Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական գյուղում փնտրում են հայերի ոսկիները

Նոյեմբեր 05,2013 12:15

«Ազատություն» ռադիոկայան. Ըստ լեգենդի՝ հայերի հարստությունը թաղված է Քերամետի մի լքված և խարխուլ տան տակ:

Թուրքայի Բուրսա գավառի փոքրիկ գյուղում` Քերամետում փնտրում են ոսկիները, որ ենթադրաբար հողի տակ պահել են ցեղասպանության ժամանակ իրենց տներից քշված հայերը:

Երկրաբանական աշխատանքները տեղի են ունենում հայ ընտանիքի պատկանած, ներկայումս արդեն խարխուլ ու քանդման եզրին գտնվող մի տանը, որի սեփականատերը այժմ Էֆքան Արին է համարվում: Պեղումները և որոնողական աշխատանքները համակարգելու համար տեղի իշխանությունների կողմից հատուկ հանձնաժողով է ստեղծվել՝ հնագետի գլխավորությամբ, տեղեկացնում է Hurriet Daily News-ը:

Գյուղի տարեցների խոսքով` ժամանակին Քերամետում շատ հայկական ընտանիքներ են ապրել, սակայն նրանք բոլորն էլ հեռացել են, և տարիներ շարունակ լեգենդներ են շրջում այն մասին, որ հեռացող մի ընտանիք որոշել է թաղել իր հարստությունը, որպեսզի հետագայում վերադառնա և հետ վերցնի:

Ըստ լեգենդի՝ հայերի հարստությունը թաղված է Քերամետ գյուղի հենց այդ լքված և խարխուլ տան տակ, և երբ քաղաքային իշխանությունները, մտավախություն հայտնելով, որ տունը ամեն րոպե կարող է փուլ գալ, որոշում են կայացնում այն քանդել, Էֆքան Արին՝ տան տերը թույլտվություն է խնդրում տան տարածքում որոնողական աշխատանքներ սկսել: Թույլտվությունը բավական դժվարությամբ է տրվում, մեկ տարուց ավելի է պահանջվում պաշտոնյաների կողմից դիմումը քննելու համար, և վերջապես իշխանությունները համաձայնում են թույլատրել այս տարվա նոյեմբերի 1-ից սկսել պեղումները` մեկ ամիս ժամկետով, ոստիկանության աչալուրջ հսկողության ներքո:

Ըստ թուրքական օրենսդրության, եթե հայտնաբերվի արժեքավոր գտածո, օրինակ՝ ոսկի, այն պետք է կիսվի պետության և գտնողի միջև, իսկ հնագիտական նշանակություն ունեցող իրերը պետք է տրվեն պետությանը:

Թուրքիայում գտնվող հայկական տներն ու եկեղեցիները հաճախ են դառնում գանձ որոնողների թիրախը: Լեգենդները, որ ցեղասպանության ժամանակ իրենց տները թողած հայերը հարստությունը թաքցրել են հողի տակ՝ հետագայում գալու և գտնելու ակնկալիքով, հանգիստ չեն տալիս շատերին, իսկ որոնողական աշխատանքները հիմնականում արվում են գաղտագողի: Այս դեպքում, սակայն, ամեն ինչ արվում է պաշտոնական թույլտվությամբ:

Տաթեւիկ Լազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930