Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ հյուրընկալել է ոլորտի մի շարք աշխատակիցների։
Շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել սոցաշխատողներին՝ նվիրված աշխատելու համար։
«Համբերատարություն պահանջող ծանր աշխատանք եք ստանձնել, որը չի կարելի չնկատել և պետք է ըստ արժանվույն գնահատել։ Դուք բնակիչների հետ անմիջական շփում ապահովող այն օղակն եք, որը մշտապես նրանց կողքին է ու, ըստ այդմ, նաև ձեր վերաբերմունքով է պայմանավորված քաղաքացու վստահությունը ինչպես ոլորտի, այնպես էլ վաղվա օրվա նկատմամբ: Ուստի ակնկալում եմ ձեզանից յուրաքանչյուրից առավելագույնս օգտակար լինել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն ձեր աջակցության կարիքը»,– ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Սոցիալական աշխատողի օրվա, սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների ստեղծման 20-ամյակի, ինչպես նաև սոցիալական ծառայությունների կայացման գործում ունեցած մեծագույն ավանդի, ոլորտում երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի պատվոգրերով են պարգևատրվել սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի առողջապահության, սոցիալական ապահովության և ծրագրերի բաժինների 14 աշխատակիցներ։
Կարդացեք նաև
Ոլորտի 12 աշխատակիցների էլ շնորհվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն