Ինչպես հայտնի է` վերջերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը արգելեց քաղաքի կենտրոնական հատվածը սպասարկող թիվ 20 երթուղու գործունեությունը` պատճառաբանելով, որ մրցույթը կայացել է օրենքի կոպիտ խախտումներով:
Մասնավորապես այն շահած ընկերությունը` «Գյումրու ամուր հիմք» կազմակերպությունը, երթուղային մեքենաները վարձակալել է, մինչդեռ պարտադիր պայման էր, որ 50 տոկոսից ավելին լիներ կազմակերպության սեփականությունը:
Բացի այդ, քաղաքապետին զայրացրել էր այն փաստը, որ թիվ 20 երթուղին շահագործող ընկերությունը վճարումներ չի կատարել համայնքային բյուջե:
Հիշեցնենք, որ «Գյումրու ամուր հիմք»-ը թեև ձևակերպված է Տարոն Գասպարյանի անունով, սակայն դրա փաստացի տերը Վարդան Ղուկասյանի ընտանիքն է:
Կարդացեք նաև
Վարորդները Սամվել Բալասանյանի այս որոշման դեմ տարբեր բողոքի ակցիաներ անցկացրեցին Գյումրիում` թե քաղաքապետարանի, թե մարզպետարանի դիմաց, հանդիպեցին փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանին ու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանին, սակայն Սամվել Բալասանյանի որոշումը մնաց անսասան:
Մեր տեղեկություններով, բողոքի ակցիաները լռեցրել է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, ով վարորդներին հրավիրելով իր մոտ` հասկացրել է, թե քաղաքում արտակարգ իրավիճակ ստեղծելու դեպքում նրանց հետ կվարվի ոստիկանական հայտնի մեթոդներով:
Ինչևէ, վարորդներին այս պարագայում անհանգստացնում էր գործազուրկ դառնալու վտանգը: Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանին հարցրեց, թե ինչպե՞ս է լուծվել աշխատանքից դուրս մնացած վարորդների զբաղվածության հարցը: Զոհրապ Եգանյանը վստահեցրեց, որ քաղաքապետարանը, ինչպես խոստացել էր, D կարգ ունեցող բոլոր վարորդներին տեղավորել է աշխատանքի այլ երթուղիներում: Ըստ մամլո խոսնակի, նրանք օրենքի շրջանակներում եկել, դիմումներ են գրել, քաղաքապետարանն էլ նրանց աշխատանքի հարցը լուծել է:
Հավելենք, որ այդ գիծը հիմա սպասարկում է «Express» երթուղին, սակայն վարորդներից շատերը չեն հրաժարվում թիվ 20 երթուղուց , միկրոավտոբուսի դիմաց «Express»-ի կողքին նաև թիվ 20-ն են փակցնում: (Տես լուսանկարում):
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ