Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 10-րդ տուրում՝ «Էվերթոնի» հետ հանդիպման վերջնամասում, «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը չի լսել բժիշկներին եւ հրաժարվել է փոխարինել գլխի վնասվածք ստացած դարպասապահ Ուգո Լլորիսին: Դա հանդիպումից հետո խոստովանել է անձամբ մարզիչը:
Հանդիպման ավարտից 14 րոպե առաջ Լլորիսը բախվել է «Էվերթոնի» խաղացողին եւ վնասվածք ստացել: Իսկ մրցավարը դրանից հետո հիմնական ժամանակին ավելացրել է 9 րոպե: Տեղի ունեցածից անմիջապես հետո պահեստային դարպասապահ Բրեդ Ֆրիդելը պատրաստ է եղել փոխարինելու գործընկերոջը, սակայն Վիլաշ-Բոաշը հրաժարվել է լսել բժիշկների հորդորը եւ փոխարինում չի կատարել: Հետո գլխավոր մարզիչը մեկնաբանել է տեղի ունեցածը: «Բժիշկներն ինձ նշաններ էին ցույց տալիս, որ ֆուտբոլիստը չի կարող շարունակել պայքարը, քանի որ չի հիշում, թե որտեղ է գտնվում: Ուգոն հիմա էլ չի հիշում, թե այն ժամանակ ինչ է կատարվել: Բայց դարպասապահը տրամադրված էր խաղը շարունակել: Իսկ երբ մարզիկը այդպիսի ցանկություն է արտահայտում, ուրեմն պատրաստ է: Փոխարինում չկատարելու որոշումն իմն էր: Ֆուտբոլում իմ փորձն ու գիտելիքները հուշում էին, որ նա կարող է խաղը շարունակել», – ասել է Վիլաշ-Բոաշը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ