Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյան. Իշխանությունները նախապատրաստվում են կանխելու ընդվզումը

Նոյեմբեր 04,2013 18:02

Տրանսպորտի սակագնի բարձրացման անխուսափելիության մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի` նախօրեի պնդումը, «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին չի զարմացրել:

«Նրանց ձեռքում հնարավորություն լինի, տրանսպորտի սակագինը ոչ թե 150 դրամ , այլ 500.000 դրամ էլ կսարքեն: Ունենք պաշտոնյաներ, որոնք, գերշահույթի մոլուցքով տարված, ամեն ինչ կանեն, որ Հայաստանի քաղաքացիներին դնեն անելանելի վիճակում: Ամռանն արեցին առաջին քայլը, թանկացրին սակագինը ու հենց ստացան հանրության կոշտ պատասխանը, ինչ-որ պահ հետ կանգնեցին:Այս պահին մտածում են, որ կկարողանան կանխել հասարակական ընդվզման ալիքը եւ փորձում են կատարել երկրորդ քայլը: Երեւանում տրանսպորտի գծերը հովանավորվում են քաղաքապետարանի, ռեժիմի ներկայացուցիչների կողմից: Պատահական գծատերեր Հայաստանում չկան: Թանկացումներն արվում են, որ նրանք ստանան գերշահույթներ ու ատկատներ: Ընտրություններին այդ գծերը սպասարկել են իշխանություններին: Տրանսպորտային միջոցներով առավոտից երեկո ընտրատարածք են տարել ընտրողներ:Այս կերպ նաեւ պետք է փոխհատուցեն այդ գծատերերին»,- կարծում է պարոն Կիվիրյանը:

Նրա խոսքերով, տրանսպորտի սպասարկման ծախսերը, որ ներկայացնում է քաղաքապետարանը, չեն համապատասխանում իրականությանը. «80 դրամն էլ բավական է, շահույթներ ստանալու համար»:

Ներքաղաքային ուղեւորափոխադրումների սակագնի հարցը քննարկող հանձնաժողովն էլ, պարոն Կիվիրյանը համարում է Տարոն Մարգարյանի «գրպանային հանձնաժողով». «Դա հանձնաժողով չէ, խեղկատակություն է: Իր մանկլավիկներից ձեւավորել է ինչ-որ մարմին, որը կատարելու է իր կամքը: Դրա մեջ ներգրավված են մի քանի հոգի, կարելի է ասել` անկախ անձինք, որոնք ոչ մի ձեւով եղանակ չեն ստեղծում: Դեռ, ընդհակառակը, նրանց ընդգրկվելն էլ, ի սկզբանե, սխալ էր, որովհետեւ մի տեղ, որտեղ իրենց ձայնը չի անցնելու, անիմաստ է գնալ եւ մասնակցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խեղկատակերգությանը: Այդ հանձնաժողովը կանի այն, ինչ կհրամայի Տարոն Մարգարյանը, դա անկախ հանձնաժողով չէ, դա Տարոն Մարգարյանի գրպանային հանձնաժողովն է: Նրանք, որոնք գնացին եւ ներգրավվեցին, լեգիտիմացնում են այդ ապօրինի մարմինը: Պետք է թողնել, որ այդ ապօրինի մարմինը կատարի իր ապօրինի որոշումը, կատարի Տարոն Մարգարյանի կամքը, որ հասարակությունն ավելի ակտիվ կարողանա դրանց դեմն առնել»:

Նա նաեւ ավելացրեց, որ իշխանությունները փորձելու են կանխել սակագնի բարձրացման նոր ընդվզումները. «Այս կամ այն խմբերի` ոստիկանաքրեական տարրերի միջոցով բացատրական աշխատանքներ կատարելով, վախի մթնոլորտ ստեղծելով, արդեն նախապատրաստվում են, որ կանխեն ընդվզումը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930