Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մասնակցեց «Բաց կառավարման գործընկերության» Լոնդոնի գագաթաժողովին

Նոյեմբեր 04,2013 19:07

Հոկտեմբերի 30 ‒ նոյեմբերի 1-ին Լոնդոնում կայացավ «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) նախաձեռնության 2013թ. գագաթաժողովը, որին մասնակցեցին արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գեւորգյանը, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Գագաթաժողովի հիմնական նպատակն էր ի մի բերել ԲԿԳ գործունեության առաջին երկու տարիների արդյունքները, մասնավորապես՝ գործողությունների ազգային ծրագրերով նախատեսված հանձնառությունների կատարումը, քննարկել գործողությունների նոր ծրագրերի մշակման հետ կապված հարցերը, կառավարության գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման մեխանիզմները, նախաձեռնության շրջանակներում կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխգործակցության արդյունավետության բարձրացման հեռանկարները:

Գագաթաժողովի շրջանականերում փոխնախարար Աշոտ Հովակիմյանը՝ մամլո ասուլիսի եւ ելույթի միջոցով ներկայացրեց Հայաստանի գործողությունների նոր ծրագրի՝ կառավարության կողմից առաջարկվող ընդհանուր դրույթները: Հատուկ անդրադարձ կատարվեց Հայաստանի 2014-16 թթ. կարեւորագույն հանձնառություններից մեկին՝ հանքարդյունաբերության բաց շտեմարանի ստեղծմանը, որի նպատակն է թվայնացնել եւ հասարակությանը հասու դարձնել ՀՀ երկրաբանական գործակալության արխիվներն ու տվյալները: Հանձնառությունն արձագանքում է առաջիկա տարիների համար ԲԿԳ գործընթացում հայտարարված հինգ առաջնայնություններից մեկին՝ բնական պաշարների օգտագործման ոլորտում թափանցիկության ապահովմանը: Նախարարի տեղակալ Հովակիմյանը նաեւ շեշտեց, որ ՀՀ կառավարությունն անելու է ամեն հնարավորը՝ ԲԿԳ գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավման ծավալն ու արդյունավետությունն ընդլայնելու համար:

Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցեցին Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնը, արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին (հեռուստակամրջի միջոցով), բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

 

ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930