Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպահայերի Ֆորումից ՀՀ ԱԺ Նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակի լրացում

Նոյեմբեր 05,2013 11:01

Հարցաշար թիվ 1

Հարգելի պարոն Աբրահամյան

Ի լրացում հոկտեմբերի 31-ին Ձեզ հանձնված բաց նամակի՝ ցանկանում ենք առավել մանրամասնել ներկայացված խնդիրները, և հարցաշարի միջոցով օգնել Ձեզ, որպեսզի հասցեատերերին ուղղված Ձեր հարցերը լինեն անխոցելի, քանի որ սահմանադրորեն ԱԺ իրավասությունների տիրույթում է գտնվում ազգային կարևորագույն հարցերի բարձրացումը ու դրանց լուծման վերահսկողությունը: Նաև ցանկանում ենք նշել, որ ստորև ներկայացված հարցերի պատասխանները մենք ունենք, սակայն, հարգելով անմեղության կանխավարկածի օրենսդրական դրույթը, զերծ ենք մնում այս պահին մեղադրանքներից և ցանկանում ենք լսել այն բարձրագույն պաշտոնյաների պատասխանները, որոնց անունները նշված են կոռուպցիոն անհերքելի փաստերի մեջ:

 

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

 

1. Ո՞ր իրավունքով է ՀՀ կառավարությունը „Նաիրիտ“ գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնեթղթերի 90%-ը նվիրաբերել քիմիայի ոլորտում ղեկավարման փորձառություն և պատմություն չունեցող ու ընդամենը 25000 ֆունտստերլինգ ունեցող օֆշորային “Rhinoville Property Limited“ ընկերությանը, որն էլ, ունենալով ՀՀ կառավարության պետական երաշխիքը, գրավադրելով նշված բաժնեթղթերը, 70 միլիոն դոլար վարկ է վերցրել „Միջպետական բանկից“, նույն գումարի 39 միլիոնով գնել „Նաիրիտ“ գործարանը, իսկ մնացած 31 միլիոն դոլարը գրպանել: Ինչպե՞ս կարելի էր ժողովրդի ունեցվածքը`բաժնեթղթերը, կառավարական մակարդակով նվիրել անհայտ սուբյեկտին, որ նա գրավադրի ժողովրդի սեփականություն հանդիսացող գույքը՝ դրա դիմաց ստանալով վարկ, գումարի մի մասով գնի ժողովրդի ունեցվածքը, իսկ մնացած մասն էլ ,,անհայտացնի,,:

 

2. Ո՞ր իրավունքով է, որ մինչ օրս չի հրապարակվում կառավարության հետ պայմանագիր կնքած „Rhinoville Property Limited“ օֆշորային ընկերության սեփականատերերի անունները:

 

3. Եթե ինչ որ „խորհրդավոր“ օֆշորային ընկերություն կարողացավ „Նաիրիտ“ գործարանի համար ստանալ 70 միլիոն վարկ, ապա ինչո՞ւ նույնը չարեց ՀՀ կառավարությունը, մանավանդ պետական երաշխիքներ էր տվել այդ օֆշորային ընկերությանը:

 

4. Ինչպե՞ս է ստացվում, որ նույն գործարքի ռուսական կողմի մասնակիցները „Rhinoville Property Limited“ օֆշորային ընկերությանը „վարկ“ տրամադրելու համար գտնվում են բանտերում, բռնագրավված է նրանց գույքը, իսկ հայաստանյան կողմի անմիջական մասնակիցները դեռ շարունակում են զբաղեցնել բարձր պաշտոններ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

 

5. Արդյո՞ք որևէ քննչական խումբ հետաքննել է այն փաստը, որ կաուչուկը արտահանվում էր դեպի ԱՊՀ երկրներ 2500 դոլար արժեքով, իսկ “միջնորդ” ֆիրմաները այն սպառողին էին մատակարարում մինչև 8000 դոլար արժեքով` ստանալով գերշահույթ:

 

6. Արդյո՞ք որևէ քննչական խումբ տեղյակ է, որ “Նաիրիտում” պայթյունի հետևանքով զոհերի հիմնական պատճառ նշվեց 150.000 դոլար ֆինանսական միջոցների բացակայությունը, բայց պայթյունից օրեր առաջ “Նաիրիտի” հաշվից 30 միլիոն դոլար է փոխանցվել տարբեր ֆիրմաների և անհատների, իսկ պայթյունի իրական պատասխանատուն մնաց անպատիժ ցայսօր:

 

7. Արդյո՞ք որևէ քննչական խումբ տեղյակ է, որ ՀՀ Ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում բացահայտված միջանկյալ ակտում արձանագրված բազմամիլիարդ դրամի կողոպուտի հետ կապված հանցագործությունները կոծկվել են և չեն ուղարկվել իրավապահ մարմիններին:

 

8. Ինչպե՞ս է ստացվում, որ պետական սեփականություն հանդիսացող գույքը նվեր ստացած օֆշորային ընկերությունը հարյուրավոր միլիոնների խարդախություններ է կատարում՝ գործարանը կանխամտածված հասցնում սննկացման և հանկարծ այդ սնանկ գործարանը „գնում է“ իրեն ժամանակին գնած ու ներկայումս պարտքերի մեջ թաղված այդ նույն օֆշորային ֆիրմային: Արդյունքում, երկրում կառավարական մակարդակով իրականացվում է խոշոր քիմիական գործարանի թալան` գործազրկության և աղքատության մատնելով հազարավոր մարդկանց, որի հետևանքով խթանվում է արտագաղթը ու կորցվում է մի եզակի և հսկայական հնարավորություն ՀՀ-ի տնտեսության վերելք ապահովելու հարցում:

 

 

Հարգելի պարոն ԱԺ նախագահ

 

Հավանաբար Դուք էլ անձամբ արդեն պատկերացնում եք, թե որքան պետք է մարդ լինի ընչաքաղց ու ագահ, որքան մարդ պետք է ատի Հայ Ազգին, որ թուրքերին ցնծության հասցնող նման գործելաոճ որդեգրի ՀՀ քաղաքացիների հանդեպ: Հաշվի առնելով Ձեր բրյուսելյան վրդովմունքը՝ դիմում ենք Ձեզ հավատալով, որ կօգտագործեք բոլոր օրինական ճանապարհները Հայ Ազգին վարկաբեկող, ջլատող, աղքատության և սոցիալական աղետի հասցրած մեղավորներին արժանի պատասխանատվության ենթարկելու գործում, հետևաբար Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի կառույցները և հանձնախմբերը պատրաստ են առավելագույնը աջակցել արդարության հաստատաման գործընթացին:

 

ԵՀՄՖ Նախագահություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930