Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի անդամը գոհ չէ ՀԱԿ խմբակցության աշխատանքից. «Արդյունքներն ավելի վատ են, քան սպասում էինք»

Նոյեմբեր 04,2013 17:39

 

ՀԱԿ խմբակցությունը ներկայացնում է ՀԱԿ դաշինքը: Թեեւ այն այսօր փաստացի չի գործում, բայց ՀԱԿ դաշինքի անդամ կուսակցությունները գտնում են, որ խմբակցությունն ընտրվել է նաեւ իրենց ջանքերի շնորհիվ: Aravot.am-ը ՀԱԿ դաշինքի անդամ Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանից հետաքրքրվեց՝ խմբակցության աշխատանքն ինչքանո՞վ է այսօր գոհացնում Ձեզ: Նա պատասխանեց, որ այնքան էլ չի գոհացնում. «Աշխատանք կա, բայց ոչ այնքան: Ցանկալի կլիներ, որ այնտեղ…որոշակի նաեւ խմբակցության անդամների տարաձայնություններ կան հիմա կոնկրետ, բոլորն էլ գիտեն, դրա մասին տեղյակ են: Ցավոք, իրականությունն այդպիսին է, դրա համար արդյունքներն ավելի վատ են, քան թե սպասում էինք»:

Մեր հարցին՝ Դուք ո՞ր թեւին եք սատարում ավելի շատ՝ նա պատասխանեց. «Ես նորմալ հարաբերությունների մեջ եմ ե՛ւ Արամ Մանուկյանի հետ, ե՛ւ Հրանտ Բագրատյանի հետ: Այսինքն, որեւէ խնդիր չկա: Քաղաքական առումով էլ մենք բոլորի հետ փորձում ենք համագործակցել, տարաձայնությունների խնդիր չենք դնում: Մենք փորձում ենք խնդիրների լուծման ուղղությամբ գնալ: Հրանտ Բագրատյանը միշտ էլ շատ լավ տնտեսագիտական հարցեր է դնում, խնդիրներ է դնում, Նիկոլը այլ հարցեր է դնում, պահանջներ է դնում: ՀԱԿ կուսակցությունը այլ հարցեր է դնում: Այսինքն, տարբեր դաշտերում աշխատանք է գնում, եւ մեկը մյուսին չի խանգարում»:

Հարցին՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի քվեարկությունից հետո շատերը քննադատեցին, որ ընդդիմության դեմքը բացվեց, համաձա՞յն եք դրա հետ՝ նա պատասխանեց. «Այդ քվեարկությունն ընդհանրապես շատ տարօրինակ ձեւով է անցել: Չես հասկանում՝ ով է քվեարկել, ով չի քվեարկել, ով դեմ է քվեարկել, ով՝ կողմ: Ամեն մեկը պետք է իր համար պատասխան տա: Մարդիկ ասում են՝ մենք դեմ ենք քվեարկել, բայց որ հաշվենք, պիտի «դեմ»-երը շատ լինեին: Նիկոլն ինչ-որ ձեւով էլի ցույց տվեց, որ դա արել է, բայց մյուսները…Ես չեմ կարող ասել, թե ով ինչպես է քվեարկել, իրենց կողքը կանգնած չեմ եղել: ՀՀԿ-ն էլ այսօր քվեարկության ժամանակ դաշնամուր է նվագում, ուրիշի փոխարեն քվեարկում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930