ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Սաֆարյանն այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս՝ կապված իր պաշտպանյալ, «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրի մաքսային միջնորդ եւ բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության աշխատակից Վարդան Մարտիրոսյանի գործի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ներկրված 90 կգ հերոինի կապակցությամբ հարուցված քրեական գործի թե նախաքննության եւ դատաքննության ողջ ընթացք լուսաբանել է Aravot.am-ը: Քրգործ էր հարուցվել ԻԻՀ քաղաքացիներ Սարգես Անտոնյանի, վարորդ Վիգեն Նավասարտյանի եւ Վարդան Մարտիրոսյանի նկատմամբ: Վարդան Մարտիրոսյանը մեղադրվել էր օժանդակելու համար:
Ըստ պաշտպան Տիգրան Սաֆարյանի, իր պաշտպանյալը՝ մաքսային միջնորդը իրավունք կամ պարտականություն չի ունեցել զննելու առաքման ենթակա բեռների ներքին պարունակությունը, առավել եւս՝ այն դեպքում, երբ այդ բեռները եղել են գործարանային փաթեթավորված տեսքով:
Ի դեպ, Մեղրիի մաքսային եւ սահմանային կետի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, իսկ գործի նախապատրաստման ժամանակ էլ ասվել է, թե մաքսային աշխատակիցները չէին կարող գործարանային փաթեթավորմամբ բեռների մեջ որեւէ կասկածելի բան տեսնել:
Կարդացեք նաև
«Քրեական գործում չկա գեթ մեկ ապացույց, թե Վարդան Մարտիրոսյանը տեղյակ է եղել թաքցված թմրամիջոցների մասին: Եթե նա տեղյակ չի եղել, ապա ինչպե՞ս կարող էր օժանդակել այդ թմրանյութի փոխադրմանը»,- ասաց Տ. Սաֆարյանը:
Ի դեպ, դատաքննության ժամանակ պարզ դարձավ, որ 90 կգ հերոինը Հայաստան է բերվել դաշնամուրի մեջ թաքցված: «Զարմանալի է այն հանգամանքը, որ Վարդան Մարտիրոսյանը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման՝ չունենալով որեւէ իրավունք կամ պարտականություն ստուգելու առաքվող բեռների ներքին պարունակությունը, մինչդեռ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք՝ պետական սահմանը հսկողները եւ մաքսանենգության դեմ պայքարող ստորաբաժանման ծառայողները որեւէ պատասխանատվության չեն ենթարկվել: Քրեական գործում կան բազմաթիվ ապացույցներ, որ Մեղրիի մաքսային կետի մաքսային ծառայողների անփութության արդյունքում է հնարավոր դարձել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մուտքը Հայաստան եւ հետագայում դրանց արտահանումը»,- ասաց փաստաբան Տ. Սաֆարյանը:
Aravot.am-ի հարցին, թե 14 տարվա ազատազրկման դատապարտված Սարգես Անտոնյանը եւ 11 տարվա ազատազրկման դատապարտված Վիգեն Նավասարտյանը նույնպե՞ս վերաքննիչ բողոք են բերել, Տիգրան Սաֆարյանն պատասխանեց, որ վաղը վերաքննիչ դատարանում նշանակված դատական անդրանիկ նիստում քննության է ենթարկվելու միայն իրենց բողոքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ