2014 թվականի պետական բյուջեի նախագծով հաշվարկած մոտ 95 միլիարդ դրամ եկամուտներ հավաքելը, որը ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, առանց հարկային խստացված ճնշումների է լինելու, իրականում լավ էլ խստացումների շնորհիվ է հավաքագրվելու:
Այսօր «Բլից» ակումբում պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե 95 միլիարդն արդյոք ստվերի կրճատման հաշվին կհավաքվի, տնտեսագետ Սամվել Ավագյանն ասաց, որ եթե ՀՀ վարչապետն ուշադիր կարդա բյուջեի նախագիծը, կտեսնի որ հարկային առումով, իրականում կան խստացումներ. «Հարկային եկամուտների մասով բյուջեում նախատեսված է մոտ 95 միլիարդ դրամ, որի մի մասը պետք է հավաքեն վարչարարության շնորհիվ, մի մասը պետք է հավաքեն գների բարձր աճի շնորհիվ, այսինքն՝ մոտավորապես, իրենց իսկ գրված ցուցանիշներով, միայն վարչարարության շնորհիվ 17 միլիարդ դրամ է, որը բարձր ցուցանիշ է, նախորդ տարիներին նման բան չի եղել: Եկամտային հարկի շնորհիվ 10-15 միլիարդ ավել հարկ կհավաքվի, գումարած դրան`5% մասհանումները, որ պետք է կատարվեն պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերին, որը եւս մարդկանց եկամուտների նվազեցում է նշանակում: Այսինքն` սոցիալական ուղղություններով կառավարությունը ծախսերը ընդլայնել է, բայց մարդկանց եկամուտների վրա հարկումը խստացվել է, ու կարող է այնպես ստացվի, որ որոշ խավեր իրենց վրա բարելավում չզգան, այլ` վատթարացում: Ընդհանուր առմամբ, կառավարությունը նախատեսում է մոտ 1% ՀՆԱ-ում ավելացնել հարկերի կշիռը, ինչը նշանակում է հարկային քաղաքականության խստացում` քաղաքացիների ու բիզնեսի նկատմամբ»:
Տնտեսագետի խոսքերով` եկող տարվա բյուջեի հիմքում աշխատավարձերի ու կենսաթոշակների աճն ավելի բարձր է դրված, քան գնաճն է, սակայն դա դեռ չի նշանակում, որ այդպես էլ լինելու է: Այսինքն, ըստ Սամվել Ավագյանի, 5.5% միջին գնաճն է, իսկ կենսաթոշակների ավելացումը՝ 15%, արտաքուստ թվում է թե կենսաթոշակառուների վիճակը կբարելավվի, սակայն խնդիրն այն է, որ բյուջեում կենսաթոշակների եւ աշխատավարձերի աճը դնում են հաստատուն թիվ, հետո չեն փոխում, իսկ գնաճն ընդամենը կանխատեսում է եւ հնարավոր է եկող տարի գնաճը լինի ոչ թե 5.5%, այլ` 15.5%. «Դրա համար երաշխիք չկա, որ բարելավում կլինի, կախված է նրանից, թե գնաճի տեմպը որքանով կհաջողվի զսպել, եթե այս տեմպերով գնա, բնականաբար, այդ 15% ավելացումը մարդկանց շատ քիչ բան կտա»:
Մանրամասն` տեսանյութում
Aravot.am-ի այն հարցին, թե ինչու կառավարությունը չկարողացավ ՀՀ նախագահի ասած տնտեսության 7% աճն ապահովել, եւ ինչո՞ւ նախագահը հենց այդ թիվն ասաց, պարոն Ավագյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն այդ հայտարարությունն արել էր այն ժամանակ, երբ Հայաստանի տնտեսական աճի տեմպը դեռ անկում չէր ապրում, եւ հայտարարությանը նախորդած ամիսներին դեռ ամեն ինչ լավ էր. Ինքը հիմնվել է նախորդ ամիսների կատարողականների վրա, համոզված էր, որ այդպես կշարունակվի: Ընդհանուր առմամբ, դա պլանային տնտեսության ղեկավարի հոգեբանություն է»:
Պարոն Ավագյանի դիտարկմամբ` կառավարությունը չունի լուրջ մեթոդոլոգիա՝ 1 տարվա կտրվածքով կանխատեսումներ անելու, եւ այս տարի էլ չիրականացան նախորդ տարվա կանխատեսումները, ինչը կլինի նաեւ եկող տարի:
Մեր այն հարցին էլ, թե ինչ պետք է նախատեսեր կառավարությունը եկող տարվա բյուջեում, որը չի արել, տնտեսագետն ասաց, որ զսպողական քաղաքականությունից պետք է անցնել ընդլայնողական քաղաքականության, ինչը, սակայն, արժույթի միջազգային հիմնադրամն ուղղակի թույլ չի տալիս: Իսկ բյուջեի կառավարության պլանավորած զսպողական բյուջեն կհարվածի տնտեսական աճին.«Ես կողմնակից եմ, որ բյուջեն պետք է դառնա ակտիվ գործիք գործընթացներին միջամտելու համար, դրա համար բյուջեն մեծ ռեսուրսներ ու լծակներ ունի ու շատ երկրներ դա օգտագործում են: Բայց ԱՄՀ-ն, որի հետ մենք աշխատում ենք, չի խրախուսում նման քաղաքականություն, եւ ստիպում է այն երկրներին, որոնց վարկավորում է, անցնել զսպողական քաղաքականության, կրճատել դեֆիցիտը, ու ընդհանրապես բյուջեի միջոցով հնարավոր միջամտությունը տնտեսական համակարգին հասցնել նվազագույնի»:
Պարոն Ավագյանի ներկայացմամբ` Հայաստանը չի կարող հրաժարվել ԱՄՀ-ի պարտադրած քաղաքականությունից, քանի որ հնարավոր է զրկվի ֆինանսական աջակցությունից: Իսկ շատ երկրներ, ինչպես ներկայացրեց տնտեսագետը, գնացել են ընդլայնողական քաղաքականության, եւ բավականին մեծ աճ ապահովել:Այդ թվում նաեւ Թուրքիան կարողացել է դուրս գալ ԱՄՀ-ի ճնշման տակից, բայցեւ չի զրկվել ֆինանսական աջակցությունից ու այսօր եվրոպական շուկայում բավականին մրցունակ է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ