Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջրաշենում օծվեցին եկեղեցու հիմքերը

Նոյեմբեր 05,2013 11:09

Նոյեմբերի 2-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ թեմի Ջրաշեն գյուղում տեղի ունեցավ եկեղեցու հիմնարկեքի արարողություն: Սրբազան Հոր ձեռամբ օծվեցին եկեղեցու հիմքի 16 քարերը: 

Արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Ջրաշենի համայնքապետ Արտյոմ Ղազարյանը, գյուղի այցելու քահանա արժանապատիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը, մարզի գյուղապետեր, համայնքապետեր, հավատավոր ժողովուրդ:
Սրբազան Հորն ուղեկցում էին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր արժանապատիվ Տ. Կարապետ քահանա Կարապետյանը, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը:
Սրբազան Հայրը շնորհավորեց ջրաշենցիներին և մասնավորապես ասաց. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ձեզ ենք փոխանցում Հայրապետական օրհնություններն ու բարեմաղթանքները՝ կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի բարեբաստիկ առիթով: Փա՛ռք և գոհությո՛ւն ենք հայտնում Աստծուն, Ով շնորհ արեց մեզ այս գեղեցիկ, պատմական օրը, որը երբեք չի ջնջվի մեր հիշողությունից և կդառնա ջրաշենցիներիդ պատմության ոսկեղեն էջերից մեկը:
Հուզիչ է պահը. այսօր հայոց հողի մեջ հավերժախոս կառույցի հիմնաքար ենք զետեղում, կառույց, որ ժամանակ անց պիտի դառնա քարեղեն խնկարկում ու գոհաբանում, պիտի դառնա առհավատչյան՝ մեր բազմադարյան հավատքի ու կենսունակության:
«Ով գիտէ, թէ ինչ է բարին եւ չի անում, նրա համար այդ մեղք է» (Հակոբոս Դ 14): Սիրելինե՛ր, ուրախությամբ տեղեկացանք, որ եկեղեցու կառուցման համար ոտքի է կանգնել ողջ գյուղը՝ այս արգասաբեր հողի արժանավոր զավակները, ովքեր իրենց ճակատի քրտինքն են խառնում հայրենական ոստանի ու եկեղեցու հետ: Մեր ժամանակներում այս զոհողությունը յուրատեսակ հերոսություն է, քանզի ով անանձնական կյանք է վարում, աջակցում է հայրենիքին, Եկեղեցուն, նա՛ է հերոսը: Հերոս է այն իմաստով, որ գիտի զիջել ու ազգին ընծայել գիտի, քանզի նա, ով իր ունեցածից կամավորապես կնվիրաբերի ազգին, ազգո՛վ էլ կբարձրանա, նա՛, ով իր բարիքներից կզոհի հոգևոր, անանց արժեքների համար, կարժանանա հավիտենական բարիքների ու փառքի: Հիշեցե՛ք, ով Աստծուն բաժին կհանի Աստծու տված ժամանակից, կարողությունից և լիությունից, նա՛ էլ կարժանանա Աստծո զավակ կոչվելուն:
Եկե՛ք, ուրեմն, միասնաբար աղոթք բարձրացնենք առ Բարձրյալն Աստված: Թող դեպի Երկինք հառնող կառուցվելիք այս եկեղեցին ջրաշենցիներիդ աղոթքներով դառնա նորոգված հավատքի մի յուրատեսակ ու հնչեղ անլռելի՛ զանգակատուն, որի ղողանջները կթափանցեն ձեր տներից ներս, պարուրեն յուրաքանչյուրիդ սրտերն աստվածային սիրով և խաղաղությամբ՝ ապրեցնելով ձեր հոգիները հոգևոր լեցունության բերկրալից և երջանիկ պահերով»:
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը արարողությունը հանդիսպետելու համար և, դիմելով հավաքվածներին, ասաց. «Եթե գյուղացիներն ու համայնքը որոշել են, որ գյուղում եկեղեցի պիտի պարտադիր կառուցվի և դրանով համայնքի պատմությունը շարունակվի, ապա այդ քայլը միանգամայն ողջունելի է: Նշանակում է գյուղում եկեղեցի ունենալու կարիքն իսկապես զգացվում է: Մենք ընդամենը պետք է օգնենք, աչալուրջ լինենք, որ եկեղեցին արագ կառուցվի: Սա է մեր պատմությունը, սրանով ենք մենք երևացել ամբողջ աշխարհին»:
Հիմնարկեքի արարողությունից հետո Տ. Նավասարդ Սրբազանը այցելեց Բարձրաշեն համայնք: Տեր Ղազար քահանա Պետրոսյանը, Բարձրաշենի գյուղապետն ու գյուղի դպրոցի տնօրենը Սրբազան Հորը ուղեկցեցին դեպի այն վայր, որտեղ արդեն փորվել են այս գյուղի ապագա եկեղեցու հիմքերը:
«Վստահ եմ, որ շուտով այստեղ վեր կխոյանա մի հոյակերտ եկեղեցի, որ ձուլվելով շրջակա գեղեցիկ բնությանը` կդառնա Արարչի հրաշալի արարչագործության և մարդու ստեղծագործության ներդաշնակություն»,- բարձրաշենցիներին ասաց Սրբազան Հայրը: Հիմնային աշխատանքներից հետո շուտով այս համայնքում էլ կկառուցվի եկեղեցի:
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց նաև Հովտաշեն համայնք, որտեղ եկեղեցու շինարարությունն արդեն ընթացքի մեջ է: Սրբազան Հայրը օրհնեց շինարարներին, ում ջանքերով եկեղեցին շուտով կհանձնվի հավատավոր ժողովրդին:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930