Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց ֆուտբոլը բացում է չակերտները

Նոյեմբեր 04,2013 18:12

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի օրերս կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայաստանում կանանց ֆուտբոլի խնդիրներին, որին անմիջապես արձագանքեցին ծանրորդ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն ու սպորտային բժշկության եւ հակադոպինգային կենտրոնի փոխտնօրեն Ռաֆայել Թորոյանը:

Ինչպե՞ս է նրանց տեսակետներին արձագանքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Այս հարցով դիմեցինք ՀՖՖ մամուլի քարտուղարություն, որտեղից ստացանք հետեւյալ պատասխանը:

Հավանաբար ԲՀԿ-ացված լինելը խանգարում է ընկալել երեւույթը

«Իհարկե մեզ զարմացնում է, որ այն, ինչ ասվել է վերը նշված մարդկանց կողմից, կարելի է տեսակետ անվանել: Ուղղակի ապշել կարելի է, թե հանրահայտ մարզուհին, կամ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի տնօրենն ու սպորտային բժշկության եւ հակադոպինգային կենտրոնի փոխտնօրենը որքան կարող են ԲՀԿ-ացված լինել եւ կուրորեն կատարել անհեթեթ հանձնարարություններ՝ իրենց դնելով ծիծաղելի վիճակում:

Այն, որ օլիմպիական կոմիտեի գործադիր քարտուղարը չէր հասկացել ՀՖՖ նախագահի խոսքը՝ կապված կանանց ֆուտբոլի հետ, մեծ ողբերգություն չէ: Այդ մարդը, ինչպես տեղեկացանք մի երիտասարդի ֆեյսբուքյան գրառումից, մասնագիտությամբ ատամնատեխնիկ է: Բայց, որ ասվածը չեն հասկանում հանրահայտ մարզուհին ու գիտահետազոտական կենտրոնի տնօրենը, խոսում է մեր ԲՀԿ-ացված սպորտի ողբերգության մասին:

Օրեր առաջ ՀՖՖ նախագահի մամուլի ասուլիսի ընթացքում հնչել է հարց՝ կապված Հայաստանում կանանց ֆուտբոլի հետ, որին՝ որպես ՀՖՖ նախագահ, Ռուբեն Հայրապետյանը տառացիորեն պատասխանել է այսպես.

«Հայ մարդն իր աղջկան չի տանում ֆուտբոլի: Հավատացեք ինձ: Դա ծանրամարտ չի, որ ամբողջ երեք միլիոնի մեջ մեկ-երկու հոգի լինեն, գնան ծանրամարտով: Ֆուտբոլի առաջնություն ունենալու համար մինիմում երեք հազար հայ աղջիկ պետք է գնա ֆուտբոլ պարապի: Մենք էդ քանակը չունենք եւ հայ տղամարդիկ չեն թույլ տա, որ իրենց տաս տարեկան, ութ տարեկան աղջիկը գնա ֆուտբոլում ամեն օր ջարդվի: Դժվար ա, շատ դժվար ա: Ուղղակի մենք պիտի փորձենք աստիճանաբար: Կստացվի, թե մենք ինչ որ քայլեր պետք է անենք, բայց, այնուամենայնիվ, այսօր իմ ուշադրության կենտրոնում տղամարդիկ են, տղամարդկանց ֆուտբոլն է, որովհետեւ այն սպորտաձեւը, որը քո երկրում ապագա չունի, չարժի գումարներ եւ մեծ բաներ ծախսել: Փորձում ենք. դա ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի պահանջն է եւ մենք էլ անելու ենք ինչ որ բան, բայց որ դա դարձնենք կյանքի նպատակ՝ ոչ»:

Հիմա տեսեք, թե ինչ է գրում հանրահայտ մարզուհին այս խոսքի կապակցությամբ.

«Կարծում եմ որպես օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր իրավունք եմ ձեռք բերել կարծիքս հայտնել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարության մասին: Եթե ոչ զայրանալ, ապա առնվազն զարմանալ կարելի է, թե ինչպիսի կարծիք ունի մարզական ֆեդերացիայի նախագահը սպորտում կանանց ներգրավվածության վերաբերյալ, ով կարծում է, թե հայ աղջիկը կամ կինը իրավունք չունի ֆուտբոլով, ծանրամարտով կամ էլ բռնցքամարտով զբաղվել»:

Հիմա կարդացիք թե ՀՖՖ նախագահի կարծիքը, եւ թե մարզուհու պատասխանը.

«Եթե ոչ զայրանալ, ապա առնվազն զարմանալ, Հռիփսիմե Խուրշուդյանի վերլուծական մտքի վրա: Արդյո՞ք ՀՖՖ նախագահն իր խոսքում ասել է, կամ ՀՖՖ նախագահի ասածից բխում է, որ «հայ աղջիկը կամ կինը իրավունք չունի ֆուտբոլով, ծանրամարտով կամ էլ բռնցքամարտով զբաղվել»:

Արդյոք Հռիփսիմե Խուրշուդյանը կարդացե՞լ է «իր կարծիքը»՝ այն տարածելուց առաջ: Եթե Հռիփսիմե Խորշուդյանը կարդացել է եւ հասկացել է այն, ինչ գրել է, ուրեմն խնդիրներ ունի կարդացածը կամ լսածը հասկանալու հետ, ինչպես իր ղեկավարները եւ ուրեմն ողբալի է վիճակը: Պարզ գրագիտության խնդիր կա ուրեմն: Եթե ստիպված է դա անել, քանի որ Հռիփսիմե Խուրշուդյանը ԲՀԿ քավորության ներքո է՝ վիճակն առավել, քան ողբալի է:

Խուրշուդյանը նաեւ գրել է.

«…Երբ ողջ աշխարհն է ոտքի կանգնում ու ողջունում մեզ, երբ Հայաստանի հիմնն է հնչում և բարձրացվում է մեր հայրենիքի դրոշը, երբ ողջ հայ ժողովուրդն է ուրախանում մեր ձեռք բերած նվաճումներով«ես վստահ եմ, որ դա նաև Հայաստանում տվյալ մարզաձևի զարգացմանն է նպաստում, ինչը հասկանալի է բոլորին, երևի բացի նրանից: Իսկ ես հայտարարում եմ, որ ամուսնանալուց ու իմ հրաշք բալիկին ունենալուց հետո, ես շուտով վերադառնալու եմ ակտիվ սպորտ ու ապացուցեմ, որ հայ աղջիկը, հայ կինը կարող է և հասնելու է սպորտային մեծ բարձունքների»:

Արդյոք կարելի՞ է ենթադրել, որ Խուրշուդյանի հաջողություններից հետո մի քանի հազար հայ աղջիկ սկսել է զբաղվել ծանրամարտով, բոլոր հայ տղամարդիկ սկսել են իրենց աղջիկներին ծանրամարտի տալ եւ օլիմպիական կոմիտեն ու նրա նախագահը գլխապտույտ են ունեցել հայ պատանի մարզուհիների հաջողություններից, չեն հասցնում բազաներ ու մարզադահլիճներ կառուցել: Առավել, քան ծիծաղելի է այս ամենը: Որոշ մարդիկ այսպես նրբորեն թաքնվում են մարզուհիների հետեւում, շահարկում են մարզուհիների «միտքը»: Ճիշտ այնպես, ինչպես շահարկում են սպորտը:

Հիմա անդրադառնանք Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի տնօրենին ու սպորտային բժշկության եւ հակադոպինգային կենտրոնի փոխտնօրենին: Աշխարհում սպորտում կանանց ներգրավվածության մասին հնադարյան տվյալներով մի քանի էջանոց պարզագույն տեսական դատողություններ անելուց հետո, ինչպես նաեւ մի քանի դիլետանտական քաղաքական շահարկումներ անելուց հետո, ԲՀԿ-ական քավորությամբ գործող մարզական աշխարհի մյուս ներկայացուցիչն իբր հերքում է ՀՖՖ նախագահի «սպորտը հայ կնոջ համար չէ» չասված միտքը՝ հանգելով հանճարեղ եզրակացության, որ սպորտսմենները նույնպես առողջ երեխաներ են ծննդաբերում եւ այլն, այն պարագայում, երբ ՀՖՖ նախագահը ծննդաբերության մասին չի խոսել ոչ մի բառ: Նախ` լավ կլիներ, որ պարոն Թորոյանը նոր տվյալներ ունենար մարզաշխարհից: Հավանաբար, հարկադրական պարապուրդի արդյունք է տվյալների հնացածությունը: Երկրորդը՝ լավ կլիներ գոնե ՀՖՖ պաշտոնական կայքին հետեւեր՝ www.ffa.am, գիտելիքներն ու տեղեկացվածությունը թարմացնելու համար:

Այսպիսի կեցվածքով եւ մտահորիզոնով մարդկանցով ուղղակի շատ տխուր հեռանկար է սպասվում թե հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտին, թե սպորտի գիտահետազոտական ուղղությանը եւ թե հայկական սպորտին ընդհանրապես:

Բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկացել, այսուհետ չեն հասկանալու եւ ոչ մի պարագայում չեն հասկանալու ՀՖՖ նախագահի վերը արտահայտած տեսակետը, բերենք մի հատված վերը հիշատակված երիտասարդի՝ Տարոն Պարսամյանի ֆեյսբուքյան գրառումից. կանանց ֆուտբոլի և ծանրամարտում կանանց ներգրավվածության հարցի բացատրությունն անգամ չի ընկալվել:

«…Պարզ խնդիր է, շատ պարզ. նորից ենք բացատրում. եթե մեկը, մի աղջիկ, մի կին, անհատ կարող է իրեն նվիրել ծանրամարտին և կայանալ ու նույնիսկ՝ աշխարհի չեմպիոն դառնալ, ապա մի հոգով ֆուտբոլ չեն խաղում: Ֆուտբոլ խաղում են քսաներեք հոգով, բայց՝ քսաներեք հոգի ընտրելու համար տարիներ շարունակ տասնյակ, հարյուրավոր աղջիկներ պետք է ֆուտբոլ պարապեն: Հասկացվե՞ց հիմա տարբերությունը: Պարզ էր, չէ՞»:

Իսկ թե ինչ է անում Ռուբեն Հայրապետյանի գլխավորած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանանց ֆուտբոլի եւ մասսայական ֆուտբոլի զարգացման համար, որի բաղկացուցիչ մաս է դիտարկվում նաեւ մանկապատանեկան կանանց ֆուտբոլը եւ ինչպես են այն գնահատում ՈՒԵՖԱ-ում, առաջարկում ենք ծանոթանալ ՀՖՖ պաշտոնական կայքի վերջին շրջանի մի քանի էջերի միայն: Այդ թվում եւ ծանրամարտուհի Հ. Խուրշուդյանին եւ գիտահետազոտող փոխտնօրեն Ռ. Թորոյանին:

 

Նյութեր

https://www.ffa.am/hy/coca-cola-13/page/28

https://www.ffa.am/hy/coca-cola-13/page/26

https://www.ffa.am/hy/1372764940/page/25

https://www.ffa.am/hy/1380547852/page/9

Տեսանյութեր

https://www.ffa.am/hy/coca-cola-video-13/page/2

https://www.ffa.am/hy/1369980530/page/3

https://www.ffa.am/hy/1369391995/page/3

https://www.ffa.am/hy/women-football/page/6

 

լուսանկարներ

https://www.ffa.am/hy/FFA-Coca2012/page/4

https://www.ffa.am/hy/1354715279/page/4

https://www.ffa.am/hy/1369924031/page/3

https://www.ffa.am/hy/1370689149/page/2

https://www.ffa.am/hy/1372765361/page/2

https://www.ffa.am/hy/1380551902/page/1

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930