Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Գեղամ Քոքոբելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետ, անձնական դրդումներից ելնելով՝ այն է չկարողանալով հայտնաբերել 7-րդ պահաբաժնի համար 42 քառակուսում ապօրինի ծառահատումներ կատարողներին, Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ Գենադիկ Մակունցի վերաբերյալ 2012թ. հուլիսի 13-ին կազմել է 1 հաճարի, 3 բոխի եւ 1 թխկի տեսակի՝ ընդհանուր 74 250 դրամ սակագնային արժեքով (վնասի հատուցման գումարը՝ 222 750 դրամ) ծառեր ապօրինի հատելու համար կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություն, Հովքի բնակիչ Աշոտ Դավիդյանի վերաբերյալ 2012թ. հուլիսի 13-ին 2 հատ բոխի եւ 1 հատ հաճարի տեսակի ընդհանուր 75 000 դրամ սակագնային արժեքով (վնասի հատուցման գումարը՝ 225 000 դրամ) ծառեր ապօրինի հատելու համար կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություն:
Ըստ «Դատալեքս» կայքի՝ Գ. Քոքոբելյանը մեղադրվում է նաեւ այն բանում, որ 2013թ. հունվարի 29-ին Գենադիկ Մակունցի վերաբերյալ 13 հատ տարբեր տեսակի, ընդհանուր 193 500 դրամ սակագնային արժեքով (վնասի հատուցման գումարը՝ 580 500դրամ) ծառեր ապօրինի հատելու համար կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություն եւ այն ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Գ. Քոքոբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական կեղծիքը»):
Նախկինում չդատված Գ. Քոքոբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ