Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տրանսպորտը թանկացնելու որոշումը սոցիալական բունտի պատճառ կդառնա

Նոյեմբեր 05,2013 10:52

Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանը մտադիր է հունվարի 1-ից Երեւանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը դարձնել 150 դրամ։ Հունվարի 1-ն էլ, ըստ նույն աղբյուրների, պատահական չի ընտրված։

Իշխանությունը, հաշվի առնելով իր նախորդ դառը փորձը, ուղեվարձի թանկացման համար ընտրել է Նոր տարին՝ հաշվարկելով, որ ամանորի եռուզեռի մեջ հանրության շրջանում արձագանքը նախորդի պես բուռն չի լինի, բացի այդ, ցուրտ կլինի եւ երիտասարդները փողոց դուրս չեն գա։ Ընդ որում, մինչ սույն որոշման հրապարակումը հանրությանը, ըստ նույն աղբյուրների, կներկայացվի, որ տրանսպորտի ուղեվարձը դառնալու է 200 դրամ, բայց վերջում ՀՀ քաղաքացիներին իբր «ադալժենի» կարվի եւ իշխանությունների հաշվարկով, բոլորը գոհ կլինեն, որ գոնե 150 դրամ են վճարելու։
Ու թեեւ քաղաքական որոշումը կայացված է համարվում, իշխանությունը լուրջ մտավախություն ունի, որ իր հաշվարկները կարող են չաշխատել եւ տրանսպորտը թանկացնելու որոշումը սոցիալական բունտի պատճառ կդառնա։ Այսինքն, այս անգամ հետեւանքները կարող են լինել ողբերգական եւ չեն սահմանափակվի հազարավոր երիտասարդների փողոց դուրս գալով, ինչպես դա եղավ ամռանը եւ ինչի շնորհիվ կանխվեց տրանսպորտի ուղեվարձի թանկացումը։ Նախ, եկող ամսվանից քաղաքացիներն ավելի ռեալ իրենց մաշկի վրա կզգան գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը, քանի որ սկսելու են բնակարանները տաքացնել։
Բացի այդ, ըստ պաշտոնական վիճակագրության, ավելի քան տասը տոկոսով թանկացել է պարենամթերքը, ինչն, ի դեպ, լուրջ հիմնավորում չունի, քանի որ ՄԱԿ-ի պարենի կազմակերպության (FAO) տվյալներով, աշխարհում սննդամթերքն էժանացել է 5 տոկոսով։
Եթե այս ամենին գումարենք Ամանորի հայկական ավանդական ծախսերը ել հետամանորի համատարած «սնանկությունը», ապա սոցիալական բունտի բոլոր նախադրյալները կան, եւ իզուր չէ, որ իշխանությունը, ըստ խիստ հավաստի տեղեկությունների, պարզապես սարսափում է դրանից։
Երեկ, երբ քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանին, ով «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի նախաձեռնողներից է, հարցրեցինք՝ արդյո՞ք ակտիվիստների պայքարի վրա որեւէ ազդեցություն կունենա տրանսպորտի ուղեվարձի թանկացման համար ընտրված ժամանակահատվածը, նա պատասխանեց. «Նախ, ես կողմ եմ, որ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը տարվի մինչեւ թանկացումը։ Իմ կարծիքով, դա ավելի արդյունավետ կլինի, քան թանկացումից հետո։ Երկրորդ, որեւէ եղանակային պայման չի կարող ստիպել մեզ՝ հրաժարվել պայքարից»:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Տրանսպորտի թանկացումը կանխելու միակ ձեւը այն անվճար դարձնելն է….սրա մասին, ցավոք, չենք խոսում…իսկ դրա ձեւը կա…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930