Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտի սակագնի հարցը քննարկող հանձնաժողովում միայն երկուսն են դեմ թանկացմանը

Նոյեմբեր 04,2013 17:11
Armen Pogosyan

Ներքաղաքային ուղեւորափոխադրումների սակագնի հարցը քննարկող հանձնաժողովի անդամ Արմեն Պողոսյանը դժգոհ է հանձնաժողովի աշխատանքից: Տրանսպորտի սակագնի թանկացումը կասեցնելու քաղաքապետի որոշումից 4 ամիս է անցել, բայց ըստ Արմեն Պողոսյանի, հանձնաժողովը դեռ երկու նիստ է ունեցել, քննարկել տրանսպորտային միջոցի շարժիչի արժեքը, ընթացիկ խնամքի արժեքը եւ նման ոչ առաջնային հարցեր:

«Հանձնաժողովի կազմն այնպիսին է, որ մեր շահերը պաշտպանող երկու հոգի կա: Այսինքն հանձնաժողովի 36 անդամներն էլ ներկայանում են, որ մեր շահերն են պաշտպանում, բայց 34-ն էլ շահագրգռված են, որ տրանսպորտի սակագինը բարձրացվի: Պնդում են` ծախսերը շատ են, իսկ եկամուտները` քիչ, որ որակը բարձրացնենք, պետք է գինն էլ բարձրացնենք: էլ ի՞նչ իմաստ ունի այդ հանձնաժողովը, եթե մեծամասնությունը կողմ է բարձրացմանը, իսկ հարցերն էլ որոշվում են քվեարկությամբ»,- ասաց պարոն Պողոսյանը:

Նա նաեւ պատմեց, թե ինչ են քննարկել հանձնաժողովականները երկու նիստերին. «Հանձնաժողովի հապաղելը դուրս չի գալիս: Առաջին նիստում չափորոշիչներն են որոշվել` քվեարկությամբ, երկրորդ նիստում ծախսերն են որոշվել. Օրինակ` քննարկվել է` որ մեքենան ընդունվի բազային, որ հաշվարկները դրա հիման վրա ընդունվի: Բայց չափորոշիչները քվեարկությամբ չեն որոշվում, չափորոշիչների համար կան նորմատիվային փաստաթղթեր: Ես առաջարկեցի, որ չափորոշիչների մեջ մտնի` փոխադրվող մարդկանց քանակը, տրանսպորտային միջոցի ծանրաբեռնվածության հարցը քննարկվի: Իմ առաջարկով որքան նստատեղ ունի տվյալ տրանսպորտային միջոցը, դրանից ավելի մարդկանց չպետք է տեղափոխի: Այդ հարցը չմտավ չափորոշիչների մեջ, հետաձգվեց»:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի պնդումները, թե լավ ու որակյալ տրանսպորտ ունենալու համար անխուսափելի է սակագնի թանկացումը, պարոն Պողոսյանի համար էլ նորություն չէին. «1988-ից քաղաքապետերի հետ եմ աշխատում, մեր քաղաքապետերը փոխվել են, բայց նրանց բոլորի սկզբունքը նույնն է` կործանել տրանսպորտը: Հիմա մեր տրանսպորտը հայտնվել է կործանման եզրին: Բաց թողնել ուղեւորափոխադրումը եւ թույլ տալ, թե տնտեսվարող սուբյեկտներն ինչպես կկազմակերպեն տեղափոխումը, անթույլատրելի է, բաց թողնում են միայն ջուրը, որ գնա ու ճահիճ դառնա: Մեր տրանսպորտի ոլորտում չի արվել այն, ինչ պետք է արվեր: Մեր տրանսպորտը հիմա ճահիճ է դարձել: Հիմնական խնդիրը թաքնված ուղեւորափոխադրումներն են: Հաշվարկի հիմքում ծախսերը պետք է համեմատվեն եկամուտների հետ: Եթե ծախսերն ուռճացված են , իսկ եկամուտները` նվազեցված, ստանում ենք այս պատկերը: Ունենք, չհարկվող ու չհաշվարկված եկամուտ: Այդ եկամուտը պտտվում է մի քանի հոգու գրպաններում: Եթե այդ եկամուտը ներդրվի այս գործում, թանկացման մասին խոսակցությունը չի լինի: Այդ եկամուտը 7 կամ 17 պաշտոնյայի գրպանում է, իսկ մնացած 1,5 միլիոնը տառապում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930