Երբեմնի կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից միմյանց հասցեին արդեն տարբեր մեղադրանքներ են հնչել։ Երեկ էլ ԲՀԿ-ական պատգամավորներն ահազանգեցին, թե ՀՀԿ-ն իր թեկնածուի համար գումար է բաժանում քաղաքացիներին։ Մասնավորապես, տարածվեց մի փաստաթուղթ, որտեղ երեւում է, որ Արարատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Մնացականյանը որոշում է ստորագրել տարբեր քաղաքացիների օգնության անվան տակ 15-40 հազար դրամ բաժանելու մասին։ Ընդ որում, որոշման տակ ստորագրված է՝ Արարատի քաղաքապետ՝ Խաչիկ Մնացականյան։
Բացի այդ, նույն շրջանակների տարածած տեղեկություններով, նախորդ գիշեր Ավշար եւ Արարատ գյուղերի մոտ 1000 բնակիչներ են գրանցվել Արարատ քաղաքում, որպեսզի մասնակցեն քվեարկությանը։ Թե ինչ նոր բան է այս ընթացքում արվել ԲՀԿ-ի կողմից, երեկ պարզել չհաջողվեց։
Մինչ այդ, ինչպես գրել էինք, նորանշանակ մարզպետը հայտարարում էր, թե բողոքներ է ստանում, որ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտի» աշխատակիցների վրա ճնշումներ են գործադրվում, մարդիկ են հավաքագրվում եւ այլն։
Երբ զանգեցինք թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Խաժակ Աղաբեկյանին, նա ասաց, թե որեւէ դիմում-բողոք որեւէ թեկնածուի շտաբի կողմից չի ստացել։ «Ես չգիտեմ՝ որտեղ ոնց են անցկացնում քարոզարշավը, ես ոչ մի բանի չեմ խառնվում։ Լարվածության մասին էլ խոսակցություններ չեմ լսել»,- ասաց ԸԸՀ նախագահը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, կողմերը դեռ քարոզարշավի մեկնարկից առաջ ակտիվորեն ցուցակագրում էին իրենց «ընտրողներին»։
Լ. Բ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում