«Գաղտնալսումները Հայաստանում նորություն չեն, բոլորս էլ հասցրել ենք լսել 2008-ի մարտի 1-ի գաղտնալսումները, որոնք հրապարակվեցին անհայտ անձի կողմից: ՀՀ-ն միշտ էլ այդ հնարավորությունն ունեցել է, երբ դատարանի որոշում է լինում, բջջային օպերատորները տրամադրում են այդ ձայնագրությունները»,-Aravot.am-ի հարցին` տեղեկություններ ունի՞ այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան գաղտնալսող սարքեր են ուղարկվել, այսպես պատասխանեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա նշեց, թե այստեղ կարող է խոսք լինել ցանցային գաղտնալսման մասին, օրինակ` skype-ի գաղտնալսումների մասին: Այնուհետև շարունակեց. «Skype-ը պաշտոնապես հայտարարել է, որ համագործակցում է բոլոր երկրների ոստիկանությունների հետ, եթե դատարանի հիմնավորված որոշում լինի, նա կտրամադրի գաղտնալսումները: Ուստի միշտ պիտի հաշվի առնել, որ առնվազն ամերիկյան ծառայությունները` Facebook-ը, Gmail-ը ամերիկյան կառավարության կողմից գաղտնալսվում են»:
Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ «պարզ է, եթե ՀԱՊԿ շրջանակներում համագործակցություն լինում է, ապա համագործակցություն այս ոլորտում էլ կարող է լինել»:
Հարցին` համամի՞տ է, որ ՀՀ-ում գրեթե բոլորը գաղտնալսվում են, պարոն Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Եթե մարդ համարում է, որ ինքը ինչ-որ բան է անում, որ գաղտնալսման ենթակա է, ինքը միշտ պիտի հաշվի առնի, որ իրեն կարող են գաղտնալսել, կապ չունի նա ապրում է ՀՀ-ում, թե Մոզամբիկում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ