Կապանում հանդիսավոր արարողությամբ բացվեց կապանցի ակտիվ երիտասարդների կողմից հիմնադրված «Վերադարձ երիտասարդական քաղաքացիական շարժում» հ/կ-ի գրասենյակը, որին մասնակցում էին տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, մայրաքաղաքից եւ մարզի տարբեր բնակավայրերից ժամանած հյուրեր, ինչպես նաեւ Կապանի բնակիչներ:
«Վերադարձ»-ի հիմնադիրները չեն խրախուսում արտագաղթը, հայի ապագան տեսնում են Հայաստանում եւ մեծ հույսեր կապում հայրենիքից հեռու ապրող հայրենակիցների վերադարձի հետ: «Ինչո՞ւ վերադարձ, քանի որ մենք հավատում ենք, որ հայի ապագան Հայաստանում է, առավելեւս, կապանցունը՝ Կապանում, քանի որ այս հողը մեր ավագ սերունդների հայրենասիրությամբ, արյամբ եւ քրտինքով է պահպանվել, քանի որ այսօր հայրենասիրության պահանջը հայրենիքում ապրելու, հայրենիքը շենացնելու խնդիրն է, հայը պետք է Հայաստանում ապրի: Սա այն խնդիրն է, որ պետք է մտահոգի յուրաքանչյուր հայի, անկախ նրանից, թե որ երկրում է ապրում», -ասաց «Վերադարձ երիտասարդական քաղաքացիական շարժում» հ/կ-ի նախագահ, կապանցի երիտասարդ Դավիթ Սիմոնյանը (ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանի որդին) եւ հավելեց, որ «Վերադարձ»-ն պատրաստ է համագործակցել տեղական եւ միջազգային կազմակերպությունների, իշխանությունների եւ բոլոր նրանց հետ, ովքեր կխրախուսեն եւ կաջակցեն կազմակերպության գաղափարների իրագործմանը: «Վերադարձ»-ն աշխատելու է տարբեր ուղղություններով եւ ներառելու է հասարակական, առողջապահական, կրթական, սպորտային, մշակութային, բնապահպանական, բարեգործական եւ այլ միջոցառումներ:
Կազմակերպության հիմնական նպատակն է նաեւ աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը ՀՀ-ում:
«Արդարություն, ազատ խոսքի իրավունք, ապաքաղաքականություն, հենց այս սկզբունքների վրա է հիմնված հ/կ-ն, «Վերադարձ»-ը գործելու է անկաշկանդ եւ ինքնուրույն, ժամանակն է մի կողմ դնել անձնական կաշկանդվածությունն ու ամբիցիաները եւ համախմբվել մեկ գաղափարի շուրջ: Վստահ եմ, որ համախմբվելով կարող ենք հասնել առավելագույնին: Մեր ծրագրերն իրատեսական են եւ իրագործելի, մեր ապագան մեր ձեռքերում է», – նշեց «Վերադարձ» հ/կ-ի անդամ Գոռ Թադեւոսյանը:
Նորաստեղծ հասարակական կազմակերպության անդամ Արփինե Հարությունյանն էլ կարեւոր համարեց այնպիսի թիմի ձեւավորմանը, որը բաղկացած կլինի քաղաքի խնդիրներով մտահոգ քաղաքացիներից, ովքեր պատրաստ կլինեն նոր, ինքնատիպ լուծումներ առաջարկել առկա խնդիրներին եւ կնպաստեն Կապանն ավելի բարեկեցիկ դարձնելու կարեւորագույն գործին:
Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը ողջունեց կապանցի երիտասարդների այս քայլը եւ պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցել ու համագործակցել նրանց հետ: Հ/Կ նախագահ Դավիթ Սիմոնյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ արդեն գտնվել են մարդիկ, ովքեր իրենց ֆինանսական աջակցությունն են հայտնել կազմակերպությանն օգնելու համար: Իսկ մեր այն հարցին, թե վերադարձի ապահովման համար Կապանում արդյոք կա՞ն անհրաժեշտ նպաստավոր պայմաններ, որտեղ նրանք կկարողանան ետ վերադառնալու պարագայում ապրել ու աշխատել, առավելեւս, երբ այսօր Կապանից դեռեւս արտագաղթողներ կան, հ/կ նախագահը պատասխանեց. «Ցանկացած դեպքում ես չեմ խրախուսում արտագաղթը, բայց ինձ իրավունք էլ չեմ վերապահի քննադատել այն մարդկանց, ովքեր հեռանում են: Տարբեր երկրներում ապրող հայերի վերադարձը մեր՝ երիտասարդներիս, ցանկությունն է: Մենք կանենք ամեն ինչ գոնե մեկ քայլ առաջ գնալու համար», – ասաց Դավիթը: «Վերադարձ» հ/կ-ն իր գործունեությունը սկսում է Կապանից՝ նպատակ ունենալով հետագայում այն ընդլայնելու ողջ հանրապետությունում:
Իսկ թե «Վերադարձ»-ին որքանո՞վ կհաջողվի իրագործել իր առջեւ դրված նպատակները՝ ժամանակը ցույց կտա, մնում է հուսալ, որ նորաստեղծ ՀԿ-ն չի նմանվի եւ չի լրացնի անգործության մատնված հանրապետության մի շարք հ/կ-ների շարքը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հենց որ կարդացի,որ «Վերադարձ երիտասարդական քաղաքացիական շարժում» հ/կ-ի նախագահը ԲՀԿ-ական պատգամավորի որդի է, ԼԻՈՎԻՆ հիասթափվեցի այս հ/կ-ից ու հավատս կորցրի իրենց արդյունավետության և ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ նկատմամբ: Ակամայից հիշեցի Լիսկայի կողմից ստեղծված «Դավիթբեկյան ուխտեր» հ/կ-ի ՀՀԿ-ական «նժդեհական» երիտասարդ կապանցիների «Կապանը ծաղկեցնելու ‘ջանքերը’»:
ԲՀԿ-ն ՀՀԿ-ի դուստր բիզնեսը չի՞: ԲՀԿ-ն Գ.Ծառուկյանի շուրթերից ու գրպանից կախված մեկ մարդ-«կուսակցություն» չի՞: Ներողություն,բայց ես ՉԵՄ հավատում այս «Վերադարձ երիտասարդական քաղաքացիական շարժում» հ/կ-ին: Ի՞նչ է սա. հիմա էլ ԲՀԿ-ական բլե՞ֆ Կապանցու ջանին:
Ես արդեն բազմաթիվ անգամներ գրել եմ. Կապանի ԹԻՎ ՄԵԿ գերխնդիրն այն է,որ հանքային բարոնների «նժդեհական» կլանը ԳՐԱՎԵԼ է Կապանի ողջ քաղաքական և տնտեսական դաշտը: Այ երբ այս հ/կ- ն ԼՈՒՐՋ ՊԱՅՔԱՐ սկսի այս հանքային կլանի դեմ,ես իրենց նոր ԼՈՒՐՋ կընդունեմ:
Կապանի ճանապարհը ես էլ գիտեմ. ինձ պետք չի՜ ձեր «օգնությունը»:
Հարգելիս խնդրում եմ մի կողմ դրեք անձնական հիասթափությունը և լավատեսորեն մոտեցեք երևույթներին: Այս կազմակերպության անդամներ են տարբեր կուսակցությունների ամենաակտիվ երիտասարդներ ինչպես նաև անկուսակցական երիտասարդներ:
Կազմակերպությունը դեռևս նոր է ձևավորված, դուք ինչ գիտեք թե ում դեմ է, կամ չի պայքարելու…
Խոսելու փոխարեն ինքներդ պայքարեք, իսկ եթե միայնակ չեք կարող, միացեք հենց այդ կազմակերպությանը:
Կազմակերպությունը դեռևս նոր է ձևավորված, դուք ինչ գիտեք թե ում դեմ է, կամ չի պայքարելու… Խոսելու փոխարեն ինքներդ պայքարեք, իսկ եթե միայնակ չեք կարող, միացեք հենց այդ կազմակերպությանը:
Ուրեմն անմիջապե՛ս փոխեք ձեր հ/կ-ի նախագահին և դրեք մի անկուսակցական երիտասարդի կամ երիտասարդուհու: Պիտի հասկանաք,որ այլապես այն տպավորությունն է ստեղծվում,որ ԲՀԿ-ական պատգամավորը իր տղու համար կարիերա է ստեղծում: Ես միամիտ չեմ,որ ԻՐԵՆՑ (հորն ու տղուն) օգնեմ,որ Կապանն ու Հայաստանը ավելի «բարգավաճեցնեն»: ՀՀԿ-ական Լիսկայի կողմից ստեղծված «Դավիթբեկյան ուխտեր» հ/կ-ի «նժդեհական» նախագահն էլ դարձավ Կապանի ներկայիս փոխքաղաքապետը: Այսպես ու՞ր կհասնե(ն)ք:
Ձեր համար ինչ տարբերություն հ/կ- ի նախագահն անկուսակցական կլինի ՀՀԿ-ից կլինի <>-ից, ՀԱԿ-ից թե մեկ այլ կուսակցությունից: Միևնույն է դուք ձեր թունավորված մտքով էլի մի բան կասեք: Ընտրել էք ամենահեշտ տարբերակը՝ հեռվից քննադատելը, փոխարենը աջակցեք երիտասարդներին:
Տարբերությունն այն է,որ չդառնան ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի կցորդը ու,ի վերջո, իրենց (PR-ային) կամակատարը,ինչպես «նժդեհական» ՀՀԿ-ի կողմից հսկվող «Դավիթբեկյան ուխտեր» հ/կ-ի դեպքում է:
Ձեր համար միգուցե ես «հեռվից “թունավորված մտքով” քննադատում եմ», իսկ ես գտնում եմ, որ ես ՏԵՂԻՆ ու կառուցողական քննադատություն եմ արել: Ես ԵՐԲԵՔ անտեղի չեմ քննադատում: Հետո՝ անցած 4 տարիների ընթացքում ես նաև ԲԱԶՄԱԹԻՎ վերլուծություններ,առաջարկներ ,գովասանքի ու քաջալերանքի խոսքեր եմ գրել:
Իսկ դուք/այդ երիտասարդները (այս պահին) Ի՞ՆՉ են անում, որ «օգնեն» իրենց: Այս պահին այդ հ/կ-ն թղթի վրա ձևակերպված մի կազմակերպություն է, իսկ ավելի կոնկրետ՝ ԲՀԿ-ական պատգամավորը տղու անունով/նախագահությամբ մի հ/կ է ձևակերպել,որ ՏՂԱՆ առաջ գնա:Գրածս երևի ձեզ դուր չգա,բայց սա է իրականությունը:
Ձեզ թվում է, թե ձեր օդային կոչերից կապանցիները պիտի հուզվեն,վերադառնան ու պառկեն իրենց դատարկ ստամոքսների վրա՞: Երբ որ ձեր հ/կ-ն դուրս կգա ու կպայքարի ՀՀԿ-ական/ հանքային կլանի դեմ,առաջինը ես կասեմ՝ հալալա այս երիտասարդներին:
Այսօր Կապանում մարզպետարան-քաղաքապետարան-ոստիկանություն-դատարան-նոտար ՍԱՂ ՀՍԿՎՈՒՄ են հանքային մի քանի բարոնների կողմից:Ով,իրենց տայֆայից դուրս, ուզում է լուրջ ներդնել Կապանում, խփում են գլխին,որ իրենց դեմ ուժ չդառնա: Ավետիք Բուդաղյանի թիկունքից գնդակահարությունը սրա վառ օրինակ:
Ինձ պիտակներ կպցնելու փոխարեն պայքարեք իսկական թունավորների դեմ:
Հիվանդագին ինքնասիրություն ունեցողին թվում է, թե մարդիկ իրեն խոցելու համար են մեռնում։ Կներեք իհարկե, բայց դուք այդպիսին եք:
տեսնես էդպիսի մի նյութ է լինելու այս կայքում Կապանի իրադարձությունների մասին, որ դու քո ստորագրությունը տակով չդնես?????? Սպանիր թողիր !
իսկ ինչ գործունեություն եք ծավալելու հկ-եր
նպատակը
Կազմակերպության նպատակների ու գործունեության մասին կարող էք տեղեկանալ Facebook սոցիալական կայքում բացված <> երիտասարդական քաղաքացիական շարժում հկ -ի էջից կամ խմբից:
Երբ վերջանում են արգումենտները,սկսվում են ԱՆՁԻՆ ուղղված պիտակավորումներն ու հարձակումները:
Ձեր տեսակը տենց շուտ մեռնողը չի. 9 դեմք ու 9 գույն ունի: