Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն աշխատանքային օրվա ավարտից հինգ րոպե առաջ հրապարակեց ՊՆ «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանի եւ նրա որդու`բժշկական համալսարանի ուսանող Հակոբ Աբաջյանի դատավճռի եզրափակիչ մասը:Վաղարշակ Աբաջյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման, որդին` տասնվեց տարվա ազատազրկման:
Դատավորը դեռ չէր ավարտել հրապարակումը, երբ Վ.Աբաջյանը սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ մեղադրանքը պաշտպանած դատախազին` Ա.Հակոբյանին: Նա հեռացվեց նիստերի դահլիճից, իսկ այդ ընթացքում ուշագնաց եղավ նրա կինը:
Աբաջյանները մեղադրվում են ամուսիններ, «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանին, նրա ամուսնուն` Յուրի Սրապյանին առանձնակի դաժանությամբ սպանելու, խարդախության համար:
Վաղարշակ Աբաջյանը համակարգչային շարվածքով, երեսունվեց էջանոց պաշտպանական ճառով հանդես եկավ, ասելով, որ իրականում տուժողն ինքն է, որ Ալվարդն իր անունից գումարներ է վերցրել տարբեր անձանցից, էժան գներով բնակարաններ գնելու համար:
Նա ասաց, որ Յուրայի հրելու, անզգույշ մահ պատճառելու, հետո դիակը թաքցնելու դրվագն ընդունում է, բայց Ալվարդի սպանությունն իրենք չեն արել, եւ որդին ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել ոստիկանների խոշտանգումների արդյունքում: Ի դեպ, խոշտանգումների գործով իրենց դիմումը մարդու իրավունքների եվրոպական դատարանում է:
Հանգուցյալ Ա.Աբրահամյանի մարմնում փորձագետները հայտնաբերել են սեռական բռնարարքն ապացուցող հետքեր:Ստուգվել են հայր եւ որդին, նրանց արյան մեջ այլ հետքեր առկա չեն եղել: Ըստ ամբաստանյալի, նախաքննության մարմինը չի պատասխանել.հետմահո՞ւ են բռնաբարել Ա.Աբրահամյանին, թե՞ սպանությունը կատարվել է այլ շարժառիթներով:
Ամբաստանյալն ասաց, որ իրենք մինչեւ Եվրոպա դիմելու են`խոշտանգումներով հարուցված քրեական այս գործի համար:
Ամբաստանյալի պաշտպան Ռուբեն Ռշտունին ասաց, որ ի վիճակի չէ հանդես գալ պաշտպանական ճառով` նկատի ունենալով այն, որ դատական նիստի ավարտին կես ժամ էր մնացել, եւ նաեւ այն, որ ինքը դատարան է ներկայացել հիվանդ: Դատարանը արձանագրեց, որ սեպտեմբերի չորսից պաշտպանին տրվել է այդ հնարավորությունը, եւ նա չի օգտվել իր այդ իրավունքից: Պաշտպանական ճառով հանդես եկավ Հակոբ Աբաջյանը: Նա խնդրեց, որ արժանահավատ համարվի դատարանում տրված իր ցուցմունքները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ