Մահմեդականացած հայերի վերաբերյալ գիտաժողով անցկացնելը ժողովրդավարության տեսանկյունից խոսում է Թուրքիայի առաջխաղացման մասին, սակայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ երկիրը ոչ մի քայլ չի անում «դոգմաները» կոտրելու համար, «Հյուրիեթ» թերթին ասել է Ֆրանսահայ պատմաբան Ռեյմոնդ Գևորգյանը:
«Թուրքիան դեպի դրականն է փոխվում, և անարդարացի կլիներ այդ չտեսնելը: Այս գիտաժողովը դրա արդյունքն է», – ասել է Գևորգյանը Ստամբուլում անցկացվող մահմեդականացած հայերի թեմայով եռօրյա գիտաժողովի կապակցությամբ, որը սկսվել է նոյեմբերի 2-ին:
Ողջունելով արխիվների բացումը՝ Գևորգյանը նշել է, որ նա մինչև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Թուրքիայից որևէ շրջադարձային գործողություն չի ակնկալում այդ հարցում. «2015թ. այս դոգման կոտրելու հնարավորություն է, բայց կարծես Թուրքիան չի պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել», – ասել է նա:
Գևորգյանը նաև դեմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության հարցով երկու երկրների պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարին. «Պատմաբանները պետք է անկախ լինեն: Գործելու համար նրանք չպետք է սպասեն պետության թույլտվությանը: Բացի այդ, մենք՝ հայ և թուրք պատմաբանները, արդեն համագործակցում ենք և միասին գիտական հանդիպումներ ենք կազմակերպում», – ասել է Գևորգյանը՝ ավելացնելով, որ կարիք չկա Հայոց ցեղասպանության եղելությունը քննարկման դնելը, քանի որ իրողությունն ակնհայտ է. «Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը միջազգային հանրությունը ճանաչել է»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ