Ինչպես հայտնի է` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստերով քննվում է բռնաբարության փաստով հարուցված քրեական մի գործ, համաձայն որի, 2011թ սեպտեմբերի 11-ին Գյումրու թիվ 18 երթուղու 27-ամյա վարորդը գիշերը ժամը 12.00-ի սահմաններում բռնաբարել է իր ընկերուհուն` հետագայում հրաժարվելով նրա հետ ամուսնանալ:
25-ամյա աղջկա շահերը ներկայացնող հանրային պաշտպան Ռազմիկ Շիրոյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց հետևյալը. «Այդ տղայի հետ տուժողը մոտ հարաբերությունների մեջ է գտնվել, ընկերություն են արել, տղան խոստացել է, որ իր հետ կամուսնանա: Այդ օրը գնացել են Շիրակի մարզի Շիրակ գյուղ ընկերոջ տուն, հետ վերադառնալուց տղան բավականաչափ ալկոհոլ է օգտագործած եղել, ճանապարհը թեքել է, գիշերը ժամը 12-ի կողմերը աղջկան առաջարկել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Աղջիկը հրաժարվել է` ասելով, թե հետագայում, որ ես եկա ձեր տուն, ծնողներիդ ինչպե՞ս ապացուցեմ, որ ես կույս եմ եղել, ու այդ տղան սկսել է թևերը ոլորել: Աղջիկը անկախ իրենից սկսել է բղավել, սակայն կողք-բոլորը մարդ չի եղել, ու տղան նրան բռնաբարել է, բերել-տուն է իջեցրել: Կես ժամ հետո աղջկա վիճակը վատացել է, սկսել է արյունահոսել, տարել են հիվանդանոց, բժիշկները համապատասխան օգնություն են ցույց տվել ու դուրս են գրել: Աղջկա հարազատները` մայրն ու տատը, գիշերվա ժամը 1-ին կամ 1.30-ի սահմաններում զանգահարել են էդ տղային, թե արի, աղջկա վիճակը լավ չէ, տղան հրաժարվել է գալուց: Երկրորդ օրը գնացել է աղջկա տուն, ասել է` ես տեր եմ իրեն, ես համոզվեցի, որ ինքը կույս է, հիմա չեմ կարող ամուսնանալ, մի 6 ամսով գնամ Ռուսաստան, փող աշխատեմ, բերեմ ու կամուսնանանք: էդպես գնում է, կապերը խզվում են, մեկ-մեկ է զանգ տալիս, թե գալիս եմ, գալիս եմ: Հետո աղջիկը համոզվում է, որ այդ տղան իր հետ ամուսնացողը չէ, բացի դրանից, աղջկան մի քանի անգամ խնամախոսներ են գալիս, էս տղան և իր ընկերները աղջկա հասցեին վարկաբեկիչ տվյալներ են հաղորդում, նրանք էլ թողնում-գնում են: Դա էլ առիթ է դառնում, որ աղջիկը գա ոստիկանություն ու հաղորդում տա»:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, որը նախատեսվում է ազատազրկում 3-6 տարի ժամանակով:
Հանրային պաշտպանը մեզ տեղեկություններ հաղորդեց նաև դատական պրոցեսի ընթացքի վերաբերյալ: Ըստ նրա, դատարանն արդեն լսել է ամբաստանյալին, որը հրաժարվել է ցուցմունք տալուց` ասելով. «Ես չեմ արել և ձեր հարցերին չեմ պատասխանում»:
Կարդացեք նաև
Դատարանը լսել է աղջկա տատիկին, բժշկուհուն և դեռ երկու վկաներ կան , որոնք պիտի հարցաքննվեն, մեկը` բուժքույրն է, մյուսը` աղջկա հորաքույրը: «Դատաբժշկի եզրակացություն կա, որ կուսաթաղանթը նոր է խախտված, և հիվանդանոցում են դա արձանագրել, հետո դատական բժիշկն է եզրակացության մեջ նշել, որ նշված ժամկետում է խախտվել կուսաթաղանթը: Ինքը կտրականապես ոչ միայն բռնաբարությունից է հրաժարվում, այլ ասում է, որ ընդհանրապես աղջկա հետ սեռական հարաբերություն չեմ ունեցել: Աղջիկը և էդ տղան տուժողի հորաքրոջ հետ զրուցել են գազելի մեջ, և աղջիկը ձայնագրել է զրույցը: Հորաքույրը սկսում է ահ տալ, տղան արդարանում է, թե ես տեր եմ, ես իր հետ եղել եմ, գիտեմ, որ ինքը կույս էր , հանկարծ միլիցիա չգնաք…Ու այդ ձայնագրությունը մենք ունենք, մյուս դատական նիստի ժամանակ կներկայացնենք դատարանին: Ես այդ տղային նախորդ դատական նիստի ժամանակ հարցրեցի` ի՞նչ ես հասկանում` «ես նրա հետ եղել եմ» արտահայտության տակ: Ինքը մեկնաբանեց, թե սեռական հարաբերություն ունենալ եմ հասկանում:Հիմա ես այդ ձայնագրությունը ներկայացնելու եմ դատարանին` տեսնեմ ինչպե՞ս է կտրականապես հրաժարվում իր արարքից», -ասում է հանրային պաշտպանը:
Ի դեպ, ըստ նրա, Գյումրիում բռնաբարության դեպքեր հազվադեպ են լինում, իսկ վերջին 5-6 տարվա ընթացքում հանրային պաշտպանը նման դեպք համարյա թե չի հիշում:
Հավելենք նաև, որ աղջիկն ու տղան հարևաններ են, 100 մետր հեռավորության վրա են ապրում, աղջիկը սովորում է բժշկական քոլեջում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ