Aravot.am-ը Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանին խնդրեց մեկնաբանել մամուլում շրջանառվող այն լուրը, թե իբր աշխարհի վերջը կլինի 2014-ին: Ըստ նույն լուրի, երկիրը կկործանվի տիեզերական ամպից, եւ սա կանխատեսել էր աստղաֆիզիկոս, դոկտոր Ալբերտ Շերվինսկին՝ Քեմբրիջից:
«Դա հերթական թյուրիմացությունն է: Երևում է «աշխարհի վերջի» թեման շատերին է հրապուրում: Նախ, եթե որևէ նման իրական ամպ հայտնաբերված լիներ, առավել ևս նրա շարժումն ուսումնասիրված լիներ, ապա գոնե հրապարակումներ կլինեին աստղագիտական ամսագրերում, իսկ նման բան չկա: Երկրորդ, Ալբերտ Շերվինսկի անունով աստղագետ չկա էլ, կամ գուցե մեկն է, ով իրեն «աստղագետ» է հռչակել»,-ասաց գիտնականը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ