Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավասարակշռելու խնդիրն այսօր ունի կենսական նշանակություն». Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 04,2013 22:29

1in.am․ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը:

– Պարոն Քոչարյան, մինչ բոլորին թվում է, թե ՌԴ-ն զբաղված է Եվրասիական միության ձևավորմանաշխատանքներով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարում է, որ կազմակերպությանանդամ երկրները համաձայնել են, որպեսզի ՀԱՊԿ կազմում գործող զորամիավորումների ղեկավարումն իրականացնի Ռուսաստանի Զինված ուժերի օպերատիվ-ռազմավարականհրամանատարությունը: Սա ի՞նչ հեռանկար է խոստանում Հայաստանի համար: Չի՞ նշանակում արդյոք, որ սա միտված է նրան, որ ողջ բանակի վերահսկողությունն ապագայում իրականացնի հենց Ռուսաստանի Դաշնությունը:

– Նախ եկեք հասկանանք թե ինչ են իրենցից այսօր ներկայացնում ՀԱՊԿ-ը, Եվրասիական միությունը և Մաքսային միությունը: Դրանք, ըստ էության, այն շրջանակներն են, այն լծակները, որոնց միջոցով Ռուսաստանը ձգտում է բավարարել իր կայսերական ամբիցիաները, վերականգնել իր անարգել կառավարումը հետխորհրդային տարածքում և իր սահմաններից հնարավորինս ետ մղել բոլոր հնարավոր սպառնալիքները: Այն, ինչ կատարվում է այսօր ՀԱՊԿ-ում այս քաղաքական օրակարգը սպասարկող ընթացքն է: Եթե մենք խոսում ենք կառավարման ճիշտ ձևաչափի մասին, ապա ՀԱՊԿ կազմում գործող զորամիավորումների ղեկավարումը պետք է իրականացվի անդամ պետությունների կողմից ձևավորված միասնական ռազմական շտաբի կողմից: ՀԱՊԿ զորամիավորումների ղեկավարումը Ռուսաստանի ԶՈւ օպերատիվ-ռազմավարական հրամանատարությանը հանձնելու որոշման մեջ հստակորեն երևում է Ռուսաստանի ձգտումը ժամանակի ընթացքում հասնել ոչ միայն այդ զորամիավորումների միանձնյա ղեկավարմանը, այլ նաև ազդեցություն ունենալ ՀԱՊԿ պետությունների ողջ ԶՈւ համակարգի կառավարման և անվտանգության ոլորտին վերաբերող որոշումների ընդունման գործընթացների վրա:

Այս շրջանակներում Հայաստանն` իր անվտանգության համակարգի չբալանսավորվածության ու Ռուսաստանից անհամաչափ կախվածության պատճառով, գտնվում է ամենախոցելի վիճակում: Այսօր զրկվելով ինչպես անվտանգության, այնպես էլ արտաքին քաղաքականության ու տնտեսական համագործակցության ոլորտներում ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությունից` վաղը Հայաստանը Ռուսաստանի կողմից կօգտագործվի որպես լրացուցիչ լծակ այլ պետությունների` ներառյալ ՀԱՊԿ անդամների դեմ, ինչն իր հերթին կբերի նրան, որ այդ պետությունները կհակազդեն Հայաստանին այլ տարբեր միջազգային շրջանակներում, և Հայաստանը վերջնականապես կմեկուսանա միջազգային ու տարածաշրջանային գործընթացներից:

– ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենն օրերս Բրյուսելում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է համագործակցել ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ ՀԱՊԿ անդամպետությունների հետ: Բացառո՞ւմ եք արդյոք, որապագայում Հայաստանի փոխարեն Ռուսաստանը կգնա ՆԱՏՕ-ի հետ երկխոսության:

– Ես չեմ բացառում նույնիսկ, որ Ռուսաստանն արդեն այսօր ոչ ուղղակիորեն տնօրինում է մեր հարաբերությունների ընթացքը: Ռասմուսենի հայտարարությունն ինքնին վկայում է այն մասին, որ Ռուսաստանը վաղուց է ձգտում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները տեղափոխել ՀԱՊԿ-ՆԱՏՕ հարաբերությունների ձևաչափ: ՆԱՏՕ-ն այսօր մերժում է այդ ձևաչափը, սակայն եթե Հայաստանը ենթարկվի այնպիսի ճնշումների, որոնց արդյունքում ինքը հայտարարի, որ այսուհետ իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ տնօրինվելու են ՀԱՊԿ-ի միջոցով, ապա ՆԱՏՕ-ն, իմ կարծիքով, հնարավոր է, որ համաձայնի դրան:

– Ի վերջո, ինչպե՞ս հավասարակշռել ՀՀ անվտանգության համակարգը, որից այդքան կախված է ՀՀ արտաքին քաղաքական ուղեգիծը, ինչպե՞ս այն կատարելագործել:

– Հավասարակշռելու խնդիրն այսօր ունի կենսական նշանակություն, որովհետև ներկայիս վիճակը սահմանափակում է Հայաստանի ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը, վտանգում է մեր ինքնիշխանությունը և անկախությունը: Դրա վառ ապացույցը տեսանք վերջերս` չորս տարի բանակցում էինք ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ, բայց որը չդարձավ իրականություն մեր անվտանգության համակարգի չբալանսավորված լինելու պատճառով: Սակայն ռազմական անվտանգության համակարգը պետության ընդհանուր անվտանգության և անկախության պահպանման համակարգի բաղկացուցիչներից միայն մեկն է, և չի կարող զարգանալ կամ բալանսավորվել այլ բաղկացուցիչներից անջատ: Երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, և Հայաստանն անկախություն ձեռք բերեց, մենք, ինչպես նաև մյուս նախկին հանրապետությունները, այսպես ասած, «ժառանգման» կարգով ստացանք ազգային անվտանգության հնարավորինս համաչափ և բալանսավորված համակարգ` համապատասխան նյութական ռեսուրսով, և ամենակարևորը` 90-ականների սկզբին մենք ինքնուրույն էինք ղեկավարում մեր ռազմական անվտանգության համակարգը, տնտեսությունը և էներգետիկ համակարգը: Այս ամենը, հանուն ընդհանուր նպատակի, ազգային գաղափարի շուրջ համազգային համախմբվածության և ինքնուրույն քաղաքական ու ռազմական որոշումներ ընդունելու պայմաններում դարձավ մեր հաղթանակի գրավականը:

Ցավոք, հաղթանակին հաջորդած տարիների ընթացքում երկրի ինքնուրույն և համաչափ զարգացումը մի շարք պատճառներով խաթարվեց, խնդրահարույց ընտրությունները, արագ տարածվող կոռուպցիան, իսկ հետագայում նաև մենաշնորհները դարձան մեր քաղաքական մշակույթի հիմնական բնորոշիչները: 1999 թվականից և մասնավորապես Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո և դրա շնորհիվ երկրի ղեկին հայտնվածները, անտեսելով ազգային շահը, սկսեցին պետությունը մաս-մաս հանձնել այն ուժերին, որոնք աջակցում էին իրենց իշխանությունը պահելուն: Այս գործընթացի արդյունքում Ռուսաստանը գերիշխող դեր ստացավ կենսական նշանակություն ունեցող բոլոր ոլորտներում` ներառյալ ռազմական անվտանգության ոլորտը, և իր այդ դիրքը սկսեց օգտագործել Հայաստանի միջոցով տարածաշրջանում սեփական շահերը առաջ մղելու նպատակով:

Այս վիճակից դուրս գալը անհրաժեշտ, բայց դժվար խնդիր է, քանի որ պահանջում է ողջ պետական համակարգի նպատակաուղղված, համապարփակ և միաժամանակյա բարեփոխումների անցկացում և կառուցվածքային վերադասավորում համաձայն այսօրվա իրողությունների: Ողջ պետական համակարգ ասելով` ի նկատի ունեմ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ էներգետիկ, և՛ ռազմական բաղադրիչները, որոնց հիմնական փաթեթը պետք է նորից պատկանի ՀՀ կառավարությանը և ժողովրդին, և կառավարվի վերջիններիս կողմից: Հասնել սրան հնարավոր է ներքին ռեսուրսի պատշաճ օգտագործման միջոցով` աստիճանաբար ավելացնելով սեփական մասնաբաժինը համապատասխան բնագավառներում, և զուգահեռ տրոհելով կախվածությունը մեկ ուժային կենտրոնից` ավելացնելով համագործակցության ծավալը այլ արտաքին խաղացողների հետ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930