Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, որը Սայաթ-Նովա 10 հասցեի բնակիչ է, այսօր «Զարկերակ» ակումբում անդրադառնալով նույն հասցեում երեկ տիրող լարված իրավիճակին, որի պատճառը բազմաֆունկցիոնալ շենքի կառուցումն է եւ, որից բնակիչները դժգոհ են՝ ասաց, թե Աստված կարոտ պահի նման դեպքերի, քանի որ դա իրեն 15 թիվն է հիշեցրել:
«Տեսա այն երիտասարդներին, որոնք բակում անհասկանալի կարգավիճակում էին ու չգիտեմ ինչի ազդեցության տակ եկել՝ հարցեր էին լուծում: Տեսնում եմ այն անբարո վիճակը, որը խեղաթյուրում է հայ կնոջ կերպարը, բայց նրանք մեղավոր չեն որովհետեւ ենթակա են իրենց վերադասին: Աստված ասում էր՝ վկաներով խոսեք, իսկ մենք այսօր պահանջում ենք այն մարդկանց, ովքեր ժամանակին բակից-բակ էին ընկած ու ձայներ էին հավաքում: Ո՞ւր են այսօր նրանք եւ ինչո՞ւ չեն գալիս տեսնելու, թե իրենց հոտը ինչ իրավիճակում է»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:
Նշեց, թե երբ քաղաքապետարանի ներկայացուցչին ասում են՝ այս մի ճանապարհն է, որով մի փոքրիկ մեքենա է կարողանում անցնել, եւ երբ լրագրողներն են նրան հարց տալիս, նա չի պատասխանում, որովհետեւ իրեն այդպես են թելադրել, իսկ իրեն` Անդրանիկ սարկավագ Մանուկյանին ասում է. «Դե գիտեք ինչ, հետո ճանապարհի մասին էլ կմտածենք: Բայց չէ՞ որ այդ ճանապարհով անցնում են հրշեջ, շտապ օգնության եւ այլ ավտոմեքենաներ… Իրենց թվում է, որ ինչ որ պաշտոն են զբաղեցնում, ուրեմն գիտնական են, կամ չգիտեմ ինչ: Բայց սա գենոցիդ է: Ու չնայած ամեն ինչ օրինական է, բայց այն համապատասխան չի տվյալ տարածաշրջանին»:
Անդրանիկ սարկավագ Մանուկյանը դիմելով ՀՀ նախագահին ասաց, որ նա շատ բաներից տեղեկացված չէ. «Դիմում եմ նաեւ վարչապետին եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ որպես երկրացի. բոլորն իրենց ձեռքերը լվացել ու ամեն ինչ թողել են Տարոնի ուսերին: Մեր թասիբն է, մեր նամուսն է, բոլորը քաշվել են մի կողմ եւ ասում, որ ինքն է որոշել, բայց ես ուզում եմ, որ նա ասի, թե ոնց է ինքը որոշել»:
Անդրանիկ սարկավագ Մանուկյանը նաեւ նշեց, որ դժգոհ է ոստիկանների կատարած աշխատանքից ու հավելեց, որ կարմիր բերետավորներից մեկն ասել է, թե ինքը քանդում է այս երկիրը, ինչին ի պատասխան նա ասում է. «Դե եթե քանդում եմ, եկեք ինձ աքսորեք այս երկրից…»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ