Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական լսումներ՝ եվրոպական թեմաներով

Նոյեմբեր 04,2013 17:00

Այսօր «Անի» հյուրանոցում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները անցկացրեցին «ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի եւ «Եվրոպական համայնքների եւ դրանց անդամ պետությունների` մի կողմից, եւ ՀՀ ` մյուս կողմից, միջեւ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի` ԵՄ ծրագրերին ՀՀ մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ ԵՄ եւ ՀՀ-ի միջեւ շրջանակային համաձայնագրի մասին» արձանագրության ներազդեցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներ:

«Եվրոպական համայնքների եւ դրանց անդամ պետությունների` մի կողմից, եւ ՀՀ ` մյուս կողմից, միջեւ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի` ԵՄ ծրագրերին ՀՀ մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ ԵՄ եւ ՀՀ-ի միջեւ շրջանակային համաձայնագրի մասին» արձանագրությամբ մեր երկիրը  հնարավորություն  է ստանում մասնակցություն ունենալ Եվրոպական միության այն բոլոր ընթացիկ եւ հետագա ծրագրերին, որոնք բաց են Հայաստանի մասնակցության համար՝ համաձայն այդ ծրագրերի հաստատման վերաբերյալ համապատասխան դրույթների: Արձանագրության համաձայն՝ Հայաստանը ֆինանսական պարտավորություններ է ստանձնում՝ կատարելու ներդրում Եվրոպական միության ընդհանուր բյուջեում  կոնկրետ ծրագրերին համապատասխան, որոնց ինքը մասնակցում է՝ հիմք ընդունելով տվյալ ծրագրի կողմից հաստատված չափանիշները:

Ինչ վերաբերվում է վիզաների դյուրացմանը, ապա այդ համաձայնագրի նպատակն է հեշտացնել ԵՄ երկրներ մուտքի վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին՝ 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով: «Դյուրացման ռեժիմի» տակ է ընկնում հասարակության մի մեծ խումբ՝ գիտնականներ, ուսանողներ, բուժվելու նպատակով ԵՄ երկրներ մեկնողներ, լրագրողներ, ԵՄ երկրներում առաջին կարգի հարազատներ ունեցողներ, քաղաքացիական հասարակության անդամներ եւ այլն: Բացի այդ՝ բոլոր ԵՄ մեկնողների համար մուտքի արտոնագրի վճարը համարյա կիսով չափ կնվազի՝ ներկայիս 60 եվրոյից կդառնա 35 եվրո, իսկ որոշ խմբերի համար կդառնա լրիվ անվճար` թոշակառուների, մինչեւ 12 տարեկանների,  հաշմանդամություն ունեցողների եւ էլի որոշ խմբերի համար:

Լսումների ժամանակ քննարկվեց նաեւ ՀՀ  եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը: Նշվեց, որ մինչեւ այս համաձայնագիրը Հայաստանն արդեն իսկ ռեադմիսիոն համաձայնագրեր ուներ Եվրոպայի 13 երկրների հետ, եւ այս համաձայնագրով ընդամենը ամբողջացվում է եվրոպական ընտանիքը, որի հետ Հայաստանն ունի համապատասխան համաձայնագիրը:

Այս երեք համաձայնագրերն էլ արդեն իսկ քննարկվել են Ազգային ժողովում, դրական եզրակացություններ են ստացել ԱԺ համապատասխան հանձնաժողովներում, եւ ամենայն հավանականությամբ առանց որեւէ խնդրի կընդունվեն ԱԺ մեծամասնության կողմից՝ առաջիկա նիստերի ընթացքում: Լսումների նպատակը միայն հասարակությանը ավելի մանրամասն տեղեկացնելն էր այս համաձայնագրերին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930