրի տեղ դնող:

    իսկ միգրանտների դեմ իրական հարձակումենրը, ուղորդված պետական ապարատի բռնություններով – դա ձեր պաշտած Եվորպական միությունում է: օրինակ Գերմանաիյում, որտեղ պարբերաբար որսեր են կազմակերպվում թուրքերի վրա: կամ Ֆրանսիայում, որտեղ տեղի ունեցան խայտառակ հիտլերյան մարդաորսերը: սակայան պարզ է, որ …լիբերալները դա ոչ միայն չեն տեսնում, այլև պնդում են որ Եվրոպան այս առումով “կույս” է:
    անգամ օսմանները այդպիսի վայրագություններ չեն արել…

    • Կարեն says:

      Հակոբ ինչ Եք կարծում, եթե լինեին ներգաղթի նույն պայմանները՛ Ձեր կողմից նշված ակընհայտ առաջընթաց ապրող Ռուսաստանի և ուղորդված պետական ապարատի բռնություններով Եվրոմիության միջև, որ ուղղությամբ կմեկնել մեր հայրենակիցները։

    • Արսեն says:

      Ավելորդ համեստություն ես արել։
      Օրինակ՝ առաջին նախադասսության համար ես կառաջարկեի.
      Առաջադեմ Ռուսաստանի ակընդհայտ առաջանցիկ առաջընթացը բոլոր առաջատար աոլորտներում…
      Մի խոսքով՝ « Առաջ Ռուսաստան»։ )

  6. Հրանտ Պապիկյան says:

    Իսկ իմ կարծիքով “տոկի տալիս” են հենց նմանօրինակ նամակները: Մարդիկ իրենց համար ապրում են իրենց հոգսերով, հազիվ ծերը ծերին հասցնելով…
    Մեկ էլ մի խումբ իբր թե ազգի խնդիրներով մտահոգ խփնվածներ այդ բազում խնդիրներ ունեցող հայաստանցուն նամակ են գրում, իբր բա գիտես, սիրելի հայրենակից, ամենակարևոր հարցերից մեկը մեր հայրենիքում այն է, որ դու` սիրելի հայրենակից, և կոմայգու գոմիկները եղբայրներ եք, և պետք է ամեն ինչում հավասար լինեք… Հայրենակիցն էլ պարզ է որ պիտի ասի թքել եմ գոմիկների վրա էլ, ձեր վրա էլ, եթե այս երկրում այլ խնդիրներ չեք տեսնում որ օգնեք, այս ճղճիմ հարցի շուրջ եք “համախմբվել” Այդ որ մի գոմիկին ենք ցցի հանել կամ կախաղան հանել, որ հրատապ է օրենքով ամրագրել նրանց իրավունքները…
    Իսկ մի փոքր ավելի զարգացած զանգվածին էլ “տոկի է տալիս” ԶԼՄ ներում այս թեման տարբեր սոուսների տակ մատուցող “անմեղ” հոդվածներն ու “առաջադեմ” մեկնաբանությունները
    Վերջում ուզում եմ կարճ պատասխանեմ հոդվածի վերջին հարցադրմանը` այո, իսկ այս անգամ էլ ՍԽԱԼ է… և դա` մեղմ ասած…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930