«Ատոմ Էգոյանը թող մտածի լավ ֆիլմեր նկարելու մասին, ոչ թե իր նման էգոիստների հետ, տաքուկ ապարանքում նստած, մեզ հեռվից հեռու խրատ տա, թե` ժողովո՛ւրդ, եկեք չճնշենք միասեռականներին, նրանք էլ են մարդ, այսպես ասած` իսան»,- անդրադառնալով աշխարհահռչակ հայ մտավորականների նամակին` ուղղված Հայաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների և աղանդավորների պաշտպանությանը, իր խիստ բացասական վերաբերմունքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես արտահայտեց գրականագետ Արտեմ Հարությունյանը և հավելեց. «Ես անձամբ ճանաչում եմ Էգոյանին: Նա ինձ մի անգամ ասաց, որ նոր ֆիլմ է պատրաստվում նկարահանել` «Արարատը», և ասաց, որ պետք է շատ զգույշ լինի, որպեսզի չվիրավորի Թուրքիային և չշարժի նրա զայրույթը: Ավելի լավ կլինի, որ նա օրինակ վերցնի հրեաներից, որոնք քարը քարի վրա չեն թողնում` ներկայացնելու ցեղասպանությունը, և լավ ֆիլմեր նկարահանի, ոչ թե վախենա Թուրքիային վիրավորելուց, մեզ էլ այնտեղից խորհուրդ տա, թե ինչպես վերաբերվենք համասեռամոլներին»:
Գրականագետը համոզված է, որ դպրոցներում պետք է պարտադիր անցկացվեն սեռական կրթության և դաստիարակության դասընթացներ. «Չադրան քաշել ենք մեր գլխին, որ ի՞նչ: Դպրոցներում 6-7-րդ դասարաններում պետք է լինեն սեռական դաստիարակության դասեր, որպեսզի երեխան 8-րդ դասարանում չհղիանա: Սեքսին ասել «քը՛խ» և փակել թեման, մեծ հանցագործություն է. հասարակությունը պետք է տեղյակ լինի, պիտի բաց և բարոյական լինի»,- ասաց Ա. Հարությունյանը:
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ, թեման շատ բարդ և արդիական համարելով, ասաց. «20-րդ դարի ամենամեծ վարակներից մեկը, ՁԻԱՀ-ից հետո, համասեռամոլությունն է: Տարիներ շարունակ մեր ազգային ոգին քանդել են աղանդներով, հիմա էլ` սրանով: Սա, ըստ երևույթին, աղանդների շարունակությունն է: Ես ուղղակի զարմանում եմ, որ այդ նամակի հեղինակները հայեր են:
Համասեռամոլությունը հակաբնական երևույթ է, իսկ եթե հակաբնական է, պետք է մեկուսացնել և բուժել: Հավատացեք` բուժվում է, պարզապես, նրանք ամաչում են: Դա վարակիչ հիվանդություն է, և եթե չենք մեկուսացնում հիվանդներին, վարակը տարածվում է: Իսկ ինչ վերաբերում է այդ նամակին, մենք պահանջում ենք, որ այլևս նման բովանդակությամբ նամակներ չուղարկեն Հայաստան, պահեն իրենց գզրոցներում»:
Կարդացեք նաև
Արտեմ Հարությունյանը նույնպես կարծում է, որ բազմաթիվ խնդիրներ ունեցող մեր երկրին պետք չեն այդպիսի նամակներ. «Ընդհանրապես, նամակները, որոնք հրահրում են մեծ կապիտալիստական երկրների զավակները՝ ազատություն տալ խեղճ ու կրակ արվամոլներին, մեզ պետք չեն: Այդպիսի նամակ գրողները հաճախ չեն պատկերացնում այն երկրների վիճակը, որոնց ուղղում են իրենց նամակները: Թող Էգոյանն ու Թանգյանը միավորվեին և նամակ գրեին աշխարհի տարբեր գերտերություններին այն մասին, թե ինչպես է շրջափակված Հայաստանը, թե ինչպես է Ադրբեջանը միլիարդների զենք գնում, որպեսզի սառնասրտորեն ռմբակոծի Ստեփանակերտն ու ոչնչացնի այնտեղի հայ բնակչությանը: Մեզ այսպիսի նամակներ են պետք, մենք բազմաթիվ խնդիրներ ունենք»,- համոզված է գրականագետը:
Նա նաև առաջարկեց փոխել նամակի բովանդակությունը և հանդես եկավ կոչ-պահանջով. «Եթե ուզում են Հայաստանին օգնեն, թող ճշմարիտ ձևով օգնեն, թող նրան չնայեն որպես լաբորատորիայում փռված ճագարի, որի վրա կարելի է էքսպերիմենտներ անել: Հայաստանը հինավուրց, իմաստուն ազգ է, որը հազար հատ էգոյան ու ճագար է կուլ տվել` մնալով իրական, մաքուր և խելոք: Թող խելոք մնան»:
Համենայն դեպս, նա առաջարկեց նամակի մի մասը պաշտպանել. «Ինչպիսին էլ լինի միասեռականը, նա մարդ է, որի մասին պիտի հոգա պետությունը, ոչ թե ստորացնի` այս ու այն կողմ քշելով նրան: Երբ մենք ամենախիստ պատժամիջոցների կոչ ենք անում, նրանց դարձնում ենք գազան, սակայն պետք է բուժել, թեթևացնել, հեշտացնել նրանց տառապանքները»,- ասաց Ա. Հարությունյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ