Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ալավերդյան. ՀԴՄ-ները դարձել են քաղաքական գործիք

Նոյեմբեր 04,2013 17:19

«Մաքսային միություն մուտք գործելիս ի՞նչ մաքսատուրքեր են բարձրանալու»,- այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին հարց ուղղեց անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն արձագանքելով պատգամավորի հարցին, ասաց, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն էլ նեղսրտեց`ասելով, որ ինքն ինչքան էլ փորձում է շրջանցել քաղաքականության հետ կապված հարցերին պատասխանելուց, միևնույն է դրանք հնչում են: Ապա, հաստատելով Վարդան Այվազյանին, նաեւ ասաց, որ այս պահին հստակ բան ասել չի կարող:

Խաչատուր Քոքոբելյանը շարունակեց ՊԵԿ նախագահին ուղղված իր հարցաշարը`հետաքրքրվելով, թե հարկային եկամուտների և պետական տուրքերի մեջ ինչ բաժին և ինչ տոկոս են կազմում ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը, որովհետև դա ուղղակիորեն ՀՀ քաղաքացիների կողմից վճարվող հարկ է: Այս հարցերի պատասխանով պատգամավորը ցանկանում էր ընդհանուր պատկերացում կազմել հանրապետության բիզնես-իրավիճակի մասին:

ԱԱՀ-ի և ակցիզային հարկի տեսակարար կշռի վերաբերյալ Ալավերդյանը նշեց, որ տարիներ շարունակ դրանք եղել են գերակշիռ, 10-15 տարի առաջ՝ 70-75 տոկոս, այսօր տեսակարար կշռի էական փոփոխություն է կատարվել. «Դեռևս ԱԱՀ գումարած ակցիզ ավելի շատ է երևի երկու-երեք տոկոսային կետով, քան շահութահարկ գումարած եկամտային հարկ, որովհետև վերջիններիս հաշվին մենք արդեն 400 մլրդ-ից ավել եկամուտ ենք նախատեսում: Բայց 55 հազար տնտեսվարող սուբյեկտ այսօր աշխատում է շրջանառության հարկի դաշտում, սրանք շահութահարկ վճարողներ չեն, սրանք այլ հավասար պայմաններում պետք է վճարեին շահութահարկ, բայց այժմ մենք այստեղ թիվ ենք կորցնում, որովհետև մենք ունենք ՓՄՁ-ի դաշտում գործող սուբյեկտներ, որոնց համար խաղի այլ կանոններ են սահմանվել, այդ համամասնության վրա դա էլ է ազդում: Իսկ բացարձակ թվերով  ԱԱՀ-ն 444,7 մլրդ է, շահութահարկը՝ 136 մլրդ, եկամտային հարկը՝ 287 մլրդ և ունենա ակցիզ` 57,6 մլրդ»:

Այնուհետեւ Քոքոբելյանն անդրադարձավ ՀԴՄ-ների  չարչրկված հարցին. «Իհարկե ողջունում եմ, որ թեև ուշացումով, կառավարությունն այնուամենայնիվ վերանայեց իր որոշումը նոր սերնդի ՀԴՄ-ի ձեռքբերման հետ կապված, թեև մինչ այդ վարչապետը պարզաբանում էր, թե այդ որոշումը շատ հիմնավորված է և արդարացված: Որքան իրավաբանական անձ է արդեն մինչ այս պահը ձեռք բերել և քանիսը դեռ ձեռք չի բերել»:

Ըստ ՊԵԿ փոխնախագահի, ՀԴՄ –ի հետ կապված կառավարության վերջին նիստի որոշումը խնդիրը հասկանալու և ընդառաջ գնալու քայլ էր: Ալավերդյանի բնութագրմամբ՝ ՀԴՄ-ի հարցն այնքան ծանրացել է, որ դարձել է քաղաքական գործիք. «98 թվականից ուզում ենք դնենք, չէր ստացվում, անընդհատ կիսատ-պռատ էր, ու այսօր շրջանառության մեջ են 98-ի ՀԴՄ-ները, որոնք ընդհանրապես ոչ մի պահանջի չեն բավարարում»:

Ալավերդյանի խոսքերով, այդ հիմնադրամի շրջանակներում պետք է այնպիսի գին սահմանեն, որպեսզի կարողանան օգնել հեռավոր շրջաններում գործող ՓՄՁ-ին ունենալ նոր ՀԴՄ, բայց հին ՀԴՄ-ն պետք է փոխվեն: Նա դժվարացավ հստակ պատասխաններ տալ պատգամավորին`նշել, թե ՀՀ-ում ընդհանուր առմամբ ՀԴՄ կիրառող քանի տնտեսվարող սուբյեկտ կա, քանի որ կան ակտիվ և պասիվ օգտագործողներ, բացարձակ թիվը՝ մոտ հիսուն հազար:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն էլ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ նոր սերնդի ՀԴՄ ձեռք են բերել 3700 տնտեսվարող, 2500-ը ձեռք է բերելու մինչև դեկտեմբերի մեկը:

Խաչատուր Քոքոբելյանն էլ նկատեց, թե բիզնեսի ներկայացուցիչների կողմից բացի գնից կան նաև բողոքներ, որ իրենք անձամբ չեն կարողանում ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ, քանզի, թե ինչն է պատճառը, որ բացի գործող ՊՈԱԿ-ից իրենք ևս կարողանային ձեռք բերել:

Բողոքներն ու հանրահավաքային տրամադրությունները Արմեն Ալավերդյանը բնական է համարում այն իմաստով, որ նոր հաշվարկների հետ են բախվում. «Այսօր ամեն մեկը չի կարող բիզնես անել, էստեղ նստածներից հո բոլորը չեն կարող բիզնես անել, դժվար է»:

Խաչատուր Քոքոբելյանը նորից շարունակեց. «Ստվերը ծնող հիմնական պատճառ Դուք համարեցիք ոչ փաստաթղթավորումը, կուզենայի, որ մենք միասին գայինք ընդհանուր հայտարարի, որ ոչ թե դա է հիմնական պատճառը, այլ դա ուղղակի հետեւանքն է, որովհետև փաստաթղթերի բացակայությունը ստվերի առկայության հետևանքն է, ոչ թե պատճառը: Պետեկամուտների տեսչությունը պետք է առաջնորդվի այնպիսի փիլիսոփայությամբ, որը կարողանար մարդկանց բերեր հարկային դաշտ, և այնպիսի հարկային օրենսդրություն,  որ մարդկանց ավելի ձեռնտու լիներ հարկ վճարելը, քան թե շրջանցելու մեխանիզմներ մտածելը:

Վերջին հարցին ի պատասխան Արմեն Ալավերդյանը նկատեց, որ վերջին տարիներին ՀՀ-ում լայնածավալ աշխատանքներ են տարվում հարկային օրենսգրքի մշակման ուղղությամբ: Նա համաձայնեց պատգամավորի այն դիտարկմանը, որ միգուցե պետք է կոնցեպտ փոխել, կառավարությունում էլ դրա քննարկումների հետ կապված հանձնաժողովներ ստեղծվեցին:

ՊԵԿ պաշտոնյան ասաց նաեւ, որ եկամտահարկի փոփոխությունը մեր երկրում լուրջ փոփոխություն է ու առաջին անգամ Հայաստանում ավելի քան 38 հազար գործատու այսօր իրենց հաշվարկը, յուրաքանչյուր աշխատողի համար, էլեկտրոնային եղանակով են իրականացնում: Նա դա ձեռքբերում է համարում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930