Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, շարունակվելու էր երիտասարդ վարորդ Կարեն Վխկրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը, ով այս տարվա փետրվարի 17-ին Շիրակացի փողոցի մայթի վրա վրաերթի էր ենթարկել իր հարևաններին` Նաիրի ու Թերեզա Ուղուրլյաններին ու դիմել փախուստի: Վերջիններիս տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և 4 օր անց 4-ամյա երեխայի մայր Թերեզա Ուղուրլյանը մահացել էր:
Սակայն այժմ վիճաբանության թեմա է դարձել երիտասարդ կնոջ մահվան պատճառը, ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների, նրա մահվան պատճառը հանդիսացել է ոչ թե բժշկի թույլ տված սխալը, այլ բավարար քանակությամբ արյուն չներարկելը: Եզրակացության մեջ նշվում է, որ չկա բժշկական սխալ, պարզապես կինը եղել է Եհովայի վկա և հրաժարվել է արյան փոխներարկումից:
Թերեզայի ամուսինը` Նաիրին, պնդում է, որ նման բան չի եղել, Թերեզան անգիտակից վիճակում էր, և եթե բժիշկները ցանկություն ունենային, ապա նրան արյուն կներարկեին: Սակայն, ըստ ամուսնու, այս մասին խոսք անգամ չի եղել:
Այսօր դատարանը լսելու էր Թերեզային բժշկական օգնություն ցուցաբերած բժշկին` վիրաբույժ Տիտիրյանին, սակայն դատական նիստը հետաձգվեց:
Կարդացեք նաև
Պատճառն այն է, որ տուժող կողմը հանրային պաշտպանից բացի նոր պաշտպան էր վարձել: Փաստաբան Աննա Մարտիրոսյանը խնդրեց հետաձգել նիստը, որպեսզի ծանոթանա գործի մանրամասներին:
Հետաքրքիրն այն է, որ բժիշկ Տիտիրյանի հետ դատարան էին ներկայացել Գյումրիում մեծ ճանաչում ունեցող բժիշկներ, հիվանդանոցի տնօրեններ: Ու թեև դատավորը նրանց խնդրել էր դրսում սպասել, դատական նիստից հետո ստիպված եղավ ներս հրավիրել ու բացատրություն տալ, որ դատը օբյեկտիվ պատճառներով հետաձգել է: Բժիշկները հավաքվել էին դատական նիստերի դահլիճի դիմաց ու ակամա շեղում էին դատարան մտնողների ուշադրությունը, ովքեր հետաքրքրվում էին` տեսնես ի՞նչ է եղել, որ էսքան բժիշկ է դատարան եկել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ